
Ծածանվում էր կարմիր փեշը... Հոսում էր արյան պես... Վե'րջ, գլանակն էլ սպառվեց: Ու կինը կարծես ուշքի եկավ: Կոպերը դողացին: Ապա բացեց... Նա բացեց իր աչքերն ու վեր նայեց լուսնին... Այդ աչքերը... Ոչ մի գրող չի կարող նկարագրել այդ աչքերը, չնաշխարհիկ, բայց միաժամանակ սարսափելի աչքերը: Լուսնագույն աչքերի մեջ խտացել էին աշխարհի բոլոր զգացմունքները: Բայց հիմա դրանք աղերսող էին, դժբախտ, ատելությամբ լի, բայց միաժամանակ նաև այնքա~ն գեղեցիկ, որ հմայելով կարող են հասցնել խելագարության և սպանել: Բոլոր աստղերը խամրեցին: Երկնքի սև խեժն սկսեց ծորել շրջակա ամեն ինչի վրա` թողնելով միայն լուսնին, կնոջը և կամուրջի այն վանդակապատը, որին կեռերի նման կառչել էին կարմիր զգեստով կնոջ սառած մատները:
Նրա աչքերը նայում էին լուսնին, սակայն լուսին չէին տեսնում: Նա չէր տեսնում ոչինչ: Նրա աչքերում գրված էր մի պատմություն, որ սարսափելի էր այդ աչքերի դատարկության նման: Աչքեր, որ լիքն են հենց այդ դատարկությամբ....որ դատարկվում են զգացմունքների, ապրումների այդ լիությունից...
Կարմիր փեշը շարունակում էր արյան պես իջնել գետնին: Նա նայում էր լուսնին. ասես լուռ երկխոսության մեջ էր մտել նրա հետ և նրան էր տալիս արդեն երկար ժամանակ իրեն տանջող հարցերը: Երեք լուսին... Մեկը երկնակամարում, իսկ մյուս երկուսը` այստեղ` երկրի վրա` նրա դեմքին: Ո'վ ես դու, կարմի'ր տիկին, արնո'տ տիկին: Նա իջեցրեց գլուխը: Այդ ժեստի մեջ այնքան հուսահատություն կար: Քամին սկսեց ցրել նրա երեսի վրայով դանդաղորեն իջնող կաթիլները` դառը, հուսահատ... Ի?նչ ես պատրաստվում անել, կարմիր զգեստով խորհրդավո'ր կին, ո?վ ես դու...
- Ես Հույսն եմ, - շշնջացին նրա սառած շուրթերը:
Սկզբից աջ ոտքը դրեց վանդակապատին, ապա ձախը... Քամին ավելի ուժգնորեն էր ծածանում կարմիր զգեստի երկար փեշը...Փակեց աչքերը... Հիմա միայն մի լուսին կա...այն էլ` երկնքում...
Առավոտ... Լուսաբացին մոռացվում է գիշերը... Արևը նորից վառում է այն, ինչ հանգցրել է գիշերը, ում թունավորել է իր սև խեժով...
No comments:
Post a Comment