Sunday, July 29, 2012

Երկու գիշեր...

   Եվրոպա... Քաղաքակրթության այս օրրանը շատերին է ձգում: Սակայն ինձ ընդամենը երկու գիշեր էր տրված`  շնչելու նրան: Ինձ վիճակված էր այդ երկու գիշերները անցկացնել Փարիզում և Հռոմում, իսկ կեսօրներին նայել արագընթաց ինքնաթիռի պատուհանից և փորձել մտապահել ճանապարհին ընկած ամեն ինչ. Լեոնը, Միլանը, Ֆլորենցիան, խաղողի տարածված դաշտերը, վերևից այնքան փոքր թվացող հուշակոթողները, ժապավենի նման գալարվող կանաչ ժայռերը, բարակ փողոցներով սարդոստայնները և այլն... Երկու անգամ փոխելով ինքնաթիռը` իջա Փարիզի շրջակայքում գտնվող օդանավակայանում: Ուղեբեռ: Փաստաթղթեր: Տաքսի: Փարիզ: Երեկո էր...
  


   Ֆրանսիա... Որքան էլ չքնաղ լինի ողջ Ֆրանսիան, Փարիզն առանձնահատուկ հմայք ունի: Այն ձգում է, չքնաղ սիրենի նման սիրահարեցնում իրեն` այդ սերն այլևս երբեք չջնջելու սկզբունքով: Տաքսին դանդաղ էր վարում: Վարորդը հասցրեց ինձ նշածս վայրը: Խճապատ նեղլիկ փողոց էր` ցածրահարկ տներով: Հյուրանոցս շքեղ չէր. երկհարկանի սպիտակ շենք, բարի և ժպտերես հաստլիկ կառավարչով, ով ինքն էր ընդունում հյուրերին: Շքեղ հյուրանոց ինձ պետք էլ չէր. ընդամենը մի գիշեր, որն ավելի շատ պիտի դրսում անցկացնեի: Թողեցի փոքրիկ ճամպրուկս, ցնցուղ ընդունեցի և դուրս եկա: Կառավարիչն ինձ քարտեզ տվեց և կոտրտված անգլերենով բարի ժամանաց մաղթեց և ցույց տվեց ամենաանվտանգ փողոցները: Դուրս եկա: Ամենուրեք մարդիկ էին` չնայած արդեն ժամը տասնմեկն էր: Իմ առջև ժպտերես մարդիկ էին, ովքեր ապրում էին իրենց կյանքով, և նրանց բնավ չէր հետաքրքում, թե ինչ է հագիս կամ ինչ հեռախոս է ձեռքիս: Նրանք ապրում էին և ուրախանում ամեն րոպեի համար: Ես ինձ ազատ էի զգում: Ես էլ մի անհատ էի, ով կարող է երգելով քայլել փողոցում, պարել հրապարակում հնչող երաժշտության ներքո և չարժանանալ այնպիսի հայացքների, ասես դու խենթ ես: Հաճախ հիմարների ամբոխի մեջ իմաստունը համարվում է խելագար և դուրս մղվում հասարակությունից, քանի որ նա բոլորի նման չէ: Շրջելով Փարիզում ես հասկացա, թե ինչու է Փարիզը նորաձևության մայրաքաղաք համարվում, և ինչու են ասում, որ ֆրանսուհիները ամենագեղեցիկն են. փողոցում ես տեսնում էի իրարից տարբերվող անհատների, ովքեր կրում էին այն, ինչ իրենց սազում է, առավելապես բնական էին և կանացի: Տեսա բազմաթիվ կոթողներ, մեծ ու շքեղ շենքեր, Նոտր Դամի տաճարը, Սենատի շենքը, Կյուրիների անվան համալսարանը և այլն... 
