Monday, October 22, 2012

Մարդը` ափից դուրս. Հուսահատ մարդու ձեռագրերից


Հուշատետր


Նախաբան


   Բարև’, իմ ընթերցո’ղ: Եթե դու հիմա սա կարդում ես, նշանակում է` ես արդեն արել եմ այն, ինչի մասին երազում էի դեռ մանկուց: Ես վերջապես կարող եմ կոչվել մարդ` ափից դուրս: Իսկ դու ափի մեջ ես, իմ ընթերցո’ղ, դու խոցելի ես, դու ինքդ քոնը չես, դու ապրում ես այն ամենով, ինչը քեզ պարտադրել և պարտադրում են: Իսկ ես ազատ եմ... Ես չունեմ վախեր, ես չեմ ատում ոչ ոքի, ոչ մեկի հանդեպ քեն չեմ պահում, ոչ ոքի ոչինչ պարտական չեմ, ես ոչ ոքինն եմ... Ես եմ, իմ հոգին, իմ մտքերը, իմ արարքները, իմ կյանքը... Ես եմ ու Աստված... Անգամ ճակատագիր կոչվածն է ինձանից հեռու: Ես ազատ եմ: Մեծն փիլիսոփաները միշտ էլ խոսել են այն մասին, որ ոչ մի մարդ պատրաստ չէ ազատ լինել, քանի որ դա նրա վրա է բարդում պատասխանատվության ծանր բեռը, որն արդյունքում դառնում է անազատություն...
Որքան տարօրինակ պարադոքս է, այնպես չէ?, իմ ընթերցո’ղ... Մարդիկ վախենում են ազատ լինելուց, որովհետև մեկ է անազատ են մնում: Իսկ ես ազատ եմ լինելու... Ես ազատվելու եմ ամեն կապանքից, դեն եմ նետելու այն ամենը, ինչն ինձ դնում է այլ մարդկանց ափի մեջ: Կանխատեսելիություն, կարծրատիպեր, նախապաշարմունք, ատելություն, թշնամանք, ավանդույթներ, վախեր, երազանքներ և սեր. ես ազատվել եմ դրանցից, եթե հիմա դու սա կարդում ես: Ես ազատվել եմ նաև վեհաշուք և ճոռոմ բառերից ու հիմա քեզ հետ խոսում եմ իմ ազատության պարզ ու հասկանալի լեզվով:
Եվ ահա այդ լեզվով ես գրել եմ իմ այս հուշատետրը, որում քեզ կպատմեմ այն մասին, թե ինչ ճանապարհ եմ անցնում դեպի ազատություն և ինչու չէի կարողանում ապրել անազատ կյանքով: Ես էլի ձեռագրեր ունեմ, սակայն դրանք զառանցանքներ են` հանճարեղ բարբաջանք, որը միայն Ատված կհասկանա... Դրանք ազատատենչ խելագարի մտքեր են, որոնք կրակի պես վտանգավոր են, քանի որ ամեն ոք չէ, որ կարողանում է հաղթանակած դուրս գալ կրակի հետ մրցապայքարում:
          Բարի’ գալուստ, իմ ընթերցո’ղ, դու ոտք ես դնում իմ հոգի...







