Thursday, February 23, 2012

Լեզուն հայրենիք է


Արի’, իմ սոխա’կ, թո’ղ պարտեզ, մերին,
Տաղերով քու’ն բեր տղիս աչերին:
Բայց նա լալիս է, դու, սոխա’կ, մի’ գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ:

Թո’ղ որսդ, արի’, քաջասի’րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե…
Բազեն որ եկավ, որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ

   Ահա հատված այն օրորոցայինից, որի հնչյունների ներքո տարիներ շարունակ փակվել են իմ աչքերը… Իմ տատիկի երգերը` ոսկեղենիկ հայերենով… Դրանցով է լցված եղել իմ մանկությունը: Հետագայում պիտի նաև լսեի ու սկսեի երգել Կոմիտաս, Շերամ, ժողովրդական երգեր: Դրանց մաքուր ու փափուկ լեզուն` իմ ներկայիս լեզվի ծնողը, գերում էր, ձգում… Լեզուն մանկություն է: Դպրոց: Առաջին այբբենարան: Այբ-ից Ֆ տառերը հեշտությամբ տրվեցին. չէ? որ իմ սրտի տառերն էին դրանք: Սովորեցի մայրենի լեզվիս զավակներին, սկսեցի կարդալ և գիտելիքներ ձեռք բերել. մտնում էի նոր ու գիտակից կյանք: Լեզուն կրթություն է: Տարիներն անցնում էին, սովորում էի քերականություն, գրականություն, Րաֆֆին գերում էր իր գեղեցիկ նկարագրություններով, Նալբանդյանը` ազատատենչ ոգով, Դուրյանն ու Սևակը` հանգով, Մեծարենցը` սիրով… Ես էլ սկսեցի գրել… Լեզուն մուսա է… Երբ գրում էի, ձգտում էի մեջս ամփոփել մեր մեծ գրողների տարբեր ուղղություններ, լեզվի նրբություններ, հանգավորումներ… Մայրենի անապակ լեզուն դարձավ իմ առօրյա մասնիկը նաև: Լեզուն կյանք է: Նոր փուլ. համալսարան: Այստեղ ամեն ինչ արդեն ուրիշ էր: Մայրենիիս լավ տիրապետումն ինձ օգնում էր շփվել ճիշտ մարդկանց հետ, հայրենիքս և լեզուս ու ազգս ներկայացնել պատշաճ կերպով,  արտահայտել մտքերս և չհոգնեցնել: Լեզուն ազատություն է: Թեպետև տիրապետում եմ նաև այլ լեզուների, բայց այն, ինչն իմ հոգուց է ծորում, գրվում և արտահայտվում է բացառապես մայրենիով: Լեզուն հոգի է:
  Եվ երբ իմ հայրենիքից հեռու եմ լինում, լեզուն լրացնում է նրա կարոտը: Աշխարհի որևէ ծայրում հարազատ լեզուն լսելիս սիրտս թրթռում է, ուրախանում. իմ եղբայրն է նա: ԼԵԶՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է: Սա է լեզվի խտացումը. մանկությունս անցել է հայրենիքում, որի հանդեպ ինձ սեր են ներշնչել մայրենի լեզվով, կրթությունս հայեցի էր ամեն առումով, հոգիս խարսխված էր հայրենիքիս, իմ գրիչը հայրենիք էր երգում… Լեզուն հայրենիք է, այն իր մեջ ամփոփում է իմ ու քո պապերի ու տատերի զրույցները, նրանց գաղթերը, տեղաշարժերը, հաղթանակներն ու պարտություները, խոհերն ու իմաստությունը… Լեզուն հայրենիք է: Այն մեր փոքրիկ երկրի մեծ նվաճումն է, այն մեր փոքրիկ երկրի մեծ հիշողությունն է ու վաղվա սպասումը: Լեզուն Խաչատուր Աբովյան է, ով, մարդու լեզվական ունակությունները գովերգելով, կոչ էր անում մայրենին պինդ բռնել: Լեզուն հայրենիք է, նրան ուրանալը անբարո է, նրան վնասելը` դավաճանություն: Լեզուն հայրենիք է, և նա իմն է ամբողջությամբ: Լեզուն ես եմ` հայրենիքիս մի մասնիկը` Աստղիկ Նադիրյանս, որ հանձն եմ առել իմ ուժերի սահմաններում և նաև դրանցից դուրս պահել ու պահպանել իմ լեզուն, իմ հայրենիքը… Ու եթե Աստծո կամոք հայտնվեմ հայրենիքիցս շա~տ հեռու, հենց լեզուն ինձ կօգնի հայ մնալ, մտածել, գործել, սիրել և խոսել հայեցի… Դարերի խորքից եկած լեզուն է, որ համախմբում էր հայ ժողովրդին, որ պահպանում էր ազգային դիմագիծը, հաջորդ սերունդներին հասցնում անցյալը, պատմությունը, ավանդույթները…
  Լեզուն հայրենիք է, նրա երեկը, այսօրը և սպասվող օրը…