   Մի գիշերը չափազանց քիչ էր ամբողջ Փարիզը վայելելու համար, բայց հենց այդպիսի ժամադրություն էր կազմակերպել ճակատագիրն ինձ համար, և այդ ժամադրությանը վիճակված էր երբեք չջնջվել իմ հիշողություններից և սրտից: Թեև չհասցրի ամենը տեսնել` այն զգացողությունը, որ ապրեցի առավոտյան, արժեր ամեն ինչ: Գիշերն  ընդամենը երկու ժամ էի քնել: Կեսօրին պիտի օդանավակայանում լինեի: Շնորհակալություն հայտնեցի հյուրանոցի կառավարչին, ով սիրալիորեն ինձ նորից հրավիրեց իրենց մոտ, բայց այս անգամ` երկար ժամանակով: Փոքրիկ սև ճամպրուկս հետևիցս գլորելով` որոշեցի այդ նեղլիկ փողոցի վրայի սրճարաններից մեկում սուրճ խմել` անքուն գիշերվանից հետո սթափվելու համար: Առավոտյան ժամը յոթը կլիներ, սակայն Փարիզն ասես երբեք չի քնում և չի կորցնում իր առույգությունը. պարզապես գիշերային հերոսներն ու խենթերը փոխարինվում են արևի հետ արթնացող հերոսներով, ովքեր շտապում են աշխարհին <<բարի լու~յս>> գոչել...
   Մինչ սպասում էի էսպրեսսոյիս և հանրահայտ ֆրանսիական կրուասաններին, ուսումնասիրում էի շուրջս: Ամեն ինչ համեստ էր, բնական, բայց այնքա~ն գեղեցիկ: Տների պատուհանագոգերին դեռևս քնած էին բազմագույն ծաղիները: Ժամանակ առ ժամանակ տարբեր տարիքի հեծանվորդներ էին անցնում նեղ փողոցով: Ամբողջ փողոցում տարածվել էին ծաղիկների, թարմ կրուասանների և սուրճի բույրերը:
  Երկաթյա ոտքերի վրա կանգնած սեղաններն իրենց մերկությունը ծածկել էին սպիտակ սփռոցներով, որոնց վրա գեղեցիկ զարդերի նման փայլում էին թարմ ծաղիկները: Կողքիս սեղանի մոտ <<փոքրիկ սև զգեստով>> միջին տարիքի սևահեր կին էր նստած: Ոտքը ոտքին էր գցած, և վերինը անհոգ ճոճվում էր: Մազերը հավաքված էին փոքրիկ փնջով: Արիստոկրատ սփրթնած դեմքին շողում էր կարմիր շուրթերի հմայիչ ժպիտը: Պարանոցը բոլորված էր սև մարգարտի վզնոցով: Բարակ մատները փաթաթվում էին ճերմակ բաժակի բռնակին, իսկ կրակոտ շուրթերը իրենց կարմիր հետքն էին թողնում բաժակի անմեղ սպիտակության վրա: Այդ պարզությունը, որի մեջ այդքան կիրք կար, շատ ավելի կանացի ու գրավիչ էր, քան մեր փողոցներում անընդհատ հանդիպող պճնված դիցուհիները:
   Մյուս սեղանի շուրջ երկու տարեց մարդ էր նստած. սպիտակահեր ամուսիններ էին: Երկուսով առավոտյան թերթի մեջ ինչ-որ հետաքրքիր բան էին գտել և շոկոլադե կրուասան ըմբոշխնելով` բուռն քննարկում էին, ժպտում: Նրանց աչքերում դեռ առկայծում էին երիտասարդ չարաճճիությունը և սերը... Մի փոքր անց նրանք, իրար ձեռք բռնած, գնացին: Իմ գնալու ժամանակն էլ էր: Տաքսի~, փաստաթղթե~ր, ուղեբե~ռ... Սպասի'ր ինձ, Հռո~մ...
      

շարունակելի...

4 comments:

  1. Astxik you are the best and your story is perfect...

    ReplyDelete
  2. ases hraverq er miasin shrjagayelu... @nduneci u chposhmaneci,,,
    tpavorvac em )))Apres,Astxik jan!!!

    ReplyDelete
    Replies
    1. Անչափ շնորհակալ եմ ԼՒԼՒ Յանա ջաաան :)) Հուսամ` մի օր իսկապես բախտ կվիճակվի շրջագայել սիրո մայրաքաղաքներում ;)))

      Delete