Friday, October 26, 2012

Անձրևային արևը

   Հետաքրքիր բան է կյանքը. երեկ անհոգ երեխա էի` տարված իմ երազանքներով, աշխարհի  և իրերի սեփական ընկալմամբ: Իսկ այսօր... Այսօր այդ աշխարհն այնքա~ն այնքան է փոխվել... Այլևս չկա ԵՍ, կա ՄԵՆՔ, կա ՆԱ... Կան երազանքներ, որոնք կապված են Նրա հետ, կան պատկերացումներ, որոնք ընդհանուր են դարձել, կա ՄԵՆՔ, որ փազլի կտորների նման <<բռնում են>> իրար, ատամիկներն ու փոսիկները ներդաշնակաբար լրացնում են միմյանց... Հայտնվում է Նա, ու քո ամբողջ կյանքը կյանքով է լցվում... Սիրում եմ Նրան...

   Կինոթատրոնից դուրս գալու ժամանակն էր: Դրսում մանր, բայց բավականին թաց անձրև էր գալիս: Արդեն մթնում էր: Նրա զանգն, ինչպես միշտ, ջերմացրեց ինձ. ասաց, որ կսպասի: Մարդաշատ մուտքից դուրս եկա և տեսա Նրան... Աստվա~ծ իմ, որքա~ն հարազատ է Նա... Անձրևի տակ կանգնած սպասում էր ինձ Նա` իմ երազանքը, իմ իրականությունը, իմ տղամարդը... Այս դարում ամենքը չէ, որ տղամարդ կարող է կոչվել, իսկ Նա... Մի պահ կանգ առա... Շուրթերին ժպիտ ուրվագծվեց... Անձրևի միջից փայլեց իմ արևը: Շունչս կտրվում էր երջանկությունից, թվում էր` սիրտս ուր որ է դուրս կթռչի կրծքավանդակիցս: Վազեցի և ամու~ր-ամուր փաթաթվեցի Նրան... Իմ հարազատը, իմ բարին, խելացին... Իմ հերո~սը: Սիրում եմ Նրան կյանքիցս շատ... Եվ անգամ սա գրելիս մատներս երջանկությունից դողում են, չգիտեմ` ինչպես բառերի տեսքով արտահայտեմ այն ամենը, ինչ կա հիմա իմ սրտում, հոգում, գլխում: Գրկել էի և ցանկանում էի տալ Նրան այն ամենը, ինչ ունեի, ինչ կարող եմ ունենալ, հոգիս, էությունս, ամեն-ամեն ինչս... Նա լավագույնն է... Եթե միայն Նա կարողանար իմ աչքերի միջով տեսնել ինքն իրեն, Նա կհասկանար, թե որքան թանկ է, որքան հարազատ և անփոխարինելի: Ուզում եմ գոռալ, բայց գիտեմ, որ չկա դրա կարիքը. Նա հայացքիցս էլ հասկանում է, թե ինչ եմ ուզում ասել իրեն... Սիրում եմ... Սիրում եմ... Սիրու~մ եմ...Նրա~ն... Ամեն առավոտ աչքերս բացում եմ և համոզվում, որ հրաշքս իրական է, և շնորհակալություն եմ հայտնում, որ Նա կա, որ Նա իմ կյանքում է և ես` Նրա կյանքում: Նա~... Բառերն անզոր են...պարզապես չեն կարող արտահայտել այն, ինչ կա մեջս... Եվ այս պահին ընդամենը մի նախադասություն է դուրս պրծնում իմ շուրթերից. ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՀԵՐՈ'ՍՍ, МОЙ САМЫЙ ЛУЧШИЙ ИЗ МУЖЧИН!!!

