Thursday, May 24, 2012

Ով ենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում…



Ով ենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում… Մեր մեծ պատմահոր հիրավի նշանակալից հարցի պատասխանը գտնելով միայն կարող ենք պատկերացում կազմել հինավուրց մի ժողովրդի մասին, որի ուղին անցել է պատմական վայրիվերո ճանապարհներով: Մենք աշխարհի թերևս ամենահին ժողովուրդներից մեկն ենք, բայց դրա հետ մեկտեղ մեր պետությունը` Հայաստանի անկախ հանրապետությունը, ընդամենը քսան տարեկան է: Սակայն հարկ է նշել, որ հայերիս պես դարերի խորքից եկած բազմաթիվ ազգեր անհետացել են: Որն է մեր ազգի գոյության պահպանման գրավականը: Եվ դրա հետ մեկտեղ ինչից է, որ այդքան փոթորիկների միջից հաղթականորեն դուրս եկած ազգը ցրված է ամբողջ աշխարհով, իսկ նրա պետությունը տարածված է երեսուն հազար կմ քառակուսի տարածքի վրա: Պատասխանները պետք է փնտրել մեր մեջ` մեր ազգային մտածելակերպի, ավանդույթների և առանձնահատկությունների:
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում մենք ունեցել ենք տարբեր հզորության և տարբեր մշակույթներ կրող հարևաններ, որոնք իրենց ազդեցությունն են թողել մեր պատմության ընթացքի և մշակույթի վրա: Հայերս հարմարվելու հատկություն ունենք: Մենք հարմարվում էինք ստեղծված սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքին և զարգացման ուղիներ փնտրում, կառուցում մերը: Մենք տարբեր մշակույթներից վերցնում էինք այն, ինչ պետք էր և հարստացնում մեր մշակույթը: Հենց այս հատկանիշն է, որ մեզ օգնել է գոյատևել, չմնալ դարերի արանքում և երբեք չհնանալ: Դրա հետ մեկտեղ մենք միշտ կարողացել ենք պահպանել ազգային մեր դիմագիծը և տարբերվել, չձուլվել մյուսներին: Մենք առաջինն էինք, որ ընդոունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հռոմը ևս ընդունեց այն: Սակայն զուր էին նրա ջանքերը հայ ժողովրդին ձուլել և ենթարկեցնել միևնույն հավատքի միջոցով: Մենք կառուցեցինք մեր սեփական` միաբնակ առաքելական եկեղեցին և քայլեցինք առաջ: Թուրք-պարսկական տիրապետության շրջանում մեր ողբը թեև սկսեց ՙբայաթի՚ կոչվել, բայց այն հայի արցունքներով էր լալիս և հայի ցավով էր ցավում: Ռուսական տիրապետության շրջանում մենք սկսեցինք օրհնել ռուսին և ՙայն օրը, երբ ռուսը ոտք դրեց մեր հողերին՚: Սակայն սասունցին, մշեցին, զեյթունցին և ղարաբաղցին ցած չդրին զենքերը և շարունակեցին պայքարել օտար զավթիչների դեմ` հասկանալով, որ ռուսը նաև օտար է, կարող է և դավաճանել, և հույսը դրեցին միայն սեփական քաջության վրա… Բայց ինչ-որ բան մեզ խանգարում էր և թույլ չէր տալիս հասնել մեր մեծագույն երազանքին` անկախ և միացյալ Հայաստանին: Բացի արտաքին ուժերից ներքին երկու մեծակշիռ պատճառ եմ տեսնում` ազգային մտածելակերպ և կրոն: Մենք կրավորական մահեր շատ ենք տվել, իսկ դա հարիր չէ մեր ժողովրդին: Մեզ հարիր չէ նաև մի այտը ապտակելուց հետո մյուսը դեմ տալ… Մենք պայքարել ենք միշտ և պետք է շարունակեինք պայքարել` առանց հույսը դնելու Եվրոպայի, Ռուսաստանի կամ այլոց օգնության վրա: Հեթանոս Հայաստանը ծնեց Հայկ, Տիգրան Մեծ, Արտաշես… Ու թեև քրիստոնյա Հայաստանը քիչ հերոսներ չի տվել, բայց նրանց խորթ էին քրիստոնեական համբերատարությունն ու բարոյական սկզբունքներից շատերը: Նրանք կռվում էին, սպանում էին և սպանվում… Այն, ինչ քարոզել է մեր եկեղեցին, հաճախ թուլացրել է մեզ, իսկ այն, ինչ քարոզել է զինվոր-քահանան, հաճախ շա~տ հեռու է եղել ավետարանչական սկզբունքներից: Թեև կորուսյալ պետականության պայմաններում եկեղեցին կարողանում էր իր շուրջը հավաքել բաժան-բաժան եղած ժողովրդին` հավատքի թուլությունը, սակայն, պառակտությունների տեղիք էր տալիս… Իսկ մենք շատ պառակտված ենք եղել… Ահա այն հատկանիշը, որը խանգարել ու խանգարում է մեզ: Ու թեև հայ ժողովուրդը բացառիկ է, նրա պես ժողովուրդներ քիչ են եղել ու քիչ կան, այնուամենայնիվ բազմաթիվ դրական ու առանձնահատուկ գծերի հետ մեկտեղ գոյություն ունեցող այս հատկանիշը կործանար է: Պառակտվելով բազում ժողովուրդներ են անհետացել, սակայն հենց մեզ հատուկ ավանդույթների ու բնավորության գծերի շնորհիվ է, որ մենք կանք այսօր` թեև միասնական չենք… Ժողովրդի ուժն իր միասնության մեջ է: Ժամանակակից աշխարհը մի քանի խոշոր բևեռների քաղաքականության կրողն է, բևեռներ, որոնցից յուրաքանչյուրն իր շահերով է առաջնորդվում: Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են սպառնալ Հայաստանին: Նրանք  հարուստ են,  ունեն բնական ռեսուրսներ և այս կամ այն չափով մասնակցում են համաշխարհային քաղաքականության կերտմանը: Մենք մեր հույսը կրկին կապում ենք Ռուսաստանի և Եվրոպայի որոշ երկրների հետ, բայց եկե’ք կանգ առնենք…
Իսկ ինչ է կատարվում մեր երկրի ներսում… Երկիրը բաժանված է մի քանի ճամբարների, որոնք պայքարում են իրար դեմ: Ինչու: Միթե պառակտված ժողովրդով երկիրը հարևան երկրներից կարող է պահանջել հարգել իրեն: Միթե մի ժողովուրդ, որտեղ երրորդ դասարանի երեխան ՙերկիրը երկիր չի՚ ասելով ման է գալիս և երազում Միացյալ Նահանգների մասին, և ում ծնողները գնահատականը գնում են, որպեսզի հարևանի մոտ պարծենան իրենց երեխայով, կարող է զարգացում և բարգավաճում ակնկալել… Չեմ կարծում… Իսկ դուք… Այսօրվա մարտահրավերը մենք ինքներս մեզ ենք նետում: Համախմբվելու և արտաքին թշնամու դեմ միասնական պայքար մղելու փոխարեն` մենք ավելի ենք խորացնում երկրում տիրող ճգնաժամը, սպանում իրար, նախանձում… Այնտեղ, ուր չկա միասնականություն, չի կարող լինել կայացած պետություն, և ուր մնաց` ժողովրդավարություն: Մենք պիտի սովորենք հարգել մեր երկիրը, ներել նրան, ուղղել սխալները և ոչ թե քարկոծել ու խորացնել դրանք: Մենք պետք է սովորեցնենք մեր երեխաներին, որ աշխարհի ամենահարազատ անկյունը Հայրենիքն է և այն շենացնել է պետք, ոչ թե աղտոտել, փնովել, թողնել ու հեռանալ: Երկիրն անշունչ է… Շնչավոր է ժողովուրդը, որն ապրում է այդ երկրում` հարազատ հողի վրա, իսկ մենք դարեր ի վեր ենք ապրել այդ հողի վրա` չնայած այսօր մերն է նրա մի կտորը միայն: Մենք պիտի սովորենք ընդունել այն, ինչը մերն է, հոսում է մեր երակներում, եկել է դարերի խորքից… Հայը մնում է հայ` նույն հյուրասեր, խելացի, ընդունակ, աշխատասեր, ծնողասեր ու որդիապաշտ, գլուխգովան, բողոքող, բռնկուն ու իմաստուն… Սա է մերը… Ու ես սիրում եմ սա, քանի որ սա իմն է… Միայն պետական, ազգային մտածելակերպն ու միասնականությունն են պակասում… Մենք անընդհատ գոչում ենք Տիգրան Մեծ, Նարեկացի, Նժդեհ, բայց մոռանում ենք, որ նախ և առաջ պետք է արժանանալ նրանց ժառանգությունը կրողները լինելուն… Նախ պետք է ինքներս մեզ հաղթենք, ընդունենք մեզ այնպիսին, ինչպիսին կանք, միավորվենք և նոր պայքարենք արտաքին ուժերի դեմ…
 Մենք պիտի ստիպենք հարգել մեզ, քանի որ կրավորական մահեր չպիտի տեսնի մեր Հայաստանը, չպիտի տեսնի նենգություն, դավաճանություն, տմարդություն… Այո’, մենք գոյատևել ենք, բայց այսօր մեզ հնարավորություն է տրված ոչ միայն գոյայտևելու, այլև ապրելու, ստեղծագործելու, գործունեություն ծավալելու մեր սեփական պետության մեջ ու նաև ապրելու նրա համար` դրա սահմաններից շատ հեռու գտնվելով: Միգուցե ժամանակն է դեն նետել անցյալի լացակումած հիշատակարանները, ներել մեր նախնիների և Հայաստանի երիտասարդ հանրապետության սխալները և կերտել նոր, միասնական, անկախ և ուժեղ Հայաստանի պատմությունը…
Այսպիսով`
• ով ենք մենք` մենք հայ ենք` հեթանոս հոգով քրիստոնյա ժողովուրդ` մեծն Հայկի ժառանգները;
• որտեղից ենք գալիս` գալիս ենք երեկվանից և քայլում ենք այսօր;
• ուր ենք գնում` մինչև համախմբված չտեսնեմ ժողովրդիս, դժվար թե կարողանամ տալ այս հարցի պատասխանը…

No comments:

Post a Comment