Monday, January 23, 2012

Հանգիստ...

  <<Հիշում եմ` տարիներ առաջ եմ զգացել այն հանգստությունը, որը ներկայումս ապրում եմ ամեն անգամ, երբ կողքիս ես... Առավոտյան ժամը վեցին, երբ բոլորը քնած էին, գնում էի ծովափ, զբոսնում և երկար նայում հորիզոնին, որից այն կողմ հրաշք կար, որին ականատես չէի եղել, բայց սպասում էի... Այդ ժամանակ դու չկայիր իմ կյանքում... Կյանքումս տեղի ունեցած դեպքերից հետո միայն այդտեղ էի ինձ լիովին հանգիստ զգացել... Մի քանի օրից քեզ հանդիպեցի... Մեր հարաբերությունները շատ տարօրինակ ձևով սկսվեցին, բայց հիմա ամեն ինչ լավ է, և ես երջանիկ եմ, որ քեզ ունեմ: Հաճախ ցանկանում եմ զանգահարել քեզ ու պարզապես ասել` շնորհակալ եմ, որ կաս... Հանգիստ... Հիմա իբրև հանգստանալու եմ մեկնել, բայց ինչ-որ բան կիսատ է, ինչ-որ բան այն չէ. դու ես պակասում: Մեր կյանքի կեսը մենք սպասում ենք. սպասում ենք զանգի, հանդիպման, երեխայի ծնունդի, աշխատանքի բարձրացման, նշանդրեքի, հարսանիքի, հարազատ մարդու վերադարձի... սպասում ենք ու սպասում... Այս կյանքն ասես սպասման կայան լինի: Բայց միգուցե հենց դրանո?վ ենք մենք մարդ, որ կապվում ենք, սպասում, երազում... Չգիտեմ... Չէ? որ շունն էլ է տիրոջը սպասում և այն էլ տարիներով: Հիմա էլ նստած եմ ծովի ափին, քո մատների փոխարեն արևի ջերմ ճառագայթներն են դեմքս շոյում... Բայց քո մատներն ավելի ջերմ են... Հիմա էլ եմ նայում հորիզոնին, և նրա հետևում, ինչպես և առաջ, հրաշք կա... Հորիզոնից այն կողմ դու ես: Եվ ես ծովափին նստած նամակ եմ գրում քեզ, քանի որ կարոտում եմ և սպասում... Սպասում իմ հանգստին... Շատերը կարող են զարմանալ դեպի հանգիստը իմ տենչանքից... Այսօր դժվար է ապրել, քանի որ դժբախտ մարդկանց աչքերն ամենուր են... Թե' ես, թե' դու չենք կարողանում այդ աչքերի կողքով անտարբեր անցնել... Սակայն միայն քո կողքին է, որ զգում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որ մենք ինչ-որ բան կարող ենք փոխել այս աշխարհում դեպի լավը... Թեկուզ աննշան մի բան անել, բայց գոնե մի զույգ աչքեր դժբախտից երջանիկ ու հավատքով լցված դարձնել... Կարոտում եմ քեզ, քո ժպիտը, շագանակագույն աչքերդ, որոնք արևի լույսի տակ մուգ կանաչ երանգ են ստանում, քո ձեռքերը, որոնք այնքան մեծ են ու ուժեղ, բայց և այնքան նուրբ... Կարոտում եմ դեսից-դենից մեր երկար զրույցները, զբոսանքները... Բայց այն, որ դու կաս, որ հիմա կարդում ես սա և ժպտում, ջերմացնում է ինձ, այն, որ սպասում ենք թե' ես, թե' դու, սպասում ենք մեր հանդիպմանը, որը հենց այս հորիզոնից դուրս եկող արևին է նման. ես գիտեմ, որ կծագի այդ արևը, և միայն այդ մտքից արդեն ժպտում եմ...
       Հ.Գ. Սիրում եմ քեզ, արև'ս
     Քո` Ա. >>

No comments:

Post a Comment