Monday, October 22, 2012

Մարդը` ափից դուրս. Հուսահատ մարդու ձեռագրերից


Հուշատետր


Նախաբան


   Բարև’, իմ ընթերցո’ղ: Եթե դու հիմա սա կարդում ես, նշանակում է` ես արդեն արել եմ այն, ինչի մասին երազում էի դեռ մանկուց: Ես վերջապես կարող եմ կոչվել մարդ` ափից դուրս: Իսկ դու ափի մեջ ես, իմ ընթերցո’ղ, դու խոցելի ես, դու ինքդ քոնը չես, դու ապրում ես այն ամենով, ինչը քեզ պարտադրել և պարտադրում են: Իսկ ես ազատ եմ... Ես չունեմ վախեր, ես չեմ ատում ոչ ոքի, ոչ մեկի հանդեպ քեն չեմ պահում, ոչ ոքի ոչինչ պարտական չեմ, ես ոչ ոքինն եմ... Ես եմ, իմ հոգին, իմ մտքերը, իմ արարքները, իմ կյանքը... Ես եմ ու Աստված... Անգամ ճակատագիր կոչվածն է ինձանից հեռու: Ես ազատ եմ: Մեծն փիլիսոփաները միշտ էլ խոսել են այն մասին, որ ոչ մի մարդ պատրաստ չէ ազատ լինել, քանի որ դա նրա վրա է բարդում պատասխանատվության ծանր բեռը, որն արդյունքում դառնում է անազատություն...
Որքան տարօրինակ պարադոքս է, այնպես չէ?, իմ ընթերցո’ղ... Մարդիկ վախենում են ազատ լինելուց, որովհետև մեկ է անազատ են մնում: Իսկ ես ազատ եմ լինելու... Ես ազատվելու եմ ամեն կապանքից, դեն եմ նետելու այն ամենը, ինչն ինձ դնում է այլ մարդկանց ափի մեջ: Կանխատեսելիություն, կարծրատիպեր, նախապաշարմունք, ատելություն, թշնամանք, ավանդույթներ, վախեր, երազանքներ և սեր. ես ազատվել եմ դրանցից, եթե հիմա դու սա կարդում ես: Ես ազատվել եմ նաև վեհաշուք և ճոռոմ բառերից ու հիմա քեզ հետ խոսում եմ իմ ազատության պարզ ու հասկանալի լեզվով:
Եվ ահա այդ լեզվով ես գրել եմ իմ այս հուշատետրը, որում քեզ կպատմեմ այն մասին, թե ինչ ճանապարհ եմ անցնում դեպի ազատություն և ինչու չէի կարողանում ապրել անազատ կյանքով: Ես էլի ձեռագրեր ունեմ, սակայն դրանք զառանցանքներ են` հանճարեղ բարբաջանք, որը միայն Ատված կհասկանա... Դրանք ազատատենչ խելագարի մտքեր են, որոնք կրակի պես վտանգավոր են, քանի որ ամեն ոք չէ, որ կարողանում է հաղթանակած դուրս գալ կրակի հետ մրցապայքարում:
          Բարի’ գալուստ, իմ ընթերցո’ղ, դու ոտք ես դնում իմ հոգի...







