Sunday, January 29, 2012

Հայաստանը ես եմ...


  Բարև’, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ: Թեև ես իմ հարազատ հանրապետության հասակակիցը չեմ, բայց նրա անկախությանն ականատես լինողներից և հետագայում այն կառուցողներից մեկն եմ, քանի որ մի փոքրիկ Հայաստան էլ ես եմ:
  Իմ ծերունի Հայաստանի երիտասարդ հանրապետությունը: Շատ եմ սիրում նրան: Թեև Հայաստանս ունի հազարամյակների պատմություն` նրա անկախ հանրապետությունն ընդամենը քսան տարեկան է… Քսանամյա մի երիտասարդ` մանուկ հոգով… Քսանամյա մի երիտասարդ, ով նոր է կյանք մտել, ումից այնքան շատ բան են պահանջում: Ոչ մի երիտասարդ զերծ չէ սխալներից, ինչպես զերծ չի եղել իմ մանուկ, ապա պատանի, իսկ հիմա արդեն երիտասարդ Հայաստանի Հանրապետությունը, ուղղակի նրան աջակցել ու կողքին մնալ է հարկավոր: Նա որբ է մեծացել` իր  մոտ ունենալով պատմության դասագիրք միայն և բզկտված ներկա: Սակայն նա ուժ գտավ, նա բարձրացավ ու բարձրանում է, ու կապ չունի, որ դանդաղ: Ու Հայաստանի անկախ հանրապետությունի ծնունդից հետո էլ ծնվեցի ես` Աստղիկ Նադիրյանս, և Հայաստանի Հանրապետությանս հետ ապրեցի դժվարին տարիներ, և այն, ինչ այսօր տեսնում եմ շուրջս, տեսնում իմ գեղեցկացող ու զարգացող Հայաստանին, սիրտս ուրախությամբ է լցվում, քանի որ Հայաստանը նաև ես եմ, և նրա արյունն ու ավյունն իմ մեջ էլ են հոսում: Հայաստանն իմն է, իմն է ամբողջությամբ` Ա-ից մինչև Ֆ, ծովից ծով, Արևմտյանից Արևելյան, Գյումրիից Երևան, Աջափնյակից Ավան: Այն իմ մի մասնիկն է: Հայաստանը ես եմ, դու ես, նա է….ՄԵՆՔ ԵՆՔ… Իմ բոլոր երազանքներն ու ծրագրերը Հայաստանիս հետ եմ կապում, աղոթում եմ, որ ինքնաթիռ նստելիս երբեք վերջնականապես հրաժեշտ չտամ իմ հայրենիքին, իմ երեխաների կյանքն այստեղ եմ պատկերացնում և ամեն ինչ կանեմ, որ իմ երեխաներն ու թոռները հպարտ լինեն, որ հայ են ու Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացի, քանի որ ամեն մեկը չէ, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ կոչվելու իրավունք ունի:


   Հայաստանը ես եմ: Այո’, հենց ես: Դու էլ ես Հայաստանը, մեր դասախոսն էլ, նրա հարևանն էլ, ա’յ այն երաժիշտը, այս անուշիկ փոքրիկը, այս գեղեցիկ զույգը… Մենք բոլորս Հայաստան ենք կոչվում, քանի որ նրա կյանքի մի մասն ենք կազմում, քանի որ նրա ապագայի շինարարներն ենք մենք: Ես սիրում եմ Հայաստանս: Ու այդ սերն անբացատրելի է, պարզ, մաքուր: Ես սիրում եմ Հայաստանս, քանի որ այն իմն է, իմ ընկերն է, եղբայրը, հայրը, մայրը, տունս, օրորոցս… Ու ես սիրում եմ Հայաստանս, քանի որ նա ինձ կյանք է տվել, և հիմա իմ հերթն է ամեն ինչ անել, որ արյունով ձեռք բերված հանրապետությանն արժանի քաղաքացի լինեմ, որ դառնամ այդ հանրապետության զարգացման սյուներից մեկը: Հիշում եմ` փոքր տարիքից երազում էի ծառայել հայոց բանակին, որ պաշտպանեմ երկիրս, իսկ հիմա մեկ ուրիշ նպատակ ունեմ` կրթել երիտասարդ սերունդներին, ցույց տալ նրանց, թե ինչքան զորեղ է մեր հայրենիքը, երբ մենք համախմբված ենք նրա շուրջ, սովորեցնել, որ հայրենիքն այն չէ, որ հզոր է ու տալիս է ամեն ինչ, այլ այն է, ինչը մենք սիրում և կառուցում ենք մեր ձեռքերով ու մեր սերունդներին ժառանգում հզոր երկիր, որը նրանք ավելի կհզորացնեն:
   Հայաստանը ես եմ: Եվ այս խոսքերն ասում եմ ամենայն պատասխանատվությամբ խղճիս և հայրենիքիս առջև, քանի որ ամեն ինչ կանեմ, որ Հայաստանիս երիտասարդ հանրապետության զարգացման մեջ ես էլ իմ լուման ունենամ: Հայաստանը դու ես: Եվ ամո’թ քեզ, եթե գեթ մեկ վայրկյան մտածել ես նրան հավերժ լքելու մասին: Հայաստանը ՄԵՆՔ ԵՆՔ ու պիտի կառուցենք միասնական ու անկախ Հայաստանի Հանրապետություն:

No comments:

Post a Comment