Wednesday, February 1, 2012

Սիրո հանրահաշիվը

 Ամեն ինչ սովորականի պես կլինի. ձմռան փոխարեն գարուն կգա, օրվան կհաջորդի գիշերը, լույսի պատճառով ստվերներ կծնվեն, անձրևներ կգան ու կչորանան, ձյան փաթիլները կիջնեն ու կհալչեն, մարդիկ անտարբեր ու սառը հայացքներով կշարունակեն իրենց մրցավազքը, նոր սրտեր կմիավորվեն, այլ սրտեր կկոտրվեն, երկրագունդը կշարունակի պտտվել իր առանցքի շուրջ, արևը կշարունակի շողալ, միայն յոթ միլիարդ մարդկանց միջից կպակասի մեկը... Եվ անգամ այդ մարդու պակասելով այդ յոթ միլիարդը չի փոխվի, քանի որ այն ևս պայմանական է, ինչպես ամեն բան այս կյանքում... Անգամ թվերն են պայմանական, և մեկին գումարած մեկ միշտ չէ, որ երկուսի է հավասար... Եվ շատ հաճախ երկուսը բաժանած երկուսի բնավ էլ մեկ չի ստացվում. ստացվում է զրո... Ահա այդ զրոն եմ ես...

     Ես վաղուց արդեն չկայի. ես ՄԵՆՔ էի դարձել. մեկին գումարած մեկ հավասար է երկուսի: Երկուսով ապրում էինք, երկուսով շնչում: Քո հայացքն արդեն իսկ բավական էր, որ սկսեի լայն ժպտալ, մեկ բառդ ամբողջ օրս էր պայմանավորում: Դու սիրում էիր ինձ, ես սիրում էի քեզ: Ես քոնն էի, դու` իմը: Մեր ամեն ինչը պատկանում էր մեզ և ոչ ինձ ու քեզ առանձին-առանձին...  Մեկին գումարած մեկ հավասար է մեկի: Մեր հարսանիքը... Այն հեքիաթի էր նման: Ես երբեք էլ ճոխ հարսանիքի մասին չեմ երազել: Հարսանիքից հետո մենք գնացինք անտառի մեջ գտնվող մի տնակ, որտեղ մենք էինք և մեր սերը... Որքան հաճելի էր արթնանալ առավոտյան և բնության ձայնի ներքո քո քնկոտ ձայնը լսել: Անտառում երկա~ր զբոսնում էինք, արկածներ հորինում, գանձեր որոնում, դու ինձ արջից էիր փրկում, իսկ ես քո հերոսության համար համեղ կարկանդակ էի պատրաստում: Անցավ մեկ տարի...
   Մեկին գումարած մեկ հավասար է երեք... Մենք փոքրիկ հրաշքի էինք սպասում: Դու յոթերորդ երկնքում էիր: Երբեմն գալիս և ինձ վրա ծիծաղում էիր` ասելով, որ շուտով ինձ գնդլիկ-բոքոնիկ պիտի կոչես: Երկար ծիծաղում էինք, փորձում գուշակել, թե ում նման կլինի մեր սիրո պտուղը... Սակայն Աստված չկամեցավ մեզ ցույց տալ մեր փոքրիկին... Նա, ինչպես նվիրեց, այդպես էլ հետ վերցրեց իր պարգևը... Առնվազն ցինիզմ կարելի է կոչել: Մենք տառապում էինք... Ես էի տառապում: Արդեն կապվել էի կլորիկ փորիկիս, որին արդեն մեր ընտրած անունով էի դիմում, իսկ հիմա?... Հիմա միայն դատարկություն... Դու սառել էիր: Դու ինձ էիր մեղադրում: Ու թեև դրա մասին ոչ մի անգամ չբարձրաձայնեցիր` ամեն անգամ դա էի կարդում աչքերիդ մեջ: Դու չէիր կարողանում ինձ ներել նաև այն, որ երկար ժամանակ չէի կարողանալու քեզ զավակ պարգևել: Դու սկսեցիր սպանել սերը: Մեկին գումարած մեկ հավասար է երկուսի: Մենք միասին էինք, բայց դու կողքիս չէիր, մենք դարձանք ես ու դու: Մտածում էի` կանցնի: Տառապում էի լուռ, աննկատ... Ամեն ինչ անում էի, որ անցածի պես լինի: Բայց դու դավաճանեցիր... Գնացիր... Երկուսը բաժանած երկուսի հավասար է մեկի: Հույսս դեռ չէր մարել: Դռան թակոց: Դատական կատարածու: Ապահարզան: Նոր ամուսնություն: Երկուսը բաժանած երկուսի հավասար է ԶՐՈ:
   Ինքդ էլ գիտես` զրոն գոյություն չունի, նրան չի կարելի հաշվել. զրո ու վերջ: Մի?թե սիրո մեր հանրահաշիվն այսպիսի ավարտ պիտի ունենար, մի?թե այդքան թույլ էր մեր գումարածը...
 
    Ամեն ինչ սովորականի պես կլինի. ձմռան փոխարեն գարուն կգա, օրվան կհաջորդի գիշերը, լույսի պատճառով ստվերներ կծնվեն, կառաջանան նոր երկուսներ, երեքներ, մեկեր և զրոներ... Զրոն, սակայն, չի լինում հաշվել...

No comments:

Post a Comment