Tuesday, February 7, 2012

Ժպտա', բարեկա'մս, ժպտա'

SMILE!!! :) Ի?նչ դժվար բան կա դրանում... Տե'ս` բարձրացնում ես շուրթիդ մի անկյունը, ապա մյուսը, և ծնվում է ժպի~տ: Դե~, ինչու? ես տխուր: Հապա ի'նձ լսիր. նայի'ր շուրջ: Ի?նչ ես տեսնում: Դու ցույց ես տալիս ամպամած երկինքը, չորացած ծառերը, մտախոհ մարդկանց... Է'հ, բարեկա'մս, ուշադիր չես նայում: Նայի'ր այն անուշիկ բալիկին, ինչպես է մայրիկի թևն ամուր գրկած քայլում և ժպտում ամեն անցորդի, նայի'ր այս մերկ ծառին, որի վրա կամաց-կամաց բողբոջներ են ծնվում, նայի'ր հեռու~ հեռվում ամպերի միջից երևացող լույսի շողին. նա հաղթել է ամպերին: Նայի'ր այն հաշմանդամ մարդուն, որ ժպտում է  և ոգևորված ինչ-որ բան է պատմում իր ընկերոջը: Նայի'ր այն փոքրիկ ցողունին, որ ասֆալտի միջից է դուրս եկել, նայի'ր սիրահար այս զույգերին...  Նայի'ր ու ժպտա, չէ? որ այս գորշ ամբոխի միջից գեթ մեկը քո ժպիտի կարիքն ունի: Այս կյանքը շատ կարճ է այն տխուր անց կացնելու համար: Կնճիռնե?ր կառաջանան: Աստվա'ծ իմ, բարեկա'մս, մի' ծիծաղեցրու ինձ: Ծերության տարիներին դեմքիս մի  բան կուզեմ ունենալ` երջանկության կնճիռներ: Լորդ Հենրին այնքան ճիշտ խոսք ուներ. երբ մարդը մտախոհ է դառնում, նա տգեղանում է. մեծանում է նրա քիթը, ճակատի վրա փոսեր են հայտնվում, մեջքը ծռվում է և այլն և այլն: Իմ կյանքի մայրամուտին ես կուզեմ, որ իմ թոռնիկները նայեն ինձ և ասեն` տատիկն առանց բերանի ձևը փոխելու էլ ասես ժպտալիս լինի: Ժպտա', բարեկա'մս, ագահություն մի' արա: Տուր աշխարհին քո ժպիտը, և նա քեզ շնորհակալություն կասի: Դու ասում ես, որ քեզ վիրավորանք են հասցրել: Ուրեմն լսի'ր ինձ: Կա մի ավանդազրույց.
 Մի օր աշակերտը գալիս և ասում է իր ուսւոցչին.
  - Ուսուցի'չ, դու այնքան հանգիստ ես: Դու ոչ ոքից չես վիարավորվում, ոչ ոքի հետ չես վիճում: Ասա' ինձ, ինչպե?ս ես էլ քեզ պես դառնամ:
  - Մի տոպրակ վերցրու' և մի'շտ քեզ մոտ պահիր: Ամեն անգամ, երբ մեկի վրա բարկանաս, վիրավորես կամ վիրավորվես, մեկ կարտոֆիլ գցիր տոպրակիդ մեջ:
   Անցան ամիսներ: Աշակերտի տոպրակը լիքն էր: Իսկ այն կարտոֆիլները, որոնք նա ամենասկզբում էր գցել տոպրակի մեջ, սկսել էին փտել և զզվելի հոտ արձակել: Աշակերտը եկավ ուսուցչի մոտ:
   - Ուսուցի'չ, ես այսպես այլևս չեմ կարող, ինձ ուրի'շ ձև ասա. տոպրակն արդեն շատ ծանր է, իսկ այն կրելը ոչ միայն բարդ է, այլև տհաճ:
   - Այդպես է նաև քո հոգին: Ամեն անգամ, երբ դու բարկանում ես և վիրավորանքն ու չարությունը պահում ներսումդ, դրանք կուտակվում են: Հներն սկսում են փտել և թունավորել հոգիդ, ծանրացնել այն: Դե'ն նետիր այդ աղբը քո հոգուց այնպես, ինչպես այ տոպրակը հիմա կնետես:
  Տեսնու?մ ես: Ժպտա', բարեկա'մս, ժպտա', քանի դեռ շնչում ես: Ամեն պահ նվեր է քեզ, և այդ նվերը ժպիտով պիտի ընդունես: Ժպտա' ու հավատա', որ ամեն ինչ լավ է լինելու: Ժպտա' ու ուրի'շ տեսանկյունից կտեսնես աշխարհը, կտեսնես ծիածանի բոլոր գույները, կլսես անգամ ամենատխուր անձրևի դյութիչ երգն ու ժպիտով կընդունես այն...


   Ժպտա', բարեկա'մս, ժպտա~

2 comments:

  1. lavnerrrrrrrrrrrrrrrrrrrrrr......................jptaceq mardikkkkkkkkkkkkkkkkkkkkkkk)))))))))))))))))

    ReplyDelete
    Replies
    1. Շնորհակալությու~ն :) :)....... Ժպի~տ =)

      Delete