Thursday, June 28, 2012

Սպասե’ք ձեր սիրելիներին. մաս 2

- Այսօր հետաքրքիր դաս ենք անցկացնելու, – ասաց սպիտակահեր դասախոսը` ամբիոնի մոտ անցնելով: – Այսօր ձեզ կարդալու եմ համբերության և հավատարմության դասախոսություն:

Այդ պահին լսարանի հետևից մի քանի տղա ծիծաղեցին: Դասախոսը չլսելու տվեց: Մոխրագույն բաճկոնի ներքին գրպանից դեղնած թղթերի մի փոքրիկ կապոց հանեց և դրեց սեղանին, մաքրեց կլոր ապակիներով ակնոցը և շարունակեց.
- Նախորդ դասին խոսեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմի և ժամանակակից աշխարհի վրա բերած աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին: Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ փոփոխություններ այն մտցրեց մարդկանց սրտերում և ինչպես բեկեց բազմաթիվ ճակատագրեր:
  Այդ պահին դասախոսը հուզված էր երևում: Նա վերցրեց թղթերի կապոցը, հանեց խնամքով ծալված մի նամակ և սկսեց կարդալ.
  - Սիրելի’ս, ինչպե?ս ես…. Այնքան եմ կարոտել քեզ… Ների’ր անվերջ բազմակետերիս համար…. Չեմ կարողանում վերջակետ դնել, քանի որ քեզ շատ եմ սիրում,իսկ սերը սահման չի ճանաչում……անհամբեր սպասում եմ քո վերադարձին…..այնքան եմ ուզում գրկել քեզ ……դու տարածության մեջ անհայտացել ես, բայց չես էլ մտածում ,որ ընդամենը իմ սրտում ես մոլորվել….բայց դա երկար չի տևի….մի քանի տարի առաջ կարդում էի Դյումայի հրաշալի մտքերից մեկը. <<Ջահելությունը ծաղիկ է …..սերը` պտուղը նրա …..երաջանիկ է այն այգեգործը, ում մոտ այն դանդաղ է հասնում>> ………մեր սերը չափազանց հասուն է …….դա է ինձ ապրեցնում ………մի քիչ վախ կա իմ մեջ` ցուրտ ձմռան հետ կապված ……..չեմ ուզում, որ դա վնասի մեր վերեկրային զգացմունքներին…. Սիրում եմ քեզ, հրեշտա’կս….
  Լսարանը լուռ էր. բոլորը զգում էին այն սերը, որի մեջ թաթախված էին այդ դեղնած թղթերը:
  - Այս տողերը Երկրորդ համաշխարհային պատերազմի երիտասարդ զինվորը գրել էր իր սիրելի աղջկան` Լիլիային:
  - Իսկ ի?նչ է եղել նրանց հետ: Նրանք միասի?ն են, – հանկարծ լսվեց լսարանից:
  - Ձեր հարցի պատասխանն այս նամակում է,- պատասխանեց դասախոսը և կապոցից գեղեցիկ, մանր ձեռագրով գրված մի նամակ հանեց: – Լսե’ք, սա Լիլիայի պատասխանն է տղայի տասնյակ նամակներին:
   <<Ների’ր… Եթե, իհարկե, կարող ես… Ների’ր,որ թույլ էի, որ սիրտս թույլ էր: Ես էլ չեմ կարող սպասել… Չեմ կարող… Մանավանդ, որ հնարավոր է` չգաս… Ների’ր թերահավատությանս համար: Ես նշանվել եմ: Մի քանի օրից հարսանիքս է: Ստացա հերթական նամակդ: Չկարողացա չպատասխանել այն նամակին, որում հուսահատ երեխայի պես խնդրում ես պատասխանել քեզ…որտեղ հայտնում ես, որ վիրավոր ես… Ների’ր… Ես առողջ ամուսին եմ ուզում, առողջ ընտանիք: Այլևս չգրե’ս ինձ. ես հարսանիքի պիտի պատրաստվեմ: Ների’ր… Առողջություն և երջանկությու’ն քեզ>>:
  Այս նամակից հետո զինվորը հուսահատ վիճակում էր, սակայն ձեզ ծանոթ <<Ես և Նա>>-ի սյուժեն այստեղ տեղ չգտավ: Նա պայքարեց: Նրան ասում էին, որ վիրավոր ոտքը գուցե չլավանա, որ նա կարող է մեկ ոտքով մնալ, սակայն նա որոշել էր, որ պիտի ապրի, որ ոտքերն ամուր ու առողջ պիտի լինեն: Այդպես էլ եղավ: Չնայած նա փոքր-ինչ կաղում էր, ամենաակտիվ դիվիզիաների հետ հասավ ամենաթեժ կետեր և շատ թշնամիների սպանեց: Դրսից` ուժեղ, ներսից` դատարկ ու կոտրված: Պատերազմից հետո նա չգիտեր` ինչպես ապրել. պատերազմը նրա ապրելու իմաստն էր դարձել, իսկ դրա ավարտից հետո… Նա վերադարձավ տուն, ստացավ բարձրագույն կրթություն և շատ հաջողությունների հասավ, բայց պատերազմի ու դավաճանության ստվերնեը շարունակում էին ուղեկցել նրան: Նա չէր կարողանում անձնական կյանքը դասավորել, նա վախենում էր կրկին հայտնվել հուսահատ վիճակում: Մի օր նա հանդիպեց Լիլիային: Նիհարած, չոր ձեռքերով, սփրթնած, էժանագին չթե զգեստով, ձեռքին` մոտ երկու տարեկան երեխա: Մոտեցավ նրան: Գումար էր մուրում: Չճանաչեց նրան: Լիլիային խնդրեց պատմել իր կյանքից: Ասաց, որ ամուսինը հարբեցող է, ընտանիքում հինգ երեխա կա, իսկ ինքը աշխատանք չունի,ամուսինն էլ բացի հարբելուց ուրիշ ոչինչ չի անում: Գրպանից հանեց եղած-չեղածը և տվեց կնոջը: Նախկին զինվորը նայեց Լիլիայի աչքերի մեջ այն նույն հայացքով, որով նայում էր շատ տարիներ առաջ, երբ ամեն ինչ հեքիաթային էր: Լիլիայի աչքերը լցվեցին: Նա կախեց գլուխն ու հեռացավ:Այդ օրվանից նա այլևս չտեսավ Լիլիային: Նա շարունակում է ապրել անցյալի զարհուրելի պատկերներով և չի կարողանում բուժել հին վերքերը: Նրա տունը սառն է ու դատարկ: Սիրած մարդը չսպասեց: Ըստ նրա` Լիլիայի բերանով ճակատագիրն էր խոսում, այդ է պատճառը, որ նա նետվում էր ամենավտանգավոր կետեր` անտեսելով վնասված ոտքը: Նման վերքերը չեն բուժվում, հարգելինե'րս: Ցանկացած զինվորի համար կարևոր է այն, որ նրան սպասում են, շարունակում են սիրել և կարոտել: Շատ զինվորներ բախվեցին նմանատիպ դեպքերի հետ: Նրանք փոխվեցին… Հավիտյան փոխվեցին:
  - Պարո’ն Հովսեփյան, իսկ Դուք որտեղի?ց գիտեք այս պատմությունը, այն էլ` այսպիսի մանրամասներով, – հարցրեց առաջին նստարանին նստած ուսանողուհին:
  - Գիտեմ… Պարզապես գիտեմ, – ասաց դասախոսը և լսելով զանգի ձայնը` կաղալով դուրս եկավ լսարանից:

Monday, June 25, 2012

Կարմիր փեշով կինը

   Քամին տարօրինակ մի մեղեդի էր սուլում: Երկար կարմիր զգեստի փեշերն ալիքների նման ծածանվում էին անառակ քամու ձեռքերում: Թեթև, եթերային փեշ, որ արյան նման ծորում էր բարձրահասակ այդ տիկնոջից: Դեմքը ոչինչ չէր արտահայտում: Ոչ գեղեցիկ, բայց հմայիչ այդ դեմքի վրա ոչ մի արտահայտություն չէր նշմարվում: Արնո'տ տիկին, ո'վ ես դու... Ձեռքերը ճերմակ էին, երկար մատները նման էին սառցի կտորների, որ թվում է, թե հիմա կճաքեն: Կանգնած ամայի կամրջի վրա` նրա բարակ մատներում ասես օդից մի գլանակ է հայտնվում, որը դժվարությամբ վառում է և հենվում կամուրջն ամուր գրկած  վանդակապատերին: Ծուխը, ճկուն վիշապի պես գալարվելով, սողում էր նրա ամայի երեսն ի վեր ու անէանում լուսնի ափսեի մոտ: Շոկոլադի գույն ունեցող երկար մազերը նրբորեն հյուսված էին և մի կողմից գրկում էին նրա երկար պարանոցը: Լանջաբացվացքն ի ցույց էր դնում կնոջ փոքր կուրծքը, որն անկանոն վեր ու վար էր անում: Պարանոցին ննջում ու ոչ մի արտասովոր բան չէր զգում կարմիր սուտակներով զարդարված ապարանջանը: Ոսկրոտ քթի տակ տեղակայված նեղ շուրթերն անշարժ էին: Միայն երբեմն բոլորվում էին գլանակի շուրջ և կրկին անշարժանում: Աչքերը փակ էին. ասես վախենում էր դրանք բացել: Ուսերը նեղ էին, նուրբ, ինչն այնքան էլ չէր սազում դեմքի կտրուկ դիմագծերի հետ: Բարակ իրանը սեղմված էր կարմիր ատլասե գոտիով, որ տենչում էր փախչել անառակ ու խելագար քամու հետ...
   Ծածանվում էր կարմիր փեշը... Հոսում էր արյան պես... Վե'րջ, գլանակն էլ սպառվեց: Ու կինը կարծես ուշքի եկավ: Կոպերը դողացին: Ապա բացեց... Նա բացեց իր աչքերն ու վեր նայեց լուսնին... Այդ աչքերը... Ոչ մի գրող չի կարող նկարագրել այդ աչքերը, չնաշխարհիկ, բայց միաժամանակ սարսափելի աչքերը: Լուսնագույն աչքերի մեջ խտացել էին աշխարհի բոլոր զգացմունքները: Բայց հիմա դրանք աղերսող էին, դժբախտ, ատելությամբ լի, բայց միաժամանակ նաև այնքա~ն գեղեցիկ, որ հմայելով կարող են հասցնել խելագարության և սպանել: Բոլոր աստղերը խամրեցին: Երկնքի սև խեժն սկսեց ծորել շրջակա ամեն ինչի վրա` թողնելով միայն լուսնին, կնոջը և կամուրջի այն վանդակապատը, որին կեռերի նման կառչել էին կարմիր զգեստով կնոջ սառած մատները:
   Նրա աչքերը նայում էին լուսնին, սակայն լուսին չէին տեսնում: Նա չէր տեսնում ոչինչ: Նրա աչքերում գրված էր մի պատմություն, որ սարսափելի էր այդ աչքերի դատարկության նման: Աչքեր, որ լիքն են հենց այդ դատարկությամբ....որ դատարկվում են զգացմունքների, ապրումների այդ լիությունից...
   Կարմիր փեշը շարունակում էր արյան պես իջնել գետնին: Նա նայում էր լուսնին. ասես լուռ երկխոսության մեջ էր մտել նրա հետ և նրան էր տալիս արդեն երկար ժամանակ իրեն տանջող հարցերը: Երեք լուսին... Մեկը երկնակամարում, իսկ մյուս երկուսը` այստեղ` երկրի վրա` նրա դեմքին: Ո'վ ես դու, կարմի'ր տիկին, արնո'տ տիկին: Նա իջեցրեց գլուխը: Այդ ժեստի մեջ այնքան հուսահատություն կար: Քամին սկսեց ցրել նրա երեսի վրայով դանդաղորեն իջնող կաթիլները` դառը, հուսահատ... Ի?նչ ես պատրաստվում անել, կարմիր զգեստով խորհրդավո'ր կին, ո?վ ես դու...
   - Ես Հույսն եմ, - շշնջացին նրա սառած շուրթերը:
   Սկզբից աջ ոտքը դրեց վանդակապատին, ապա ձախը... Քամին ավելի ուժգնորեն էր ծածանում կարմիր զգեստի երկար փեշը...Փակեց աչքերը... Հիմա միայն մի լուսին կա...այն էլ` երկնքում...

