Thursday, August 25, 2011

Ժպիտ...Մետլախ...Հայրենիք...


Գրածս թող չխոցի հայրենասերներին...Միասին ուժեղ ենք

            Քայլում եմ փողոցով… Միայնակ, աննպատակ, ուղղակի… Փորձում եմ ժպտալ, բայց աչքերս մատնում են թախիծս…Նայում եմ շուրջս. կողքովս անցնում են բազմաթիվ մարդիկ… Անժպիտ, հոգսաշատ, մեծամիտ, սառը, չոր, անհյուրընկալ հայացքներով մարդիկ… Երբեմն հանդիպում եմ հոգեհարազատ ու հյուրընկալ հայացքների, որ ժպիտիս ժպիտով են պատասխանում ու անցնում… Իսկ մյուսները զարմանք, շփոթմունք, քմծիծաղ արտահայտող ոչինչ չնշանակող դեմքերով պարզապես անցնում են… Ասում են, որ ամեն բան փոխադարձ է, և կյանքն էլ է նույնկերպ անցնում մեր կողքով… Մենք` հայերս, մեզ երևակայող, բոլորից վեր դասող, ամեն ինչում ճիշտ մարդիկ ենք… Մեզ մոտ բացակայում է հանրային շահ կոչվածը… Մեզ մոտ բացակայում է ԱԶԳԱՅԻՆ ու ՊԵՏԱԿԱՆ մտածելակերպը… Ամեն մեկը շտապում է թալանել, շորթել, ավելի շատ խորովածաքյաբաբային խնջույքներ կազմակերպել, ավելի սրընթաց ու թանկարժեք մեքենա ձեռք բերել, շրջապատում գերկարևոր մարդ զգալ և այլն և այլն… Երբեք չեմ մոռանա <<Իմ մեղքը>> ներկայացումը և <<մենք մետլախ ենք>> արտահայտությունը… Եվ իրոք` մեր տան դիմացի երկու-երեք մետր քառակաուսի մաքուր մետլախից ինչո?վ ենք տարբերվում… Նրանով, որ մենք շնչում ենք… Մետլախը փայլում է մաքրությունից, սակայն շենքի շքամուտքն ու աստիճանավանդակը կեղտի մեջ են… Մենք գոռում ենք <<Տիգրան Մեծ>>, մենք անընդհատ հիշեցնում ենք, որ մենք ցեղասպանություն ապրած, խեղճ ու կրակ ժողովուրդ ենք… Հա’յ ժողովուրդ, անցյալն անցյալ է, այն հնարավոր չէ փոխել, իսկ ապագան առջևում է, բայց մենք, չգիտես` ինչու, միայն ու միայն խոսում ենք դրանից` առանց որևէ քայլ անելու դեպի լուսավոր ապագա… Ասում են` պատմությունը մի վատ սովորություն ունի. այն կրկնվում է… Իսկ մենք չենք փոխվում… Մենք մտածում ենք ավելի ճոխ Նոր տարվա, ավելի առատ սեղանի, ջիփերի, թիկնապահերի մասին, բայց երբեք չենք մտածում, օրինակ, բնության գրկում հաճելի օր անցկացնելուց հետո չթողնել աղբը` որպես <<այստեղ եղել ենք մենք>> մակագրություն… Գյուղացիները երբեք չեն մտածի, որ գեթ մեկ օր կարելի է տրամադրել գյուղի միջով հոսող գետը մաքրելուն…ու ոչ այն ավելի աղտոտելու… Երևանցուն դժվար է հետ սովորեցնել լուսարձակը արհամարհելուց և անցուղիներն ու անցումները հարգել սովորեցնել… Բարդ է հարուստի երեխային սովորեցնել, որ շքեղ մեքենայից այն կողմ մարդիկ կան… Արտասահմանից ժամանելով` բազմաթիվ հյուրեր պարզապես զարմանում են մեր երիտասարդների շպարի, հագուստի, հեռախոսների վրա, նրանց զարամացնում է նաև այն հանգամանքը, որ իրենք լսել են աղքատ մի ժողովրդի մասին, որում, պարզվում է` Բենթլի և Պորշ վարողներն ավելի շատ են, քան իրենց մոտ… Բավ է իշխանություններից բողոքել, նրանք մեզնից մի քանիսն են միայն… Իսկ դուք որ դառնաք պաշտոնավոր, արդա?ր եք լինելու… Դրե’ք ձեռքը ձեր սրտին ու ասե’ք… Նախ մեզ փոխենք… Բավ է քննադատենք ու փնովենք, բավ է խոզերի պես ապրենք` տգետ ու ագահ խոզերի… Կոպիտ է չէ? հնչում… Բայց որ էդպես է, չասե?