Tuesday, April 16, 2013

Ապրե՛ք, մարդի՛կ

   Երբեմն պարզապես ցանկանում ես կանգնեցնել ամեն ինչ ու մի պահ շունչ քաշել. ամեն ինչ այնքան արագ ու աննկատ է հոսում, որ ժամանակ առ ժամանակ ակնթարթը կանգնեցնելու և ամենը վերաիմաստավորելու, գնահատելու կարիք ես զգում:
   Մենք բոլորս անընդհատ շտապում ենք, անընդհատ ինչ-որ խնդիրներ ենք ստեղծում, որոնք հետագայում փորձում ենք լուծել ու լուծելու դեպքում մեզ ամենազոր ենք զգում: Մենք բարդացնում ու խորություն ենք տալիս ամենամակերեսային ու պարզ երևույթներին՝ ամենադյուրին հարցին տալով խրթին պատասխաններ: Մենք սահմաններ, նորմեր, ձևականություններ ենք գծում, որոնց դեմ հետո պայքարում ենք մի ամբողջ կյանք: Եվ սրանով հանդերձ մենք մեղադրում ենք կյանքին ու ամեն կերպ փորձում արդարացնել ինքներս մեզ...
  Իսկ դուք գիտե՞ք, որ սեփական անձի անզորությունն ու թուլամորթությունը արդարացնելու լավագույն ձևը խեղճությունն է: Դու ինքդ քեզ հռչակում ես անկարող, թույլ, տկար ու հրաժարվում ես ապրել. այսինքն՝ կյանքից վերցնել կյանք, մշակել այն, լցնել երազանքներով, նպատակներով, բարությամբ ու ապրել այն: Դու ինքդ քեզ համեմատում ես քեզնից ավելի թույլի ու խեղճի հետ և բավարարվում ու բավականանում այդպիսով:
  Իսկ նրանք, ովքեր խեղճ չեն, կյանքի մարաթոնում իրենց վազորդ են դարձնում: Նրանք ասես մրցեն, թե ով ավելի շուտ կհասնի եզրագծին: Բայց ամեն դեպքում եզրագծին հասնելով մնում է լոկ անուն, ծննդյան ու մարաթոնի ավարտի ամսաթիվ: Դուք վազում եք ու անգամ չեք էլ նկատում, որ իրականում կյանքից եք այդպես շնչակտուր փախչում: Իսկ նա չի սիրում վազել մարդկանց հետևից: Նա սիրում է իրեն բնորոշ մի փոքր արագ, բայց անսահման թեթև ու հեզ քայլքով, զրուցելով անցնել իր ճանապարհը՝ փորձելով զրուցակցին ցույց տալ, թե որքա՜ն հրաշքներ կան կյանքում և որքա՜ն շատ է նա աշխատել, որ ծաղիկներն ապրելու ընթացքում իրենց բուրմունքով ու գույներով զարդարեն մյուս արարածների գոյը: Նա փորձում է պատմել այն մասին, թե ինչքա՜ն ջանք պահանջվեց իրեն, որ հերթով հատիկ-հատիկ վառի աստղերը ու հետո էլ մանրակրկտորեն փայլեցնի դրանք, որ պայծառ լինեն ու իրենց վրայից մարդկանց վրա միայն երազանքների փոշի նստեցնեն: Երբեմն նրա զրուցակիցը կարող է սայթաքել ճանապարհին, բայց երբ կյանքը տեսնում է, որ իր ուղեկիցը լի է վճռականությամբ բարձրանալու, նա անպայման ձեռք է մեկնում: Նա չի սիրում միայնակ ջանքեր գործադրել. նա համատեղ է աշխատում:
  Մարդիկ իրենք իրենց համար վանդակներ են կառուցել ու փակվել են մեջը՝ երազելով ազատության մասին... Հմ... Ազատությու՜ն... Մարդիկ միշտ էլ խուսափել են նրանից, քանի որ միայն ուժեղ և հուժկու կամքով մարդը կարող է ազատ լինել: Ազատ կարող է լինել կյանքի հետ համընթաց քայլողը, բայց ոչ երբեք խեղճն ու վազորդը: Նրանք միշտ էլ փախչելու են ազատությունից՝ առաջինը պատճառաբանելով դա իր անկարողությամբ, իսկ մյուսը՝ խիստ զբաղված լինելով ու երբեք չդադարող վազքով: Այն հասարակությունը, որում ես ապրում եմ, լի է այս մարդկանցով: Շա՜տ մեծ է այն վանդակը, որի մեջ կաղապարվել ենք մենք... Իսկ նրանց, ովքեր դուրս են մնացել վանդակից, շղթայել ենք դրա ձողերից՝ մասամբ ազատության մեջ թողնելով:
 Այն կարծրատիպերը ու <<յոլա>> մտածելակերպը, որ գերիշխում են իմ հասարակության մեջ, մարդկանց դարձնում են վերոնշյալ երկու տեսակ մարդկանցից: Իսկ նրանք անընդհատ ազատություն են գոռում՝ առանց պատկերացնելու, որ ազատությունը նախևառաջ պատասխանատվություն է: Դու պիտի վեր կենաս, երբ սայթաքես, դու պիտի ինքնուրույն տեսնես այն հրաշքները, որ կյանքը սփռել է ամեն սանտիմետրի վրա: Դու պիտի ապրես ու պայքարես, դու պիտի կարողանաս երազել ու իրագործել դրանք, դու պիտի տարբերես բարդ ու պարզ խնդիրները և դրանց կարողանաս նայել մանկան աչքերով...
   Այո՛, կյանքն իրոք շատ արագ է քայլում: Եվ այդ իսկ պատճառով հարկ է թույլ տալ, որ ամենքն իրենց կյանքով ապրեն, որ ամենքը լինեն այն, ինչ որ են, և ոչ այն, ինչ ուզում ենք մենք: Հանճարները երբեք ամբոխից դուրս չեն գալիս. նրանք միշտ էլ դրանից վեր են կանգնած և սերում են խորհրդավորությունից, յուրօրինակ են, ըմբոստ, այլ են: Ամբոխը կուլ է տալիս անհատին՝ գցելով նրան իր վազքի մեջ և կամա-ակամա հասցնելով մինչ եզրագիծն այնպես, որ ինքն էլ չի զգում, թե ինչպես հասավ: Մեզ հաճախ են ասում, թե ինչպիսին է պետք լինել, թե որն է հանճարեղ փիլիսոփաների կողմից անգամ չբացահայտված ճիշտը, և որն է սխալը: Բայց չէ՞ որ ընդամենը մի կյանք ենք ապրում և յուրաքանչյուրիս երջանկության բաղադրատոմսը տարբերվում է այլոց բաղադրատոմսերից:
   Է՜հ, ասելիքս շատ է, զգացածս՝ անսահման... Այստեղ՝ տողերի, բառերի արանքում այնքա՜ն իմաստ ու բովանդակություն կա, որ եթե բացենք դրանք, կարելի կլինի մի ողջ աշխատություն գրել... Ուստի կեզրափակեմ մտքերիս այս խենթ ու անսանձ պոռթկումը մի նախադասությամբ՝ ԱՊՐԵ՛Ք, ՄԱՐԴԻ՛Կ, ԿՅԱՆՔԸ ՄԵՐ ՓՈՔՐԻԿ ԱՐՁԱԿՈՒՐԴՆ Է ՄԱՀԻՑ, ՎԱՅԵԼԵ՛Ք ԱՅՆ...