   Առավոտ... Լուսաբացին մոռացվում է գիշերը... Արևը նորից վառում է այն, ինչ հանգցրել է գիշերը, ում թունավորել է իր սև խեժով...

Wednesday, June 6, 2012

Լողա', իմ նավա'կ...


 Նամակ եմ քեզ գրում... Բայց թղթի այս կտորն անզոր է քեզ փոխանցելու այն ամենը, ինչ ես զգում եմ: Գրում եմ նամակս ու փոքրիկ նավակի վերածում, որ այն իմ ծով զգացմունքների միջով լողա ու հասնի քեզ: Իմ փոքրի'կ նավակ, իմ չքնա'ղ նավակ:
  Կարոտել եմ քեզ... Մի քանի օր մնաց: Բայց ամեն գալուստ նոր բաժանման շունչ է բերում, ու իմ փոքրիկ նավակը նորից ու նորից պիտի նավարկի իմ և քո սիրո օվկիանում` քեզ բերելով իմ սիրտը: Ամեն անգամ, երբ նստում եմ քեզ նամակ գրելու, ձեռքերս սկսում են դողալ, գլխումս միլիոնավոր մտքեր են սկսում ծնվել, սիրտս իրար է խառնվում, և արդյունքում մնում են զառանցքի պես գրված սևագրեր: Բայց այս նամակն ուրիշ է: Այն փոքրիկ է, բայց այն մի ամբողջ օվկիանոս է անցել, հաղթել է ահեղ ալիքներին, դիմացել է օվկիանի աղի արցունքներին ու քեզ է բերել իմ կարոտած սիրտը:
  Հախվերդյանը երգում էր. <<Իմ փոքրի'կ նավակ, իմ փոքրի'կ նավակ, դու հասա?ր արդյոք ծովին կապուտակ, թե? ճանապարհին կործանեց քամին, ու դու քնեցիր հատակին...>>: Երևի նրա նավակն այնքան ուժեղ չէր, ինչպիսին իմ փոքրիկ նավակն է. այն լիքն է. լի է կարոտով, սիրով, նրբությամբ, քնքշությամբ, հավատարմությամբ, նվիրվածությամբ...  Հոգի'ս, բա'ց դռներդ: Բացի'ր դրանք, որ իմ նամակը բերող փոքրիկ նավակը գա քեզ մոտ, բացի'ր դռներդ ու տե'ս, որ սպասում եմ քեզ, որ անսհաման կարոտել եմ: Իմ նավակը, որն այնքան լի է զգացմունքերով, քեզ ընդամենը երեք բառ է բերելու. ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ... Դու գիտես... Դու կհասկանաս... Ավել ոչինչ էլ պետք չէ...



  Լողա', իմ նավա'կ, լողա' դեպի նա,
  Տա'ր նրան սրտիս սերը և կարոտը հոգուս,
  Գնա', իմ նավա'կ, այստեղ մի' մնա,
  Գնա' այնտեղ, որտեղ Նա է քեզ սպասում...