Մանկություն


   Ի±նչ է լինում, երբ երեխան փոքրուց ականատես է լինում միայն բռնության: Ի±նչ է լինում, երբ հորդ տեսնում ես միայն այն ժամանակ, երբ դրսում հարբելն անհնար է դառնում, և նա դառնացած գալիս է տուն, որ տանը լրացնի իր հարբած հոգու դատարկությունը: Ի±նչ է լինում, երբ նրա ծանր քայլվածքի ձայները լսելուն պես մտնում ես մոտակա մութ ու փոքր տեղը, որ չգտնի և չսկսի ծեծել: Իսկ ի±նչ է լինում, երբ փոքրիկ դարանից ականատես ես լինում նրան, թե ինչպես է կարմրած, դուրս պրծած աչքերով, օրեր շարունակ չլվացված մարմնով և չսափրած երեսով հայրդ փորձում տիրանալ հարազատ մորդ, և մայրդ նրա զզվելի գրկից դուրս պրծնելիս ընկնում և այլևս երբեք չարթնանում... Ես կասեմ, թե ինչ է լինում...
     Ծնվել եմ քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղում: Հարևաններն ասում են, որ ծնողներս քաղաքից էին այնտեղ տեղափոխվել, որովհետև քաղաքում ապրելու միջոցներ չունեին: Տեղափոխվելու ժամանակ մայրս հղի է եղել: Գյուղում հաստատվելուց ընդամենը երկու ամիս հետո ծնվեցի ես... Լավ էր դա, թե վատ, ես մինչև հիմա չգիտեմ... Դրանից շատ չանցած հայրս սկսեց խմել. գյուղի կյանքը չափազանց ծանր էր նրա համար, ամբողջ օրը դաշտերում խոտ էր հնձում, կենդանիների արածեցնում, հարևանների այգիներում հող փորում, բայց ծայրը ծայրին հասցնել չէր կարողանում: Շուտով այդ չնչին եկամուտն էլ սկսեց խմիչքին տալ: Օրերով կորում էր: Գյուղի մյուս հարբեցողների հետ գնում էին դաշտ և խմում: Երբ տուն էր գալիս, հարևանները պատմում են, որ մեր տանից հայհոյանքներ և լաց էին լսվում: Նա գալիս էր, մաշված ու կեղտոտ կոշիկները շպրտում մորս վրա և սկսում ծեծել` ասելով, որ ինձ նման լակոտի է աշխարհ բերել, ում պիտի կերակրի և հանդուրժի: Մայրս գրկում էր ինձ և փախչում հարևանների մոտ: Այդպես ապրեցինք յոթ տարի: Յոթ տարեկան էի, աշխույժ ու բարի երեխա, ում հոգում մի մեծ անդունդ կար: Հասակակիցներս արդեն գյուղի դպրոց էին գնում, իսկ ես սպասում էի, թե երբ պիտի գնամ: Սակայն մորս օգնելն ավելի կարևոր էր այդ ժամանակ, թեև մայրս ասում էր, որ հաջորդ տարի անպայման պիտի գնամ դպրոց: Մայրս ամբողջ օրը սրա-նրա տունն էր մաքրում, կով էր կթում, խոզերին էր կերակրում և կարողանում էր օրվա հացը վաստակել: Մայրս գունատ էր, չոր ձեռքեր ուներ: Լավ եմ հիշում այդ ձեռքերը: Մի գիշեր, երբ հայրս հերթական դաշտային խրախճանքն էր վայելում, մայրս ձեռքերը դրեց ծնկներին և սկսեց լաց լինել: Ես, որ յոթ տարեկան էի, վազելով մոտեցա նրան և տեսա նրա արյունլվա ձեռքերը. դրանք ճաքճքել էին, և ճաքերն արնահոսում էին: Լացակումած նայեցի մորս և սկսեցի համբուրել ձեռքերը, կոշտ, անխնամ, արյունոտ և սպիերով պատված աշխարհի ամենագեղեցիկ ձեռքերը: Մայրս գրկեց ինձ և ամբողջ երեսս համբույրներով պատելով` ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու, որ մի օր մենք էլ կազատվենք դաժան կյանքի ճիրաններից և երջանիկ ու ազատ կլինենք: Ես հարցրի նրան, թե ինչ է ազատությունը, և նա պատասխանեց. <<Երբ դու չես փախչում ու աթոռի տակ թաքնվում, որ հայրդ չծեծի քեզ, երբ չես վախենում, որ այսօր քաղցած ես մնալու և քաղցած ու խեղճացած տեսնելու քո երեխային, երբ կողքինների վատ խոսքերից չես վախենում, քանի որ գիտես, որ դու ճիշտ ես... Երբ չես ատում, չես զայրանում, երբ հոգիդ թեթև է, իսկ սիրտդ` հանգիստ... Ազատությունն այն է, որ միայն դու ես և Աստված...