Sunday, January 29, 2012

Թղթապանակը

  Թղթապանակ. սև, կտորե թղթապանակ... ՆԱյի մասունքը... Երբեմն թվում էր` ահա ՆԱ պիտի գա ու վերցնի իր թղթապանակը... Բայց դեռ երկար ժամանակ ՆԱյի մատներն այդ սև, բայց լուսավոր իրին չէին դիպչելու: Նանեն երկար նայում էր թղթապանակին և հիշում իրենց զբոսանքները, երբ ՆԱ մշտապես մի տեղ էր փնտրում, որպեսզի դնի այն և գրկի Նանեին: ՆԱն Նանեին մի ձեռքով էր գրկում, ասես այդ թղթապանակի քաշին լիներ: Թղթապանակը չէր խանդում. այն միայն երջանիկ էր Նանեին ու ՆԱյին միասին տեսնելով: Երբ այն լսեց, թե ինչպես է Նանեն խնդրում իրեն տալ ՆԱյի թղթապանակը, որպեսզի կարոտն առնի ՆԱյից, այն ջերմություն և կապվածություն զգաց այդ աղջկա նկատմամբ... Որերորդ օրն էր, այն ապրում էր Նանեի մոտ և շատ լավ էր իրեն զգում... Թղթապանակն էլ էր կարոտում իր տիրոջը, երբ ՆԱ մեկնում էր, սակայն հիմա այն այդ կարոտը կիսում էր Նանեի հետ: Նանեն շատ լավ էր վերաբերվում իրեն. անգամ իր հին վերքն էր տեսել և նորոգել: Թղթապանակը երջանիկ էր: Երեկոյան, երբ Նանեն պառկում էր քնելու, բարձի կողքին տեղավորում էր ՆԱյի թղթապանակը, մտովի պատկերացնում ՆԱյի մեծ ձեռքերը` թղթապանակը բռնած, ժպտում էր և քնում... Թղթապանակը ևս հիշում էր տիրոջ ձեռքերը, որոնցից մեկով իրեն էր գրկում, իսկ մյուսով` Նանեի բարակ ձեռքը: Եվ այդպես, Նանեն և թղթապանակը միասին կարոտում էին, իրար հետ կիսում կարոտը... Նրանք հասկանում էին իրար. Նանեն Նայի կարոտն առնում էր թղթապանակից, իսկ թղթապանակը` Նանեից...

No comments:

Post a Comment