Ով ենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում… Մեր մեծ պատմահոր հիրավի նշանակալից հարցի պատասխանը գտնելով միայն կարող ենք պատկերացում կազմել հինավուրց մի ժողովրդի մասին, որի ուղին անցել է պատմական վայրիվերո ճանապարհներով: Մենք աշխարհի թերևս ամենահին ժողովուրդներից մեկն ենք, բայց դրա հետ մեկտեղ մեր պետությունը` Հայաստանի անկախ հանրապետությունը, ընդամենը քսան տարեկան է: Սակայն հարկ է նշել, որ հայերիս պես դարերի խորքից եկած բազմաթիվ ազգեր անհետացել են: Որն է մեր ազգի գոյության պահպանման գրավականը: Եվ դրա հետ մեկտեղ ինչից է, որ այդքան փոթորիկների միջից հաղթականորեն դուրս եկած ազգը ցրված է ամբողջ աշխարհով, իսկ նրա պետությունը տարածված է երեսուն հազար կմ քառակուսի տարածքի վրա: Պատասխանները պետք է փնտրել մեր մեջ` մեր ազգային մտածելակերպի, ավանդույթների և առանձնահատկությունների:
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում մենք ունեցել ենք տարբեր հզորության և տարբեր մշակույթներ կրող հարևաններ, որոնք իրենց ազդեցությունն են թողել մեր պատմության ընթացքի և մշակույթի վրա: Հայերս հարմարվելու հատկություն ունենք: Մենք հարմարվում էինք ստեղծված սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքին և զարգացման ուղիներ փնտրում, կառուցում մերը: Մենք տարբեր մշակույթներից վերցնում էինք այն, ինչ պետք էր և հարստացնում մեր մշակույթը: Հենց այս հատկանիշն է, որ մեզ օգնել է գոյատևել, չմնալ դարերի արանքում և երբեք չհնանալ: Դրա հետ մեկտեղ մենք միշտ կարողացել ենք պահպանել ազգային մեր դիմագիծը և տարբերվել, չձուլվել մյուսներին: Մենք առաջինն էինք, որ ընդոունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հռոմը ևս ընդունեց այն: Սակայն զուր էին նրա ջանքերը հայ ժողովրդին ձուլել և ենթարկեցնել միևնույն հավատքի միջոցով: Մենք կառուցեցինք մեր սեփական` միաբնակ առաքելական եկեղեցին և քայլեցինք առաջ: Թուրք-պարսկական տիրապետության շրջանում մեր ողբը թեև սկսեց ՙբայաթի՚ կոչվել, բայց այն հայի արցունքներով էր լալիս և հայի ցավով էր ցավում: Ռուսական տիրապետության շրջանում մենք սկսեցինք օրհնել ռուսին և ՙայն օրը, երբ ռուսը ոտք դրեց մեր հողերին՚: Սակայն սասունցին, մշեցին, զեյթունցին և ղարաբաղցին ցած չդրին զենքերը և շարունակեցին պայքարել օտար զավթիչների դեմ` հասկանալով, որ ռուսը նաև օտար է, կարող է և դավաճանել, և հույսը դրեցին միայն սեփական քաջության վրա… Բայց ինչ-որ բան մեզ խանգարում էր և թույլ չէր տալիս հասնել մեր մեծագույն երազանքին` անկախ և միացյալ Հայաստանին: Բացի արտաքին ուժերից ներքին երկու մեծակշիռ պատճառ եմ տեսնում` ազգային մտածելակերպ և կրոն: Մենք կրավորական մահեր շատ ենք տվել, իսկ դա հարիր չէ մեր ժողովրդին: Մեզ հարիր չէ նաև մի այտը ապտակելուց հետո մյուսը դեմ տալ… Մենք պայքարել ենք միշտ և պետք է շարունակեինք պայքարել` առանց հույսը դնելու Եվրոպայի, Ռուսաստանի կամ այլոց օգնության վրա: Հեթանոս Հայաստանը ծնեց Հայկ, Տիգրան Մեծ, Արտաշես… Ու թեև քրիստոնյա Հայաստանը քիչ հերոսներ չի տվել, բայց նրանց խորթ էին քրիստոնեական համբերատարությունն ու բարոյական սկզբունքներից շատերը: Նրանք կռվում էին, սպանում էին և սպանվում… Այն, ինչ քարոզել է մեր եկեղեցին, հաճախ թուլացրել է մեզ, իսկ այն, ինչ քարոզել է զինվոր-քահանան, հաճախ շա~տ հեռու է եղել ավետարանչական սկզբունքներից: Թեև կորուսյալ պետականության պայմաններում եկեղեցին