Thursday, June 28, 2012

Սպասե’ք ձեր սիրելիներին. մաս 2

- Այսօր հետաքրքիր դաս ենք անցկացնելու, – ասաց սպիտակահեր դասախոսը` ամբիոնի մոտ անցնելով: – Այսօր ձեզ կարդալու եմ համբերության և հավատարմության դասախոսություն:

Այդ պահին լսարանի հետևից մի քանի տղա ծիծաղեցին: Դասախոսը չլսելու տվեց: Մոխրագույն բաճկոնի ներքին գրպանից դեղնած թղթերի մի փոքրիկ կապոց հանեց և դրեց սեղանին, մաքրեց կլոր ապակիներով ակնոցը և շարունակեց.
- Նախորդ դասին խոսեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմի և ժամանակակից աշխարհի վրա բերած աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին: Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ փոփոխություններ այն մտցրեց մարդկանց սրտերում և ինչպես բեկեց բազմաթիվ ճակատագրեր:
  Այդ պահին դասախոսը հուզված էր երևում: Նա վերցրեց թղթերի կապոցը, հանեց խնամքով ծալված մի նամակ և սկսեց կարդալ.
  - Սիրելի’ս, ինչպե?ս ես…. Այնքան եմ կարոտել քեզ… Ների’ր անվերջ բազմակետերիս համար…. Չեմ կարողանում վերջակետ դնել, քանի որ քեզ շատ եմ սիրում,իսկ սերը սահման չի ճանաչում……անհամբեր սպասում եմ քո վերադարձին…..այնքան եմ ուզում գրկել քեզ ……դու տարածության մեջ անհայտացել ես, բայց չես էլ մտածում ,որ ընդամենը իմ սրտում ես մոլորվել….բայց դա երկար չի տևի….մի քանի տարի առաջ կարդում էի Դյումայի հրաշալի մտքերից մեկը. <<Ջահելությունը ծաղիկ է …..սերը` պտուղը նրա …..երաջանիկ է այն այգեգործը, ում մոտ այն դանդաղ է հասնում>> ………մեր սերը չափազանց հասուն է …….դա է ինձ ապրեցնում ………մի քիչ վախ կա իմ մեջ` ցուրտ ձմռան հետ կապված ……..չեմ ուզում, որ դա վնասի մեր վերեկրային զգացմունքներին…. Սիրում եմ քեզ, հրեշտա’կս….
  Լսարանը լուռ էր. բոլորը զգում էին այն սերը, որի մեջ թաթախված էին այդ դեղնած թղթերը:
  - Այս տողերը Երկրորդ համաշխարհային պատերազմի երիտասարդ զինվորը գրել էր իր սիրելի աղջկան` Լիլիային:
  - Իսկ ի?նչ է եղել նրանց հետ: Նրանք միասի?ն են, – հանկարծ լսվեց լսարանից:
  - Ձեր հարցի պատասխանն այս նամակում է,- պատասխանեց դասախոսը և կապոցից գեղեցիկ, մանր ձեռագրով գրված մի նամակ հանեց: – Լսե’ք, սա Լիլիայի պատասխանն է տղայի տասնյակ նամակներին:
   <<Ների’ր… Եթե, իհարկե, կարող ես… Ների’ր,որ թույլ էի, որ սիրտս թույլ էր: Ես էլ չեմ կարող սպասել… Չեմ կարող… Մանավանդ, որ հնարավոր է` չգաս… Ների’ր թերահավատությանս համար: Ես նշանվել եմ: Մի քանի օրից հարսանիքս է: Ստացա հերթական նամակդ: Չկարողացա չպատասխանել այն նամակին, որում հուսահատ երեխայի պես խնդրում ես պատասխանել քեզ…որտեղ հայտնում ես, որ վիրավոր ես… Ների’ր… Ես առողջ ամուսին եմ ուզում, առողջ ընտանիք: Այլևս չգրե’ս ինձ. ես հարսանիքի պիտի պատրաստվեմ: Ների’ր… Առողջություն և երջանկությու’ն քեզ>>:
  Այս նամակից հետո զինվորը հուսահատ վիճակում էր, սակայն ձեզ ծանոթ <<Ես և Նա>>-ի սյուժեն այստեղ տեղ չգտավ: Նա պայքարեց: Նրան ասում էին, որ վիրավոր ոտքը գուցե չլավանա, որ նա կարող է մեկ ոտքով մնալ, սակայն նա որոշել էր, որ պիտի ապրի, որ ոտքերն ամուր ու առողջ պիտի լինեն: Այդպես էլ եղավ: Չնայած նա փոքր-ինչ կաղում էր, ամենաակտիվ դիվիզիաների հետ հասավ ամենաթեժ կետեր և շատ թշնամիների սպանեց: Դրսից` ուժեղ, ներսից` դատարկ ու կոտրված: Պատերազմից հետո նա չգիտեր` ինչպես ապրել. պատերազմը նրա ապրելու իմաստն էր դարձել, իսկ դրա ավարտից հետո… Նա վերադարձավ տուն, ստացավ բարձրագույն կրթություն և շատ հաջողությունների հասավ, բայց պատերազմի ու դավաճանության ստվերնեը շարունակում էին ուղեկցել նրան: Նա չէր կարողանում անձնական կյանքը դասավորել, նա վախենում էր կրկին հայտնվել հուսահատ վիճակում: Մի օր նա հանդիպեց Լիլիային: Նիհարած, չոր ձեռքերով, սփրթնած, էժանագին չթե զգեստով, ձեռքին` մոտ երկու տարեկան երեխա: Մոտեցավ նրան: Գումար էր մուրում: Չճանաչեց նրան: Լիլիային խնդրեց պատմել իր կյանքից: Ասաց, որ ամուսինը հարբեցող է, ընտանիքում հինգ երեխա կա, իսկ ինքը աշխատանք չունի,ամուսինն էլ բացի հարբելուց ուրիշ ոչինչ չի անում: Գրպանից հանեց եղած-չեղածը և տվեց կնոջը: Նախկին զինվորը նայեց Լիլիայի աչքերի մեջ այն նույն հայացքով, որով նայում էր շատ տարիներ առաջ, երբ ամեն ինչ հեքիաթային էր: Լիլիայի աչքերը լցվեցին: Նա կախեց գլուխն ու հեռացավ:Այդ օրվանից նա այլևս չտեսավ Լիլիային: Նա շարունակում է ապրել անցյալի զարհուրելի պատկերներով և չի կարողանում բուժել հին վերքերը: Նրա տունը սառն է ու դատարկ: Սիրած մարդը չսպասեց: Ըստ նրա` Լիլիայի բերանով ճակատագիրն էր խոսում, այդ է պատճառը, որ նա նետվում էր ամենավտանգավոր կետեր` անտեսելով վնասված ոտքը: Նման վերքերը չեն բուժվում, հարգելինե'րս: Ցանկացած զինվորի համար կարևոր է այն, որ նրան սպասում են, շարունակում են սիրել և կարոտել: Շատ զինվորներ բախվեցին նմանատիպ դեպքերի հետ: Նրանք փոխվեցին… Հավիտյան փոխվեցին:
  - Պարո’ն Հովսեփյան, իսկ Դուք որտեղի?ց գիտեք այս պատմությունը, այն էլ` այսպիսի մանրամասներով, – հարցրեց առաջին նստարանին նստած ուսանողուհին:
  - Գիտեմ… Պարզապես գիտեմ, – ասաց դասախոսը և լսելով զանգի ձայնը` կաղալով դուրս եկավ լսարանից:

No comments:

Post a Comment