Friday, January 27, 2012

Կայարանի ժամացույցը...

  Կայարան... Մարդաշատ սրահ, որտեղ հանդիպում են ուրախության և բաժանման արցունքները... Կայարան... Մարդիկ գնում են, գալիս, ոմանք այրում են կամուրջները, ոմանք Աստծուն խնդրում են, որ իրենց սպասեն, ոմանք ուշանում են գնացքից, ոմանք տխրում են, ոմանք` ոչ. ուրեմն այդպես էր պետք...
  Նարեկը հազիվ բացեց աչքերը, քնաթաթախ նայեց հեռախոսի ժամացույցին և անմիջապես վեր թռավ: <<Աստվա'ծ իմ, ինչպե?ս կարող էի չլսել...>>: Արագ-արագ հագնվեց, լվացվեց և դուրս նետվեց տանից... <<Չուշանամ, միայն թե չուշանամ...>>: Կանգնեցրեց առաջին պատահած տաքսին.
  -  Կայարա'ն:
   Նայում էր պատուհանից դուրս: Սողացող ճանապարհի փոխարեն, սակայն, նա տեսնում էր իրենց կյանքը. առաջին հանդիպում, սիրո խոստովանություն, վեճեր, առաջին համբույր, առաջին կինո և թանգարան, նրա` ընթրիք պատրաստելը և մեկ շաբաթ առաջը... Նարեկն այդ օրը տրամադրություն չուներ... Եկել էր տուն ու մեխվել Ֆեյսբուքին... Արդեն քանի ժամ է` Լիլիթին էլ չէր զանգահարել: Հանակարծ հեռախոսն սկսեց դզզալ... Լիլիթն էր... Նարեկը չցանկացավ պատասխանել... Կես ժամ հետո հեռախոսի էկրանին նորից հայտնվեց Լիլիթ անունը... Հեռախոսի դզզոցն այնքան երկար թվաց Նարեկին... Չէ', նա սիրում էր Լիլիթին, շա~տ էր սիրում, սակայն երբեմն նրան համակում էր հենց այսպիսի տրամադրություն, որից հետո նրանք սովորաբար վիճում էին, քանի որ Լիլիթը փորձում էր օգնել նրան, իսկ Նարեկը սառն էր պատասխանում, ինչից էլ Լիլիթը հաճախ նեղվում էր... Չէ', չէր նեղանում, այլ ինքն էլ էր տխրում, ինչն էլ նյարդայնացնում էր Նարեկին, և վեճ էր բռնկվում... Մեկ ժամ հետո կրկին զանգ եկավ...
   - Ալո':
   - Նա?ր: Ի?նչ էր եղել, ինչու? չէիր պատասխանում, - անհանգստացած հարցրեց Լիլիթը:
   - Ի?նչ կա:
   - Ոչ մի բան, արև'ս, դու' ասա... Ի?նչ է եղել, Նարե'կս:
   - Ոչ մի բան:
  Այդ օրն այդ սառը <<ոչ մի բան>>ից էլ ամեն ինչ սկսվեց... Լիլիթը կրկին արտասվեց, դա նյարդայնացրեց Նարեկին, և նրանք էլ չխոսեցին... Նարեկը սառել էր... Լիլիթի սերը չափից դուրս էր նրան թվում... Այնինչ Լիլիթն ասում էր այն, ինչ զգում էր... Նարեկը միակն էր, ումից ոչինչ չէր կարողանում թաքցնել... Երկու շաբաթների ընթացքում Լիլիթը մի քանի անգամ զանգել էր, բայց Նարեկը չէր պատասխանել...
   - Հասանք, տղա' ջան:
  Նարեկը սթափվեց: Շնորհակալություն հայտնելուց հետո միանգամից վազեց կայարան...
Ամբոխի միջից Նարեկը պիտի գտներ նրան
   - Երևան-Թբիլիսի գնացքը պատրաստվում է մեկնել: Բոլոր ուղևորներն անցնեն գնացք, - տասնյակ բարձրախոսները հնչեցրին կանացի ձայն, որն այդքան տհաճ թվաց Նարեկին:
   <<Չուշանամ, միայն թե չուշանամ...>>... Մարդկանց խիտ ամբոխի մեջ նա փորձում էր գտնել իր նրբակազմ և փոքրիկ Լիլիթին: <<Որտե?ղ ես, Լի'լ, որտե?ղ... Ես քեզ շատ եմ սիրում, չեմ կարող քեզ կորցնել... Նրա գլխարկն է... Աստվա'ծ իմ, նա է...>>:
   - Լի~լ, - գոռում էր Նարեկը գնացք բարձրացող փխրուն մարմնին...
   Լիլիթը մի պահ իր շուրջը նայեց, սակայն ոչ ոքի չտեսավ... Նարեկը տեսավ միայն մի փայլուն կաթիլ, որ հոսեց Լիլիթի սպիտակ այտի վրայով... Եվ նա անհետացավ գնացք մտնող ամբոխի մեջ... <<Նա մտածեց` ես չեմ եկել... Որքան սառն էի, որ նա այդպես մտածեց...>>:



   Նարեկը նստել էր փայտե նստարանին և նայում էր մեծ ժամացույցին, որի սլաքներն ասես չէին շարժվում... Ամբողջ գիշեր չէր քնել. կարդում էր իր և Լիլիթի հին նամակները... Լիլիթի նամակները եռակի ավել էին... Նա այնքան ջերմ էր գրում... Այնուհետև մտել էր Լիլիթի անձնական էջը և տեսել նրա և ընկերուհու խոսակցությունը, որտեղ Լիլիթն ասում է, որ պիտի մեկնի...գուցե մշտապես... Նարեկի ներաշխարհն իրար էր խառնվել, չէր կարողանում քնել... Իսկ առավոտյան այնքան խորն էր քուն մտել, որ զարթուցիչն անօգուտ երգում էր միայն: Հիմա էլ նրա աչքերը փակվում էին... Հանկարծ նա քնեց...
Ժամանակը ճեղքվածք տվեց
 

   - Բարև', Նարե'կ:
   - Բարև', իսկ դու ո?վ ես...
   - Մարդիկ ավելի շուտ ինձ ինչ են ասում, - պատասխանեց թավշյա ձայնը և երևաց Նարեկին...
  Դա ժամացույց էր, մի մե~ծ ու հին ժամացույց...
   - Ժամացու?յց, - ապշած հարցրեց Նարեկը...
   - Դու քնած ես, Նարե'կ, ես էլ շատ քիչ ժամանակ ունեմ... Ամեն օր ականատես եմ լինում մարդկային տարբեր ուրախությունների և դժբախտությունների... Ոմանք գալիս են և երկա~ր սպասում ինձ մոտ, որպեսզի վերջապես տեսնեն իրենցի սիրելի մարդկանց... Ոմանք իրենք են իրենց ձեռքից բաց թողնում իրենց ճակատագիրը... Երբ արթնանաս, նայի'ր կողքիդ նստարանին նստած կնոջը... Նա արդեն տասնվեց տարի է, ինչ այդ նույն նստարանին նստած սպասում է ամուսնուն, ով մեկնեց Մոսկվա և այլևս հետ չեկավ... Ամեն օր նա գալիս է և ինձ նայում... Երբեմն ինձ թվում է, որ նա գիտի, որ ես ամեն ինչ տեսնում եմ... Նարե'կ, նրան կասես, որ իր ամուսինը երկու տարուց հետ կգա. թող երկու տարուց բաժանման նույն օրը, նույն ժամին գա այստեղ... Իսկ դու... Ժամանակը քեզ հետ չար կատակ խաղաց, դու կարող էիր Լիլիթին կանգնեցնել... Նա այստեղ նստած քեզ էր սպասում, սպասում էր, որ կգաս և կասես, թե ինչքան ես իրեն սիրում... Ես տեսա` ինչ կսկիծով նա վեր կացավ և գնաց դեպի գնացքը... Գնահատի'ր ժամանակը, Նարե'կ: Դու չես գնահատում նրան, և դա է պատճառը, որ նա պատժեց քեզ... Լիլիթը քեզ շատ-շատ-շատ է սիրում, բայց նա հավերժ չի ապրելու, դու չգիտես` երբ նա այլևս չի լինի... Նա ամեն րոպե քեզնով է ապրում, նա վախենում է հետոներից. հետո կարող է այլևս չլինել... Դու էլ ես նրան սիրում, սակայն երբեմն հոգնում ես նրա սիրելու ձևից... Նարե'կ, նայի'ր` որքան է նա փոխվել քեզ համար... Դու էլ ես փոխվել... Բայց նա... Ես նրան տեսել եմ տարիներ առաջ. նոր Լիլիթը լրիվ ուրիշ է, նա քեզ համար է... Հիմա ես քեզ և Լիլիթին նվեր կանեմ, քանի որ այլ դեպքում Լիլիթն այլևս երբեք չէր վերադառնալու:
   - Ինչու? նա չէր վերադառնալու, ի?նչ նկատի ունեք:
   - Այն, որ այնտեղ նրա ժամանակն ավարտվելու էր` քեզնից հեռու, որ դա քեզ ցավ չպատճառեր... Սակայն ես, ինչպես ասացի, նվեր ունեմ, Նարե'կ` երկու ժամ... Դու կրկին կհայտնվես կայարանի դռների մոտ... Գտի'ր նրան, գտի'ր համապատասխան բառեր և թույլ մի' տուր, որ հեռանա... Վե'րջ, այլևս ժամանակ չունեմ... Արթնացի'ր...

  - Հասանք, տղա' ջան, - ասաց տաքսու վարորդը:
  - Ի?նչ... Ա'հ, կայարանը... Ստացե'ք...
   Նարեկը վազում էր, որքան ուժ ուներ... <<Ես գտնելու եմ քեզ, Լիլի'թ, գտնելու եմ>>: Նա վազեց ժամացույցի մոտ և նայեց նստարաններին. փխրուն մի մարմին արցունքները սրբելով հազիվ քարշ էր տալիս ծանր ճամպրուկը:
  - Լի~լ, սե'րս, սպասի'ր, - գոռաց Նարեկը և գնացքի մոտ ամուր գրկեց Լիլիթին:
Դու եկար... Նա'ր, եկար...
  - Դու եկար... Նա'ր, եկար, - ասաց Լիլիթը` ամուր գրկելով Նարեկին և համբուրելով:
  - Չէի կարող, Լիլի'թս, չէի կարող չգալ... Ների'ր ինձ, սի'րտս, ների'ր, որ չէի պատասխանում զանգերիդ, որ սառել էի...
  - Սու'ս, Նարե'կ, - ասաց Լիլիթն ու համբուրեց Նարեկին: - Ես միայն մի բան գիտեմ` իմ կյանքը դու ես, ու ես սիրում եմ քեզ ամեն ինչից առավել... Ու ների'ր, որ դա քո ուզած ձևով չի դրսևորվում, բայց ես դրա վրա կաշխատեմ...
  - Սու'ս, հիմարի'կ, ես էլ քեզ եմ սիրում` այնպիսին, ինչպիսին կաս:
   Նրանք նստեցին ժամացույցի մոտի նստարանին և նայում էին հեռացող գնացքին:
  - Մի' րոպե, Լի'լ, հիմա կգամ, - ասաց Նարեկն ու գնաց դեպի հարևան նստարանը: - Տիկի'ն, բարև' Ձեզ... Տիկի'ն, հիմա մի բան կասեմ, ինչը շատ զարմանալի է, բայց նաև իրական... Ձեր ամուսինը... Երկու տարուց ձեր բաժանման օրը եկե'ք այստեղ, նա կգա... Ժամանակը նվեր կանի Ձեզ` ասյքան տարի նրան սպասելու համար...
  - Ա~խ, տղա'ս, - ասաց տարեց կինն ու ամուր գրկեց Նարեկին: Նրա աչքերից արցունքներ էին հոսում: - Շնորհակալ եմ, տղա'ս... Իսկ ես արդեն կորցնում էի հավատքս... Ժամացու?յցն է քեզ ասել:
  - Այո', իսկ Դու?ք որտեղից գիտեք:
  - Գիտեմ... Եթե նա չլիներ, իմ մայրն ու հայրը կբաժանվեին: Շնորհակալ եմ, տղա'ս, երջանի'կ եղիր...

  Անցավ երկու տարի... Նարեկն ու Լիլիթը իրենց նորածին Դավիթի և տարեց կնոջ հետ եկել էին կայարան... Տարեց մի մարդ, կանգնած ժամացույցի տակ, մոլորված իր շուրջն էր նայում...

No comments:

Post a Comment