Sunday, October 21, 2012

Մարդը` ափից դուրս


Երեկոն


  - Հաբերդ ընդունե±լ ես, - հարցրեց Նարինեն` ծալելով նարնջագույն ծածկոցը և դնելով փոքրիկ բազմոցի վրա:
-    - Ո'չ, ես դրանց կարիքն այլևս չունեմ, - չոր ձայնով կտրուկ պատասխանեց Արամը և հանգցրեց կողքի սեղանիկի դեղին լույսը: - Դու գիտես, որ ես արդեն վաղուց լավ եմ, և ոչինչ չի անհանգստացնում:
-        - Բայց չէ± որ բժիշկն ասել էր...
-     -  Ինձ չի հետաքրքրում, թե ինչ ասաց այդ հիվանդ հոգեբանը, ես այլևս չեմ զգում դրանց կարիքը, - ընդհատեց Արամն ու ձայնը բարձրացնելով` շարունակեց, - բավակա’ն է արդեն ինձ վանդակի մեջ պահեք որպես հիվանդ մի կենդանի, ես հոգնել եմ այս միապաղաղ ամեն ինչից, այս ստից հիվանդություններից, քո խղճահարությունից... Մանկուց ի վեր հազիվ եմ շնչել: Իսկ հիմա ես ազատություն եմ ուզում:
-       - Ների’ր, հոգի’ս, ների’ր: Ես չէի ուզում քեզ վրա ճնշում գործադրել... Պարզապես ուզում եմ, որ դու լավ լինես... Այդքանը...
     
     Նարինեն կախեց գլուխը և ունքերի տակից սեփական մեղքը ընդունող երեխայի պես մանկական հայացքով նայեց Արամին: Այդ հայացքը... Տարիների ընթացքում այդ հայացքը չէր փոփոխվել: Նրա աչքերում շարունակում էին առկայծել մանկական չարաճճիությունն ու անմեղությունը: Արամը, տեսնելով այդ հայացքը, փափկեց: Դեմքի կարմրությունն իջավ: Նա սիրում էր Նարինեին և գիտեր, որ վերջինս միշտ հավատարմորեն իր կողքին է եղել, պայքարել է իրեն տանջող ամեն ցավի հետ այնպես, ասես դրանք սեփական ցավեր էին: Նարինեն ընկղմվեց կաթնագույն անկողնու մեջ: Արամը սահեց դեպի նա և սեղմեց իր մերկ կրծքին:
-      
        - Ների’ր... Չգիտեմ` ինչ է կատարվում հետս: Ուղղակի հոգնել եմ, հասկանու±մ ես... Էլ չեմ ուզում էսպես, - հոգոց հանեց և համբուրեց Նարինեի ճակատը, որի վրա ցորենագույն մազերի մի քանի փունջ էր ընկած: - Դու գիտես իմ անցյալը... Մտածում էի, որ մեծանամ, կազատվեմ այդ բոլոր վախերից և կապանքներից: Մտածում էի, որ այլևս երբեք չեմ զգա անազատության այդ ծանր բեռը: Իսկ հետո... Այդ հիվանդությունը... Ես չէի հավատում, որ այլևս չկա անցյալի հրեշը, և ամենուր նրան էի տեսնում:
-    - Գիտեմ, հոգի’ս, ամեն ինչ հասկանում եմ... Բայց մենք հաղթահարեցինք այդ ամենը: Վախենալու և անհանգստանալու այլևս ոչինչ չկա, - մանկական ժպիտով ասաց Նարինեն և ամուր գրկեց Արամին: - Ես քեզ նման տղամարդու չեմ հանդիպել, Արա’մ, դու միշտ այնքան ուրիշ ես եղել: Քո մտքերը, քո բառերը... Դու խելագար ես... Ամեն հանճար խելագար է... Ես չգիտեմ, թե ինչ ես ամեն օր գրում քո խորհրդավոր օրագրում, բայց վստահ եմ, որ դրանցից յուրաքանչյուրը մի ամբողջ աշխարհ է` փիլիսոփայական, խորհրդավոր, հանճարեղ, գեղեցիկ... Մի օր կկարդա±ս քո գրած տողերը, - չարաճճիորեն նայեց Արամի մուգ կանաչ աչքերի մեջ:
-       - Չէ’, սիրելի’ս, դրանք վտանգավոր մտքեր են. քեզ խելագարության կհասցնեն: Ընտանիքում մի խելագարը լրիվ բավական է:
-     - Արա’մ, մի բան եմ ուզում քեզ ասել... Արա’մ, ես երեխա եմ ուզում, - մի փոքր կարմրելով հազիվ արտաբերեց Նարինեն: - Այսքան տարի միասին ենք... Ուզում եմ քո փոքրիկ տեսակը վազվզի սենյակներով, մազերս քաշի, ջարդի ամանները, տարօրինակ...
-       - Չէ’, Նարինե’, - հանկարծակի ընդհատեց Արամը, ում դեմքը կրկին մռայլվեց: - Արդեն ուշ է, բարի գիշե’ր, սիրելի’ս:

           Արամը համբուրեց Նարինեին և շրջվեց դեպի մյուս կողմ: Նարինեն լացակումած նայում էր ամուսնուն և չէր հասկանում, թե ինչ է կատարվում. մի երեկոյի համար տարօրինակությունները շատ էին:
      <<Ի±նչ է կատարվում Արամի հետ: Այդ պատասխանը գիտի միայն նրա օրագիրը... Ա~խ, ինչպես կուզեի կարդալ քո մտքերը: Դու այնքան փակ ես դարձել, Արա’մ, այնքա~ն խորհրդավոր>>: Այսպիսի մտքերով տարված` Նարինեն փակեց հոգնած կոպերը և վերջապես քնեց:

           Գիշեր... Այնքա~ն խորհրդավոր և վտանգավոր: Գիշերվա մեջ մեղսագործներն են ապրում, որ չեն ցանկանում տեսնել իրենց սև ձեռքերը և չարությունից ուռած աչքերը: Գիշեր... Մի ժամանակ, որում ապրում են բոլոր կորուսյալները և ամեն անգամ խարխափելով դուրս են գալիս իրենց բներից, որ կարողանան գտնել իրենց: Գիշեր... Առեղծվածային մի գնչուհի, որ իր կրքոտ գիրկն է կանչում օտարականներին` խոստանալով ապաստան և ջերմություն` արդյունքում տալով միայն սառնություն և հավերժ գերություն: Գիշեր... Սիրո կրակն էլ է նրանում վառվում... Գիշե~ր... Հենց այդ ժամանակ են ծնվում ամենաանկեղծ մտքերը, որոնք երբեմն մահու չափ սարսափելի են լինում... Հենց այդ ժամանակ են դրանք հաճախ իրականանում...
     
           Զարթուցիչը խփեց ուղիղ յոթն անց քառասուն հինգին: Նարինեն` աչքերը փակ, քնի մեջ ինչ-որ բաներ զառանցելով, ձեռքը գցեց այն լռեցնելու: Աչքերին քաշեց կաթնագույն ծածկոցը, որ դեմքը ծածկի արևի` պատուհանից ներս սողոսկող ճառագայթներից:
-       - Արա~մ,- քնկոտ ձայնով ասաց նա: - Արա’մ, համարյա ութն է, վե’ր կաց:
     Մի քանի անգամ ձայն տալուց հետո Նարինեն քաշեց աչքերից ծածկոցը և նայեց շուրջը. կողքին ոչ ոք չկար: Անկողնու մի կողմում միայն նամակ էր և Արամի օրագիրը: Նարինեն կիսամերկ դուրս վազեց սենյակից և տանը ոչ ոքի չգտնելով` վերադարձավ սենյակ: Նա վախվորած նայում էր մե’կ նամակին, մե’կ օրագրին... Դողդողացող ձեռքերով բացեց նամակը և սկսեց կարդալ.