6 comments:

  1. Sirum em im lezun, hrashali e, erb parabanvum e azgayin lezun.. Dranov nenq menq hay, dranov enq ujex Սիրում եմ մեր լեզուն: Հրաշալի է, երբ փառաբանվում է ազգային լեզուն: Նրանով ենք մենք պահպանում մեր ազգային ինքնությունը, նրանով ենք ուժեղ, նրանով պիտի հպարտանանք ու հասկանանք, որ մեզ միավորող ամենազորեղ հանգամանքն է:
    Հպարտ եմ իմ ու բոլորիս մայր լեզվով !!!

    ReplyDelete
    Replies
    1. Անշու'շտ, Մհե'ր ջան, մեր լեզուն շատ յուրօրինակ է... Հպարտ եմ, որ մեր լեզուն գնահատվում է, մենք այսօր ունենք դրա կարիքը......

      Delete
  2. "Արի’, իմ սոխա’կ, թո’ղ պարտեզ, մերին" սիրում եմ երգը, հուզվում տեսահոլովակը ամեն անգամ նայելիս )))
    Հարգելի հեղինակ (Ձեր անունը չգտա` անունով դիմելու համար) լեզուն` մարդկանց հանդեպ վերաբերմունքիս փորձաքարն է. բավական է լսել ՀԱՅ-ից, որ նա չի սիրում մեր լեզուն, իմ կամքից անկախ օտարություն եմ զգում տվյալ մարդու հանդեպ... Շատ հաճելի է, որ սիրում եք մեր լեզուն, հատկապես որ հայրենիքից հեռու ես նաև ապրում, հիանալի է... Ես ողջունում եմ Ձեր մուտքը բլոգոսֆերա )))

    ReplyDelete
    Replies
    1. Իմ անունն Աստղիկ է :)) Ես էլ եմ նույն կերպ մտածում, հարգելի' Հասմիկ, և այն մարդը, որ հրաժարվում է իր լեզվից, հրաժարվում է նաև իր հոգու մի մասից... Իսկ ես հայ եմ և ապրում եմ Հայաստանում և այստեղ էլ սովորում եմ :)) Պարզապես շա~տ բարեկամներ ունեմ, ովքեր ապրում են արտերկրում և շարունակում են հայ մնալ :)) Շնորհակալությու'ն, Հասմի'կ ջան Իմ անունն Աստղիկ է :)) Ես էլ եմ նույն կերպ մտածում, հարգելի' Հասմիկ, և այն մարդը, որ հրաժարվում է իր լեզվից, հրաժարվում է նաև իր հոգու մի մասից... Իսկ ես հայ եմ և ապրում եմ Հայաստանում և այստեղ էլ սովորում եմ :)) Պարզապես շա~տ բարեկամներ ունեմ, ովքեր ապրում են արտերկրում և շարունակում են հայ մնալ :))

      Delete
  3. Աստղիկ ջան, կարդացի և հպարտացա որ այսպիսի երիտասարդություն ունենք, որ սիրում է ՄԵՐ ԼԵԶՈՒՆ: Համաձայն եմ Հասմիկի հետ, որ բավական է լսել ՀԱՅ-ից, որ նա չի սիրում մեր լեզուն, իմ կամքից անկախ օտարություն եմ զգում տվյալ մարդու հանդեպ: Եթե ՀԱՅ ես, ու չես սիրում ՀԱՅԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ, ապա չես կարող սիրել ծնողներիդ,
    քո ընտանիքը, տունը: Չէ որ Հայաստանը սկսվում է քեզնից, քո ընտանիքից, քո տնից, քո ՄԱՅՐ ԼեԶՎԻՑ: Ես հպարտանում եմ քեզնով:

    ReplyDelete
    Replies
    1. Շնորհակալ եմ, Նարինե' ջան, ես էլ հպարտանում եմ, երբ տեսնում եմ, որ մեր հասարակության մեջ քիչ չեն այն երիտասարդները, որ հարգում ու սիրում են իրենց հայրենի երկիրը և ցանկանում են փոխել ու կառուցել արժանի քաղաքացիների արժանի պետություն

      Delete