Sunday, October 21, 2012

Մարդը` ափից դուրս.


 Հուսահատ մարդու ձեռագրերից (Ներածություն)



          << Բարև’, սիրելի’ս: Ասում են` մարդու բարձրագույն արժեքն ազատությունն է: Ի±նչ կասես դու’, իմ հոգին ու սիրտը շղթայող երկնայի’ն արարած: Ես ազատվել եմ բոլոր կապանքներից, որ ցանկացած մարդու գերի են դարձնում: Վերջին կապանքս դու ես: Եվ ես հիմա ուզում եմ իմ վերջին քայլն անել դեպի ազատությունը: Ների’ր ինձ, սիրելի’ս: Ես գիտեմ, որ հիմա սիրտդ մանր փշուրների եմ վերածում, որ ժամանակի ընթացքում դժվար թե կարողանան հավաքվել և սիրտ դառնալ: Բայց ես ստիպված եմ... Ես պետք է... Այս տարիները, որ հիմա մեջքիս հետևում եմ թողնում, ինձ համար ամենաերջանիկն էին: Դու ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ մարդը: Դու իմ կողքին էիր, երբ անգամ իմ ստվերն էր ինձանից երես թեքել: Ես սիրում եմ քեզ... Բայց հիմա ամենից առավել ազատությունն եմ սիրում: Ների’ր... Ես պիտի զգամ նրան, պիտի գնամ նրա մոտ: Ազատությու~ն...
          Որքան հարաբերական բան է ազատությունը, Նարինե’: Տարիներ առաջ դու ասում էիր, որ ես քո ազատությունն եմ: Բայց տարիների հետ մենք դարձանք կապանք: Ու հիմա ես գնում եմ: Ես ուզում եմ լինել մարդ` ցանկացած ափից դուրս... Եթե քեզ ավելի հեշտ կլինի այս ամենը վերապրել` իմանալով, որ ես այս քայլին եմ դիմում, որովհետև ստոր եմ, անպատկառ, անշնորհակալ և այլն, ուրեմն այդպե’ս մտածիր ու խոսիր իմ մասին, այդպե’ս անվանիր, ատի’ր ինձ... Չնայած ատելությունն է, որ մեզ հավիտյան գերի է դարձնում ու զրկում ազատությունից: Քեզ եմ թողնում իմ ձեռագրերից մեկը... Ձեռագրեր, որոնք դու այնքա~ն ցանկանում էիր կարդալ. դրանցից մեկը քոնն է: Սիրում եմ քեզ: Հաջողությու’ն: Երջանի’կ եղիր...
Արամ
Հ.Գ. Չեմ գրում սովորական դարձած  <<Քո Արամ>>-ը... Ես ազատ եմ... Ես ոչ ոքին չեմ պատկանում>>:

No comments:

Post a Comment