Մանկություն


   Ի±նչ է լինում, երբ երեխան փոքրուց ականատես է լինում միայն բռնության: Ի±նչ է լինում, երբ հորդ տեսնում ես միայն այն ժամանակ, երբ դրսում հարբելն անհնար է դառնում, և նա դառնացած գալիս է տուն, որ տանը լրացնի իր հարբած հոգու դատարկությունը: Ի±նչ է լինում, երբ նրա ծանր քայլվածքի ձայները լսելուն պես մտնում ես մոտակա մութ ու փոքր տեղը, որ չգտնի և չսկսի ծեծել: Իսկ ի±նչ է լինում, երբ փոքրիկ դարանից ականատես ես լինում նրան, թե ինչպես է կարմրած, դուրս պրծած աչքերով, օրեր շարունակ չլվացված մարմնով և չսափրած երեսով հայրդ փորձում տիրանալ հարազատ մորդ, և մայրդ նրա զզվելի գրկից դուրս պրծնելիս ընկնում և այլևս երբեք չարթնանում... Ես կասեմ, թե ինչ է լինում...
     Ծնվել եմ քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղում: Հարևաններն ասում են, որ ծնողներս քաղաքից էին այնտեղ տեղափոխվել, որովհետև քաղաքում ապրելու միջոցներ չունեին: Տեղափոխվելու ժամանակ մայրս հղի է եղել: Գյուղում հաստատվելուց ընդամենը երկու ամիս հետո ծնվեցի ես... Լավ էր դա, թե վատ, ես մինչև հիմա չգիտեմ... Դրանից շատ չանցած հայրս սկսեց խմել. գյուղի կյանքը չափազանց ծանր էր նրա համար, ամբողջ օրը դաշտերում խոտ էր հնձում, կենդանիների արածեցնում, հարևանների այգիներում հող փորում, բայց ծայրը ծայրին հասցնել չէր կարողանում: Շուտով այդ չնչին եկամուտն էլ սկսեց խմիչքին տալ: Օրերով կորում էր: Գյուղի մյուս հարբեցողների հետ գնում էին դաշտ և խմում: Երբ տուն էր գալիս, հարևանները պատմում են, որ մեր տանից հայհոյանքներ և լաց էին լսվում: Նա գալիս էր, մաշված ու կեղտոտ կոշիկները շպրտում մորս վրա և սկսում ծեծել` ասելով, որ ինձ նման լակոտի է աշխարհ բերել, ում պիտի կերակրի և հանդուրժի: Մայրս գրկում էր ինձ և փախչում հարևանների մոտ: Այդպես ապրեցինք յոթ տարի: Յոթ տարեկան էի, աշխույժ ու բարի երեխա, ում հոգում մի մեծ անդունդ կար: Հասակակիցներս արդեն գյուղի դպրոց էին գնում, իսկ ես սպասում էի, թե երբ պիտի գնամ: Սակայն մորս օգնելն ավելի կարևոր էր այդ ժամանակ, թեև մայրս ասում էր, որ հաջորդ տարի անպայման պիտի գնամ դպրոց: Մայրս ամբողջ օրը սրա-նրա տունն էր մաքրում, կով էր կթում, խոզերին էր կերակրում և կարողանում էր օրվա հացը վաստակել: Մայրս գունատ էր, չոր ձեռքեր ուներ: Լավ եմ հիշում այդ ձեռքերը: Մի գիշեր, երբ հայրս հերթական դաշտային խրախճանքն էր վայելում, մայրս ձեռքերը դրեց ծնկներին և սկսեց լաց լինել: Ես, որ յոթ տարեկան էի, վազելով մոտեցա նրան և տեսա նրա արյունլվա ձեռքերը. դրանք ճաքճքել էին, և ճաքերն արնահոսում էին: Լացակումած նայեցի մորս և սկսեցի համբուրել ձեռքերը, կոշտ, անխնամ, արյունոտ և սպիերով պատված աշխարհի ամենագեղեցիկ ձեռքերը: Մայրս գրկեց ինձ և ամբողջ երեսս համբույրներով պատելով` ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու, որ մի օր մենք էլ կազատվենք դաժան կյանքի ճիրաններից և երջանիկ ու ազատ կլինենք: Ես հարցրի նրան, թե ինչ է ազատությունը, և նա պատասխանեց. <<Երբ դու չես փախչում ու աթոռի տակ թաքնվում, որ հայրդ չծեծի քեզ, երբ չես վախենում, որ այսօր քաղցած ես մնալու և քաղցած ու խեղճացած տեսնելու քո երեխային, երբ կողքինների վատ խոսքերից չես վախենում, քանի որ գիտես, որ դու ճիշտ ես... Երբ չես ատում, չես զայրանում, երբ հոգիդ թեթև է, իսկ սիրտդ` հանգիստ... Ազատությունն այն է, որ միայն դու ես և Աստված...