կարողանում էր իր շուրջը հավաքել բաժան-բաժան եղած ժողովրդին` հավատքի թուլությունը, սակայն, պառակտությունների տեղիք էր տալիս… Իսկ մենք շատ պառակտված ենք եղել… Ահա այն հատկանիշը, որը խանգարել ու խանգարում է մեզ: Ու թեև հայ ժողովուրդը բացառիկ է, նրա պես ժողովուրդներ քիչ են եղել ու քիչ կան, այնուամենայնիվ բազմաթիվ դրական ու առանձնահատուկ գծերի հետ մեկտեղ գոյություն ունեցող այս հատկանիշը կործանար է: Պառակտվելով բազում ժողովուրդներ են անհետացել, սակայն հենց մեզ հատուկ ավանդույթների ու բնավորության գծերի շնորհիվ է, որ մենք կանք այսօր` թեև միասնական չենք… Ժողովրդի ուժն իր միասնության մեջ է: Ժամանակակից աշխարհը մի քանի խոշոր բևեռների քաղաքականության կրողն է, բևեռներ, որոնցից յուրաքանչյուրն իր շահերով է առաջնորդվում: Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են սպառնալ Հայաստանին: Նրանք հարուստ են, ունեն բնական ռեսուրսներ և այս կամ այն չափով մասնակցում են համաշխարհային քաղաքականության կերտմանը: Մենք մեր հույսը կրկին կապում ենք Ռուսաստանի և Եվրոպայի որոշ երկրների հետ, բայց եկե’ք կանգ առնենք…
Իսկ ինչ է կատարվում մեր երկրի ներսում… Երկիրը բաժանված է մի քանի ճամբարների, որոնք պայքարում են իրար դեմ: Ինչու: Միթե պառակտված ժողովրդով երկիրը հարևան երկրներից կարող է պահանջել հարգել իրեն: Միթե մի ժողովուրդ, որտեղ երրորդ դասարանի երեխան ՙերկիրը երկիր չի՚ ասելով ման է գալիս և երազում Միացյալ Նահանգների մասին, և ում ծնողները գնահատականը գնում են, որպեսզի հարևանի մոտ պարծենան իրենց երեխայով, կարող է զարգացում և բարգավաճում ակնկալել… Չեմ կարծում… Իսկ դուք… Այսօրվա մարտահրավերը մենք ինքներս մեզ ենք նետում: Համախմբվելու և արտաքին թշնամու դեմ միասնական պայքար մղելու փոխարեն` մենք ավելի ենք խորացնում երկրում տիրող ճգնաժամը, սպանում իրար, նախանձում… Այնտեղ, ուր չկա միասնականություն, չի կարող լինել կայացած պետություն, և ուր մնաց` ժողովրդավարություն: Մենք պիտի սովորենք հարգել մեր երկիրը, ներել նրան, ուղղել սխալները և ոչ թե քարկոծել ու խորացնել դրանք: Մենք պետք է սովորեցնենք մեր երեխաներին, որ աշխարհի ամենահարազատ անկյունը Հայրենիքն է և այն շենացնել է պետք, ոչ թե աղտոտել, փնովել, թողնել ու հեռանալ: Երկիրն անշունչ է… Շնչավոր է ժողովուրդը, որն ապրում է այդ երկրում` հարազատ հողի վրա, իսկ մենք դարեր ի վեր ենք ապրել այդ հողի վրա` չնայած այսօր մերն է նրա մի կտորը միայն: Մենք պիտի սովորենք ընդունել այն, ինչը մերն է, հոսում է մեր երակներում, եկել է դարերի խորքից… Հայը մնում է հայ` նույն հյուրասեր, խելացի, ընդունակ, աշխատասեր, ծնողասեր ու որդիապաշտ, գլուխգովան, բողոքող, բռնկուն ու իմաստուն… Սա է մերը… Ու ես սիրում եմ սա, քանի որ սա իմն է… Միայն պետական, ազգային մտածելակերպն ու միասնականությունն են պակասում… Մենք անընդհատ գոչում ենք Տիգրան Մեծ, Նարեկացի, Նժդեհ, բայց մոռանում ենք, որ նախ և առաջ պետք է արժանանալ նրանց ժառանգությունը կրողները լինելուն… Նախ պետք է ինքներս մեզ հաղթենք, ընդունենք մեզ այնպիսին, ինչպիսին կանք, միավորվենք և նոր պայքարենք արտաքին ուժերի դեմ…

Այսպիսով`
• ով ենք մենք` մենք հայ ենք` հեթանոս հոգով քրիստոնյա ժողովուրդ` մեծն Հայկի ժառանգները;
• որտեղից ենք գալիս` գալիս ենք երեկվանից և քայլում ենք այսօր;
• ուր ենք գնում` մինչև համախմբված չտեսնեմ ժողովրդիս, դժվար թե կարողանամ տալ այս հարցի պատասխանը…