>>: Նալբանդյանի նման ես էլ այդ օրվանից սկսեցի ազատություն սիրել և երազել... Յոթ տարեկան երեխա, որ ազատություն էր տենչում:
Այդ օրվանից անցավ երկու տարի: Արդեն դպրոց էի գնում: Դասերն ավարտվելուն պես վազում էի մորս օգնության, իսկ գիշերները միասին գիրք էինք կարդում(մայրս հարևաններից հաճախ էր գիրք խնդրում, երբեմն էլ` աշխատանքի դիմաց): Օգնում էի մորս, ջուր էի կրում, անասուններին հանդեր էի տանում: Մորս հետ շատ էինք կապված: Իսկ հայրս ինձ բանի տեղ չէր դնում: Ամեն առիթ օգտագործում էր իմ ծնունդը իր կյանքի ամենադժբախտ օր անվանելու համար և հայհոյում էր թե’ ինձ, թե’ մորս: Նա սիրում էր ձեռքերին ազատություն տալ, ծեծում էր մեզ: Ես մորս էի փորձում պաշտպանել, իսկ մայրս` ինձ... Բայց արդեն սովորություն էր դարձել հրեշի գալուն պես թաքնվել աթոռների հետևում, որպեսզի չտեսնի ինձ, և չկատաղի վայրի գազանը, իսկ մայրս անցնում էր այգի` կատարած գործը որից անելու:
Գարնանային մի երեկո` մի քանի օր բացակայելուց հետո, նորից հայտնվեց նա: Ես միանգամից թաքնվեցի աթոռների հետևում: Մայրս իր ստացած գումարով նոր զգեստ էր գնել, քանի որ հինն արդեն անհնար էր կրել: Որքա~ն գեղեցիկ էր մայրս այդ կաթնագույն չթե զգեստով: Որքա~ն էին այդ պահին երազում շուտ մեծանալ, գնալ քաղաք, լավ գործ գտնել և մորս ամենագեղեցիկ և ամենաթանկարժեք զգեստները և այդքան սպասված հանգիստը նվիրել: Տեսնելով նոր, մաքուր զգեստ հագած մորս` հորս մոտ հին զգացմունքներն արթնացան: Ո~վ կենդանի... Նա մոտեցավ մորս և փորձեց գրկել նրան: Մայրս հետ բրթեց նրան:
     -  Գնա’ էստեղից, կեղտո’տ, էլի հարբած ես, ինչքա±ն կարելի է, ինչքա±ն:
     Հայրս մի պահ օրորվեց, ապա նորից փորձեց գրկել մորս: Նա սկսեց ուժ գործադրել` հայհոյելով ամբողջ աշխարհը... Ես աթոռի տակից վախեցած նրանց էի նայում: Մայրս տեսավ վախեցած հայացքս: Նրա հայացքում էլ սարսափ կար: Նա փորձեց հետ մղել հորս, ազատվել նրա գարշահոտ թևերից... Գործադրած ջանքերը չափազանց ուժեղ էին: Մայրս սայթաքեց... Գլուխը հարվածեց աթոռին և ընկավ իմ դիմաց: Նրա աչքերը բաց էին... Ճակատից արյուն էր հոսում և արցունքի պես սահում աչքերի տակով... Նա ինձ էր նայում... Բայց նա այլևս երբեք չասեց, որ ինձ շատ է սիրում, ինչպես ասում էր ամեն անգամ բարի գիշեր մաղթելիս: Մի±թե կարելի է մոռանալ այս ամենը...
     Հայրս ոչինչ չասաց: Նրա դատարկ հայացքն, ինչպես միշտ, ոչինչ չէր արտահայտում: Նա սկսեց շոշափել մորս մարմինը, գոգնոցի գրպանիկից հանեց մորս վերջին կոպեկները և գնաց: Ես այլևս չտեսա նրան: Ատելությունն ու ցավը կրծում էին ինձ: Ես մենակ էի մնացել...