ՙ      << Բարև’, սիրելի’ս: Ասում են` մարդու բարձրագույն արժեքն ազատությունն է: Ի±նչ կասես դու’, իմ հոգին ու սիրտը շղթայող երկնայի’ն արարած: Ես ազատվել եմ բոլոր կապանքներից, որ ցանկացած մարդու գերի են դարձնում: Վերջին կապանքս դու ես: Եվ ես հիմա ուզում եմ իմ վերջին քայլն անել դեպի ազատությունը: Ների’ր ինձ, սիրելի’ս: Ես գիտեմ, որ հիմա սիրտդ մանր փշուրների եմ վերածում, որ ժամանակի ընթացքում դժվար թե կարողանան հավաքվել և սիրտ դառնալ: Բայց ես ստիպված եմ... Ես պետք է... Այս տարիները, որ հիմա մեջքիս հետևում եմ թողնում, ինձ համար ամենաերջանիկն էին: Դու ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ մարդը: Դու իմ կողքին էիր, երբ անգամ իմ ստվերն էր ինձանից երես թեքել: Ես սիրում եմ քեզ... Բայց հիմա ամենից առավել ազատությունն եմ սիրում: Ների’ր... Ես պիտի զգամ նրան, պիտի գնամ նրա մոտ: Ազատությու~ն...
Որքան հարաբերական բան է ազատությունը, Նարինե’: Տարիներ առաջ դու ասում էիր, որ ես քո ազատությունն եմ: Բայց տարիների հետ մենք դարձանք կապանք: Ու հիմա ես գնում եմ: Ես ուզում եմ լինել մարդ` ցանկացած ափից դուրս... Եթե քեզ ավելի հեշտ կլինի այս ամենը վերապրել` իմանալով, որ ես այս քայլին եմ դիմում, որովհետև ստոր եմ, անպատկառ, անշնորհակալ և այլն, ուրեմն այդպե’ս մտածիր ու խոսիր իմ մասին, այդպե’ս անվանիր, ատի’ր ինձ... Չնայած ատելությունն է, որ մեզ հավիտյան գերի է դարձնում ու զրկում ազատությունից: Քեզ եմ թողնում իմ ձեռագրերից մեկը... Ձեռագրեր, որոնք դու այնքա~ն ցանկանում էիր կարդալ. դրանցից մեկը քոնն է: Սիրում եմ քեզ: Հաջողությու’ն: Երջանի’կ եղիր...
Արամ

Հ.Գ. Չեմ գրում սովորական դարձած  <<Քո Արամ>>-ը... Ես ազատ եմ... Ես ոչ ոքին չեմ պատկանում>>:


Նարինեի ձեռքերը դողում էին, ամբողջ մարմինը ցնցվում էր:
         -    Արա’մ, Արա~մ, ի±նչ ես անում, Արա~մ, ինչու± ես ինձ հետ այսպես վարվում, մի±թե ես արժանի չէի քեզ համար ազատություն լինել, Արա~մ, - արցունքների միջից գոռում էր Նարինեն և ճանկռում ճմռթված սավանը:


Նա քարացած նայում էր մուգ շագանակագույն կաշվով պատած հուշատետրին: Նա ողջ հոգով ատում էր այդ հուշատետրը, այդ ձեռագրերը, ցանկանում էր այրել այն, քանի որ վախենում էր նրանից, ինչ գրված էր այնտեղ: Նա վախենում էր արդարեցնել նրան և ամբողջ կյանքում մեղադրել ինքն իրեն. չէ± որ Նարինեն սիրում է, այն էլ` ուժգին, և անգամ այս պահին նա ոչ մի րոպե չէր դադարում սիրել Արամին: Նա հավաքեց իր բոլոր ուժերը և ճանկեց հուշատետրը: Արամի մանր ձեռագիրը... Հուշատետրը մի քանի մասի էր բաժանված: Առաջին էջին տարօրինակ մի նախաբան կար: Գեղեցիկ էր Նարինեն անգամ այս վիճակում. նա չէր հեկեկում, չէր ճչում, արցունքները մեծ կաթիլներով պարզապես վազում էին նրա այտերի վրայով: Նուրբ վարդագույն մետաքսե գիշերազեստն ի ցույց էր դնում նրա փոքրիկ, կլոր կուրծքը: Ցորենագույն երկար մազերը թափված էին թիկունքին: Հոլանի բազուկները սպիտակ էին, փափուկ` երկնային ամպերի պես: Հուզմունքից կարմրած հաստլիկ շուրթերը դողում էին: Նարինեն, կուլ տալով արցունքները և խոր հոգոց հանելով, սկսեց կարդալ...

No comments:

Post a Comment