Tuesday, April 17, 2012

Կարոտել եմ...


  Ու ես փակում եմ հոգնածությունից թմրած աչքերս, և աչքերս պատած խավարը լուսավորվում է քո պատկերով... Կարոտել եմ քեզ... Դու.... Քո նուրբ վարդագույն շուրթերը կարծես դողում են: Քո աչքերը փայլում են, քանի որ դու ուրախ ես, որ միասին ենք: Աչքերիդ մեջ մի քանի կաթիլ արցունք են երևում. դու երջանիկ ես, դրանք երջանկության արցունքներ են... Ձեռքդ ինձ ես մեկնում: Քո մկանուտ և մեծ ձեռքերը... Դրանց մեջ այնքան ջերմություն ու նրբություն կա... Ես կարծես զգում եմ ձեռքիդ ջերմությունն իմ ափի մեջ: Կարոտել եմ հպումդ: Դու ծիծաղում ես... Քո զրնգուն ծիծաղը... Դու ծիծաղում ես իմ հուզմունքի վրա և ամուր սեղմում կրծքիդ, ու ես լսում եմ սրտիդ արագ բաբախյունը: Դու երջանիկ ես: Ես երջանիկ եմ: Ու հանկարծ մատներդ սողոսկում են մազերիս մեջ... Ու ականջիս շշնջում ես, որ սիրում ես ինձ, որ մեզ սպասվում է ամենաերջանիկ ապագան...միասին... Ես հուզված եմ... Հուզմունքից այտերս շառագունել են, և դու ժպտում ես` ինձ այդպես հուզված տեսնելով: Եվ այդպես` ամուր-ամուր քեզ սեղմված, կանգնած եմ ես: Իսկ դու շոյում ես գլուխս` խաղաղեցնելով ըմբոստ հոգիս և փոթորկված գլուխս... Ու ես հանգիստս եմ գտնում քո գրկում... Հանգիստդ իմ գրկում ես գտնում դու... Ու հիմա դու այնքան իմն ես, և ամբողջովին քոնն եմ ես....  Ես զգում եմ քեզ...
  Եվ դժկամությամբ բացում եմ աչքերս... Սառը սենյակ... Սեղանիս լուսամփոփի լույսը դողում է գրքի սփրթնած էջերի վրա... Կարոտել եմ քեզ.... Գրկում եմ արջուկիս և հույս ունենում, որ դու կզգաս, թե ինչքան եմ քեզ սիրում, թե որքան շատ եմ կարոտել քեզ, և որ դու կզգաս, որ փափուկ արջուկի փոխարեն քեզ եմ պատկերացնում իմ գրկում... Կարոտել եմ քեզ... Ների'ր իմ ըմբոստ հոգուն: