Tuesday, January 24, 2012

Ընկերոջս մուսան...

  Ֆեյսբուքյան էջը բացելուց հետո` Կարենը երկար նայեց Նրա նկարին և կայծակնային արագությամբ փոխեց անունը... Գուցե Նա նկատե?ր իր անունը, հասկանա?ր, որ անծանոթ այդ տղայի անունն իրեն է ուղղված... Մի քանի ընկերների նկարներին և հղումներին լայք դնելուց, մի երկուսի հետ խոսելուց հետո Կարենը փակեց իր էջը, մի քանի րոպե նայեց դեսքթոփից իրեն ժպտացող խոշոր աչքերին և գնաց քնելու... Մտածում էր այն օրվա մասին, երբ առաջին անգամ տեսավ Նրան... Նրա~ն... Նրա խոշոր, սև աչքերը և հանելուկային նայվածքը մշտապես տպավորվել էին նրա հիշողություններում: Նա ընկերուհու հետ նստած էր, պարզապես նստած... Եվ այդպես` պարզապես նստած, պարզապես միևնույն դահլիճում, Նա իրենով արեց Կարենի սիրտը... Կարենը փոխվում էր. նա ոգևորությամբ բերում էր իր նոր ստեղծագործությունները, որոնց մեջ իր սիրտն էր խոսում, նա սկսեց հետևել իրեն... Ինձ դուր է գալիս նոր Կարենը: Նրա աչքերն սկսել են այլ փայլով փայլել:
    Այդ օրը Կարենը հանձնեց վերջին քննությունը. բնականաբար առավելագույն գնահատականն էր ստացել: Նա ինձ տխուր հրաժեշտ տվեց` մեկնաբանելով, թե հոգնած է, բայց ես գիտեի, թե որն էր տխրության իսկական պատճառը: Կարենը գնաց դեպի միակ ազատ նստարանը: <<Երազների'ս թագուհի... Մի?թե երազներում էլ պիտի մնաս...>>:
  -  Ներեցե'ք, կարո?ղ եմ նստել... Մյուս բոլոր նստարանները զբաղված են, - ժպտալով ասաց սևաչք մի աղջիկ:
  -  Նստե'ք, իհարկե', - մեխանիկորեն պատասխանեց Կարենը` չնայելով աղջկան:
  - Շնորհակալությու'ն, - ժպիտով պատասխանեց նա:
   Հանկարծ Կարենի սիրտն սկսեց սովորականից հարյուրապատիկ անգամ արագ բաբախել: Ականջներում անգամ լսում էր, թե ինչպես է արյունը խփում անոթների պատերին... Աստվա~ծ իմ, ախր դա...դա ՆԱ~ է:
  - Բարև' Ձեզ: Անկեղծ ասած մտքերով էի, կներե'ք, - ամաչելով ասաց Կարենը` շեշտակի նայելով այն աչքերին, որոնք գերել էին նրան:
  - Ես այդպես էլ մտածեցի, - ժպտաց Նա: - Ես Լեյլին եմ` ապագա լրագրող: Ձեր դեմքը ինձ շա~տ ծանոթ է:
  - Ես Կարենն եմ` ապագա քաղաքագետ-դիվանագետ: Ինձ թվում է մենք ուսանողական խորհրդի շրջանակներում ենք հանդիպել` սեմինարներ, խաղեր, հանդիպումներ...
  - Ա~, ես հիշեցի, - ժպտաց Լեյլին, - շատ հաճելի է, Կարե'ն:
  - Ինձ նույնպես, - մի փոքր լարված ժպիտով պատասխանեց Կարենը: - Իսկ ի?նչ ես այստեղ անում:
  - Հոդված պիտի գրեմ, ցանկանում էի մտքերս մի փոքր ի մի բերել և տուն հասնելուն պես գրել: Բայց արդեն ուշ է, պիտի գնամ, - ասաց Նա` տեղից վեր կենալով:
  - Կարո?ղ եմ ուղեկցել քեզ, Լեյլի':
    Այս հարցը Կարենից շատ մեծ ջանք տարավ. նա վախենում էր մերժում ստանալ:
  - Կարող ենք միասին մինչև կանգառ գնալ...
 Համալսարանից մինչև կանգառ ընկած ճանապարհին մի նոր սեր էր ծնվում, սիրո մի նոր պատմություն... Քաղաքականության շուրջ ծավալված զրույցի ընթացքում նրանք մտերիմ դարձան: Կարենը մի քանի օգտակար խորհուրդ տվեց, ինչին ի պատասխան ստացավ Լեյլիի շնորհակալությամբ ու հիացմունքով լի հայացքը... Կարենը երկրորդ անգամ սիրահարվեց... Լեյլիի նուրբ դիմագծերը, սպիտակ մաշկի վրա փայլող խոշոր, սև աչքերը, խելացի բառերը... Այդ օրվանից մի նոր պատմություն է սկսվում` Լեյլիի ու Կարենի պատմությունը:

No comments:

Post a Comment