մ, որ էդպես է… Այսօր մեր երիտասարդությունը շատ, թե քիչ պայծառ ապագայի հույսեր ներշնչում է, քանի որ նրանք ՔԱՂԱՔԱԿԻՐԹ են… Ինչու? Չեմ ասում ԿՐԹՅԱԼ… Որորվհետև այսօր ամեն ոք, որ ֆինանսներ ունի, կարող է ստանալ կրթություն, շատ, թե քիչ սովորել ու դառնալ ուսյալ… Բայց գումարով գնված կիսատ-պռատ գնահատականը ու չնչին գիտելիքը մարդուն ՔԱՂԱՔԱԿԻՐԹ բնավ չեն դարձնում… Քաղաքակիրթ մարդու կրթությունն արտահայտվում է նրա կենցաղում… Ինչևէ… Քայլում եմ, մտածում, նայում կողքովս անցնող մոխրագույն ամբոխին ու ցանկանում գոռալ… Ամեն անգամ, երբ լսում եմ իշխանամետ ու ընդդիմադիր մարդկանց զրույց, զգում թշնամանքը միմյանց հանդեպ, ես ամաչում եմ… Եղբայրը եղբոր ու քույրը քրոջ դեմ չպիտի դուրս գա, նամանավանդ որ փոքր ժողովուրդ ենք ու մասնատվածությունն ու թշնամությունը միմյանց հանդեպ կարող է բարենպաստ լինել միայն ու միայն իրական թշնամու համար ու կործանարար հայրենիքի համար… Ես ամաչում եմ, երբ կարդում եմ այնպիսի հոդվածներ, որտեղ ասվում է, օրինակ, <<Ես չեմ տեսնում հայրենիք… Հայրենիքն ինձ ոչինչ չի տալիս… Էստեղ ապագա չկա…>> և նմանատիպ բաներ… Մի’ րոպե… Իսկ ի?նչ ես դու տվել քո հայրենիքին, Հայաստանի’ Հանրապետության քաղաքացի… Եթե ապագա չկա, չնայած ապագան միշտ էլ կա ու կա, ստեղծի’ր այն, ինքդ կառուցի’ր… Թե? պետք է ձեռքերը ծալել ու սպասել, որ հայրենիքը երկնքից երեք խնձոր գցի` մեկը քեզ, մյուսն էլ քեզ, երրորդը քեզ… Ու դու երեքից էլ ուտելու բան պատրաստես ու տեսնես, թե մեկ էլ երբ երկնքից երեք խնձոր կգցի հայրենիքը… Բայց դու երբեք չես հանի կորիզները, չես տնկի դրանք ու ինքդ դրանք նվիրես հայրենիքին… Մեզնից շա~տ շատերն այնքան թյուր պատկերացում ունեն հայրենիքի մասին… Դառնում են սփյուռքահայ, լրացնում օտար երկրների գիտնականների, բժիշկների, գործարարների շարքերը ու նոր սկսում ՀԱՅՐԵՆԻՔ գոչել… Այսպիսի բաներ զարմանալի և շատ հաճախ` զվարճալի ու անհասկանալի… Է’հ, հայե’ր, ես էլ եմ ձեզնից մեկը… Ու թեև զտարյուն, տեղը տեղին հայ չեմ, բայց ինձ համար հայրենիքն իմ սրտի մի մասն է, որը մրմռում է ու ցավում… Իսկ դուք արտահերթ ընտրություն եք պահանջում… Ով էլ գա, մեկ է բողոքելու ենք, մեկ է նորից արտահերթ ընտրություն ենք պահանջելու… Միշտ էլ վերև բարձրացածը կթալանի, իսկ ներքևում մնացածներն իրար վիզ կկրծեն ու ոչինչ էլ անել չեն կարողանա…
            Քայլում եմ… Նայում մեր աղջիկների սառը հայացքներին, հանդիպում նրանց դեմքի հանդիմանական արտահայտություններին կամ էլ բոյից բոյ չափելուն, մյուսների տխուր դեմքերին…ու ժպիտս կոտրվում է… Բայց չէ~, այն չի մարի… Ես իմ հայրենի երկրում եմ ու կարող եմ դրա ապագայի սյուներից մեկը դառնալ ու ինչ-որ բան փոխել… Այդ միտքն ինձ ստիպում է երջանիկ ու պիտանի մարդ զգալ… Ես ինձ զգում եմ Հայաստանի Հանրապետության ապագա լիարժեք քաղաքացի… Ժպտացե’ք, հայե’ր, ձեր ժպիտը, որ կնվիրեք դիմացինին, ձեր մետլախին վնաս չէ, ա~խ, վնաս չէ, հանգի’ստ եղեք…


Հետո? Ու?մ է պետք... Միշտ հիացել եմ հրեաների ոգով... Սովորելու շատ բան ունենք նրանցից...
Բարի’ն ընդ ձեզ


Հ.Գ. Բարեբախտաբար այսօր շփվում եմ հիանալի ուսանողների հետ, ում հանգիստ սրտով կարող եմ քաղաքակիրթ անվանել... Հուսամ, որ հենց այդպիսի մարդիկ առաջնորդներ կդառնան.... Հավատում եմ, որ ՀԱՅ մարդը կարող է... Մնում է ջանալ...