>>: Նալբանդյանի նման ես էլ այդ օրվանից սկսեցի ազատություն սիրել և երազել... Յոթ տարեկան երեխա, որ ազատություն էր տենչում:
Այդ օրվանից անցավ երկու տարի: Արդեն դպրոց էի գնում: Դասերն ավարտվելուն պես վազում էի մորս օգնության, իսկ գիշերները միասին գիրք էինք կարդում(մայրս հարևաններից հաճախ էր գիրք խնդրում, երբեմն էլ` աշխատանքի դիմաց): Օգնում էի մորս, ջուր էի կրում, անասուններին հանդեր էի տանում: Մորս հետ շատ էինք կապված: Իսկ հայրս ինձ բանի տեղ չէր դնում: Ամեն առիթ օգտագործում էր իմ ծնունդը իր կյանքի ամենադժբախտ օր անվանելու համար և հայհոյում էր թե’ ինձ, թե’ մորս: Նա սիրում էր ձեռքերին ազատություն տալ, ծեծում էր մեզ: Ես մորս էի փորձում պաշտպանել, իսկ մայրս` ինձ... Բայց արդեն սովորություն էր դարձել հրեշի գալուն պես թաքնվել աթոռների հետևում, որպեսզի չտեսնի ինձ, և չկատաղի վայրի գազանը, իսկ մայրս անցնում էր այգի` կատարած գործը որից անելու:
Գարնանային մի երեկո` մի քանի օր բացակայելուց հետո, նորից հայտնվեց նա: Ես միանգամից թաքնվեցի աթոռների հետևում: Մայրս իր ստացած գումարով նոր զգեստ էր գնել, քանի որ հինն արդեն անհնար էր կրել: Որքա~ն գեղեցիկ էր մայրս այդ կաթնագույն չթե զգեստով: Որքա~ն էին այդ պահին երազում շուտ մեծանալ, գնալ քաղաք, լավ գործ գտնել և մորս ամենագեղեցիկ և ամենաթանկարժեք զգեստները և այդքան սպասված հանգիստը նվիրել: Տեսնելով նոր, մաքուր զգեստ հագած մորս` հորս մոտ հին զգացմունքներն արթնացան: Ո~վ կենդանի... Նա մոտեցավ մորս և փորձեց գրկել նրան: Մայրս հետ բրթեց նրան:
     -  Գնա’ էստեղից, կեղտո’տ, էլի հարբած ես, ինչքա±ն կարելի է, ինչքա±ն:
     Հայրս մի պահ օրորվեց, ապա նորից փորձեց գրկել մորս: Նա սկսեց ուժ գործադրել` հայհոյելով ամբողջ աշխարհը... Ես աթոռի տակից վախեցած նրանց էի նայում: Մայրս տեսավ վախեցած հայացքս: Նրա հայացքում էլ սարսափ կար: Նա փորձեց հետ մղել հորս, ազատվել նրա գարշահոտ թևերից... Գործադրած ջանքերը չափազանց ուժեղ էին: Մայրս սայթաքեց... Գլուխը հարվածեց աթոռին և ընկավ իմ դիմաց: Նրա աչքերը բաց էին... Ճակատից արյուն էր հոսում և արցունքի պես սահում աչքերի տակով... Նա ինձ էր նայում... Բայց նա այլևս երբեք չասեց, որ ինձ շատ է սիրում, ինչպես ասում էր ամեն անգամ բարի գիշեր մաղթելիս: Մի±թե կարելի է մոռանալ այս ամենը...
     Հայրս ոչինչ չասաց: Նրա դատարկ հայացքն, ինչպես միշտ, ոչինչ չէր արտահայտում: Նա սկսեց շոշափել մորս մարմինը, գոգնոցի գրպանիկից հանեց մորս վերջին կոպեկները և գնաց: Ես այլևս չտեսա նրան: Ատելությունն ու ցավը կրծում էին ինձ: Ես մենակ էի մնացել...

No comments:

Post a Comment