Sunday, July 15, 2012

Անձրևային կարոտ

  Ես չգիտեմ` անձրևն էր պատճառը, թե աչքերովս դուրս հորդել ցանկացող սրտիս խոր անկյունում պահած կարոտը, որ թախծի հետ միասին նստել եմ մութ սենյակումս և նայում եմ պատուհանից... Ու?ր ես: Ոտքերս ցանկանում են վազել դեպի քեզ, որպեսզի թևերս կարողանան ամուր գրկել քեզ, իսկ մարմինս հալչի քո ամուր բազուկների մեջ, որ աչքերս թափանցեն քո աչքերի մեջ, իսկ շուրթերս գուցե հանդիպեն քո մոլորված շուրթերին: Գուցե այս տաք անձրևն է լվացել, տարել այն դիմակը, որով թաքցնում էի կարոտս, որով ինքս ինձ ստիպում էի ուժեղ լինել և ժպտալ, որ դու էլ ժպտաս: Ժպիտդ... Պատուհանից այն կողմ... Շա~տ հեռու... Եվ հիմա... Գուցե միայն հիմա? եմ ես` իրական, առանց դիմակի. ես ու զգացմունքներս... Հիմա կարող եմ ազատություն տալ մտքերիս,երգերիս և արցունքներիս, որ անձրևի կաթիլների հետ հավասար սահում են պատուհանն ի վար: Ճակատս հենել եմ ապակուն, աչքերս ամուր-ամուր փակել եմ և փորձում եմ զսպել հոգուս անձրևը, չէ? որ ամեն ինչ լավ է լինելու: Դու գալու ես և ամուր գրկելու ինձ: Դու գալու ես, որ միասին լինենք... Ու հետո էլ ինձ մենակ չես թողնի... Չես թողնի, որ անձրևը տխրեցնի, իսկ կարոտը քայքայի ինձ: Իսկ հիմա թո'ղ լա երկինքը... Թո'ղ լա արցունքներով, որոնցով ես չեմ արտասվել... Թո'ղ լա իմ փոխարեն... Իսկ ես կշարունակեմ ժպտալ` հոգումս տեղացող անձրևի տակ ոտաբոբիկ պարելով...

No comments:

Post a Comment