Sunday, October 21, 2012

Մարդը` ափից դուրս


Երեկոն


  - Հաբերդ ընդունե±լ ես, - հարցրեց Նարինեն` ծալելով նարնջագույն ծածկոցը և դնելով փոքրիկ բազմոցի վրա:
-    - Ո'չ, ես դրանց կարիքն այլևս չունեմ, - չոր ձայնով կտրուկ պատասխանեց Արամը և հանգցրեց կողքի սեղանիկի դեղին լույսը: - Դու գիտես, որ ես արդեն վաղուց լավ եմ, և ոչինչ չի անհանգստացնում:
-        - Բայց չէ± որ բժիշկն ասել էր...
-     -  Ինձ չի հետաքրքրում, թե ինչ ասաց այդ հիվանդ հոգեբանը, ես այլևս չեմ զգում դրանց կարիքը, - ընդհատեց Արամն ու ձայնը բարձրացնելով` շարունակեց, - բավակա’ն է արդեն ինձ վանդակի մեջ պահեք որպես հիվանդ մի կենդանի, ես հոգնել եմ այս միապաղաղ ամեն ինչից, այս ստից հիվանդություններից, քո խղճահարությունից... Մանկուց ի վեր հազիվ եմ շնչել: Իսկ հիմա ես ազատություն եմ ուզում:
-       - Ների’ր, հոգի’ս, ների’ր: Ես չէի ուզում քեզ վրա ճնշում գործադրել... Պարզապես ուզում եմ, որ դու լավ լինես... Այդքանը...
     
     Նարինեն կախեց գլուխը և ունքերի տակից սեփական մեղքը ընդունող երեխայի պես մանկական հայացքով նայեց Արամին: Այդ հայացքը... Տարիների ընթացքում այդ հայացքը չէր փոփոխվել: Նրա աչքերում շարունակում էին առկայծել մանկական չարաճճիությունն ու անմեղությունը: Արամը, տեսնելով այդ հայացքը, փափկեց: Դեմքի կարմրությունն իջավ: Նա սիրում էր Նարինեին և գիտեր, որ վերջինս միշտ հավատարմորեն իր կողքին է եղել, պայքարել է իրեն տանջող ամեն ցավի հետ այնպես, ասես դրանք սեփական ցավեր էին: Նարինեն ընկղմվեց կաթնագույն անկողնու մեջ: Արամը սահեց դեպի նա և սեղմեց իր մերկ կրծքին:
-      
        - Ների’ր... Չգիտեմ` ինչ է կատարվում հետս: Ուղղակի հոգնել եմ, հասկանու±մ ես... Էլ չեմ ուզում էսպես, - հոգոց հանեց և համբուրեց Նարինեի ճակատը, որի վրա ցորենագույն մազերի մի քանի փունջ էր ընկած: - Դու գիտես իմ անցյալը... Մտածում էի, որ մեծանամ, կազատվեմ այդ բոլոր վախերից և կապանքներից: Մտածում էի, որ այլևս երբեք չեմ զգա անազատության այդ ծանր բեռը: Իսկ հետո... Այդ հիվանդությունը... Ես չէի հավատում, որ այլևս չկա անցյալի հրեշը, և ամենուր նրան էի տեսնում:
-    - Գիտեմ, հոգի’ս, ամեն ինչ հասկանում եմ... Բայց մենք հաղթահարեցինք այդ ամենը: Վախենալու և անհանգստանալու այլևս ոչինչ չկա, - մանկական ժպիտով ասաց Նարինեն և ամուր գրկեց Արամին: - Ես քեզ նման տղամարդու չեմ հանդիպել, Արա’մ, դու միշտ այնքան ուրիշ ես եղել: Քո մտքերը, քո բառերը... Դու խելագար ես... Ամեն հանճար խելագար է... Ես չգիտեմ, թե ինչ ես ամեն օր գրում քո խորհրդավոր օրագրում, բայց վստահ եմ, որ դրանցից յուրաքանչյուրը մի ամբողջ աշխարհ է` փիլիսոփայական, խորհրդավոր, հանճարեղ, գեղեցիկ... Մի օր կկարդա±ս քո գրած տողերը, - չարաճճիորեն նայեց Արամի մուգ կանաչ աչքերի մեջ:
-       - Չէ’, սիրելի’ս, դրանք վտանգավոր մտքեր են. քեզ խելագարության կհասցնեն: Ընտանիքում մի խելագարը լրիվ բավական է:
-     - Արա’մ, մի բան եմ ուզում քեզ ասել... Արա’մ, ես երեխա եմ ուզում, - մի փոքր կարմրելով հազիվ արտաբերեց Նարինեն: - Այսքան տարի միասին ենք... Ուզում եմ քո փոքրիկ տեսակը վազվզի սենյակներով, մազերս քաշի, ջարդի ամանները, տարօրինակ...
-       - Չէ’, Նարինե’, - հանկարծակի ընդհատեց Արամը, ում դեմքը կրկին մռայլվեց: - Արդեն ուշ է, բարի գիշե’ր, սիրելի’ս:

           Արամը համբուրեց Նարինեին և շրջվեց դեպի մյուս կողմ: Նարինեն լացակումած նայում էր ամուսնուն և չէր հասկանում, թե ինչ է կատարվում. մի երեկոյի համար տարօրինակությունները շատ էին:
      <<Ի±նչ է կատարվում Արամի հետ: Այդ պատասխանը գիտի միայն նրա օրագիրը... Ա~խ, ինչպես կուզեի կարդալ քո մտքերը: Դու այնքան փակ ես դարձել, Արա’մ, այնքա~ն խորհրդավոր>>: Այսպիսի մտքերով տարված` Նարինեն փակեց հոգնած կոպերը և վերջապես քնեց:

           Գիշեր... Այնքա~ն խորհրդավոր և վտանգավոր: Գիշերվա մեջ մեղսագործներն են ապրում, որ չեն ցանկանում տեսնել իրենց սև ձեռքերը և չարությունից ուռած աչքերը: Գիշեր... Մի ժամանակ, որում ապրում են բոլոր կորուսյալները և ամեն անգամ խարխափելով դուրս են գալիս իրենց բներից, որ կարողանան գտնել իրենց: Գիշեր... Առեղծվածային մի գնչուհի, որ իր կրքոտ գիրկն է կանչում օտարականներին` խոստանալով ապաստան և ջերմություն` արդյունքում տալով միայն սառնություն և հավերժ գերություն: Գիշեր... Սիրո կրակն էլ է նրանում վառվում... Գիշե~ր... Հենց այդ ժամանակ են ծնվում ամենաանկեղծ մտքերը, որոնք երբեմն մահու չափ սարսափելի են լինում... Հենց այդ ժամանակ են դրանք հաճախ իրականանում...
     
           Զարթուցիչը խփեց ուղիղ յոթն անց քառասուն հինգին: Նարինեն` աչքերը փակ, քնի մեջ ինչ-որ բաներ զառանցելով, ձեռքը գցեց այն լռեցնելու: Աչքերին քաշեց կաթնագույն ծածկոցը, որ դեմքը ծածկի արևի` պատուհանից ներս սողոսկող ճառագայթներից:
-       - Արա~մ,- քնկոտ ձայնով ասաց նա: - Արա’մ, համարյա ութն է, վե’ր կաց:
     Մի քանի անգամ ձայն տալուց հետո Նարինեն քաշեց աչքերից ծածկոցը և նայեց շուրջը. կողքին ոչ ոք չկար: Անկողնու մի կողմում միայն նամակ էր և Արամի օրագիրը: Նարինեն կիսամերկ դուրս վազեց սենյակից և տանը ոչ ոքի չգտնելով` վերադարձավ սենյակ: Նա վախվորած նայում էր մե’կ նամակին, մե’կ օրագրին... Դողդողացող ձեռքերով բացեց նամակը և սկսեց կարդալ.

ՙ      << Բարև’, սիրելի’ս: Ասում են` մարդու բարձրագույն արժեքն ազատությունն է: Ի±նչ կասես դու’, իմ հոգին ու սիրտը շղթայող երկնայի’ն արարած: Ես ազատվել եմ բոլոր կապանքներից, որ ցանկացած մարդու գերի են դարձնում: Վերջին կապանքս դու ես: Եվ ես հիմա ուզում եմ իմ վերջին քայլն անել դեպի ազատությունը: Ների’ր ինձ, սիրելի’ս: Ես գիտեմ, որ հիմա սիրտդ մանր փշուրների եմ վերածում, որ ժամանակի ընթացքում դժվար թե կարողանան հավաքվել և սիրտ դառնալ: Բայց ես ստիպված եմ... Ես պետք է... Այս տարիները, որ հիմա մեջքիս հետևում եմ թողնում, ինձ համար ամենաերջանիկն էին: Դու ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ մարդը: Դու իմ կողքին էիր, երբ անգամ իմ ստվերն էր ինձանից երես թեքել: Ես սիրում եմ քեզ... Բայց հիմա ամենից առավել ազատությունն եմ սիրում: Ների’ր... Ես պիտի զգամ նրան, պիտի գնամ նրա մոտ: Ազատությու~ն...
Որքան հարաբերական բան է ազատությունը, Նարինե’: Տարիներ առաջ դու ասում էիր, որ ես քո ազատությունն եմ: Բայց տարիների հետ մենք դարձանք կապանք: Ու հիմա ես գնում եմ: Ես ուզում եմ լինել մարդ` ցանկացած ափից դուրս... Եթե քեզ ավելի հեշտ կլինի այս ամենը վերապրել` իմանալով, որ ես այս քայլին եմ դիմում, որովհետև ստոր եմ, անպատկառ, անշնորհակալ և այլն, ուրեմն այդպե’ս մտածիր ու խոսիր իմ մասին, այդպե’ս անվանիր, ատի’ր ինձ... Չնայած ատելությունն է, որ մեզ հավիտյան գերի է դարձնում ու զրկում ազատությունից: Քեզ եմ թողնում իմ ձեռագրերից մեկը... Ձեռագրեր, որոնք դու այնքա~ն ցանկանում էիր կարդալ. դրանցից մեկը քոնն է: Սիրում եմ քեզ: Հաջողությու’ն: Երջանի’կ եղիր...
Արամ

Հ.Գ. Չեմ գրում սովորական դարձած  <<Քո Արամ>>-ը... Ես ազատ եմ... Ես ոչ ոքին չեմ պատկանում>>:


Նարինեի ձեռքերը դողում էին, ամբողջ մարմինը ցնցվում էր:
         -    Արա’մ, Արա~մ, ի±նչ ես անում, Արա~մ, ինչու± ես ինձ հետ այսպես վարվում, մի±թե ես արժանի չէի քեզ համար ազատություն լինել, Արա~մ, - արցունքների միջից գոռում էր Նարինեն և ճանկռում ճմռթված սավանը:


Նա քարացած նայում էր մուգ շագանակագույն կաշվով պատած հուշատետրին: Նա ողջ հոգով ատում էր այդ հուշատետրը, այդ ձեռագրերը, ցանկանում էր այրել այն, քանի որ վախենում էր նրանից, ինչ գրված էր այնտեղ: Նա վախենում էր արդարեցնել նրան և ամբողջ կյանքում մեղադրել ինքն իրեն. չէ± որ Նարինեն սիրում է, այն էլ` ուժգին, և անգամ այս պահին նա ոչ մի րոպե չէր դադարում սիրել Արամին: Նա հավաքեց իր բոլոր ուժերը և ճանկեց հուշատետրը: Արամի մանր ձեռագիրը... Հուշատետրը մի քանի մասի էր բաժանված: Առաջին էջին տարօրինակ մի նախաբան կար: Գեղեցիկ էր Նարինեն անգամ այս վիճակում. նա չէր հեկեկում, չէր ճչում, արցունքները մեծ կաթիլներով պարզապես վազում էին նրա այտերի վրայով: Նուրբ վարդագույն մետաքսե գիշերազեստն ի ցույց էր դնում նրա փոքրիկ, կլոր կուրծքը: Ցորենագույն երկար մազերը թափված էին թիկունքին: Հոլանի բազուկները սպիտակ էին, փափուկ` երկնային ամպերի պես: Հուզմունքից կարմրած հաստլիկ շուրթերը դողում էին: Նարինեն, կուլ տալով արցունքները և խոր հոգոց հանելով, սկսեց կարդալ...

Մարդը` ափից դուրս.


 Հուսահատ մարդու ձեռագրերից (Ներածություն)



          << Բարև’, սիրելի’ս: Ասում են` մարդու բարձրագույն արժեքն ազատությունն է: Ի±նչ կասես դու’, իմ հոգին ու սիրտը շղթայող երկնայի’ն արարած: Ես ազատվել եմ բոլոր կապանքներից, որ ցանկացած մարդու գերի են դարձնում: Վերջին կապանքս դու ես: Եվ ես հիմա ուզում եմ իմ վերջին քայլն անել դեպի ազատությունը: Ների’ր ինձ, սիրելի’ս: Ես գիտեմ, որ հիմա սիրտդ մանր փշուրների եմ վերածում, որ ժամանակի ընթացքում դժվար թե կարողանան հավաքվել և սիրտ դառնալ: Բայց ես ստիպված եմ... Ես պետք է... Այս տարիները, որ հիմա մեջքիս հետևում եմ թողնում, ինձ համար ամենաերջանիկն էին: Դու ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ մարդը: Դու իմ կողքին էիր, երբ անգամ իմ ստվերն էր ինձանից երես թեքել: Ես սիրում եմ քեզ... Բայց հիմա ամենից առավել ազատությունն եմ սիրում: Ների’ր... Ես պիտի զգամ նրան, պիտի գնամ նրա մոտ: Ազատությու~ն...
          Որքան հարաբերական բան է ազատությունը, Նարինե’: Տարիներ առաջ դու ասում էիր, որ ես քո ազատությունն եմ: Բայց տարիների հետ մենք դարձանք կապանք: Ու հիմա ես գնում եմ: Ես ուզում եմ լինել մարդ` ցանկացած ափից դուրս... Եթե քեզ ավելի հեշտ կլինի այս ամենը վերապրել` իմանալով, որ ես այս քայլին եմ դիմում, որովհետև ստոր եմ, անպատկառ, անշնորհակալ և այլն, ուրեմն այդպե’ս մտածիր ու խոսիր իմ մասին, այդպե’ս անվանիր, ատի’ր ինձ... Չնայած ատելությունն է, որ մեզ հավիտյան գերի է դարձնում ու զրկում ազատությունից: Քեզ եմ թողնում իմ ձեռագրերից մեկը... Ձեռագրեր, որոնք դու այնքա~ն ցանկանում էիր կարդալ. դրանցից մեկը քոնն է: Սիրում եմ քեզ: Հաջողությու’ն: Երջանի’կ եղիր...
Արամ
Հ.Գ. Չեմ գրում սովորական դարձած  <<Քո Արամ>>-ը... Ես ազատ եմ... Ես ոչ ոքին չեմ պատկանում>>: