Showing posts with label Մենթալիտետ. Show all posts
Showing posts with label Մենթալիտետ. Show all posts

Tuesday, April 16, 2013

Ապրե՛ք, մարդի՛կ

   Երբեմն պարզապես ցանկանում ես կանգնեցնել ամեն ինչ ու մի պահ շունչ քաշել. ամեն ինչ այնքան արագ ու աննկատ է հոսում, որ ժամանակ առ ժամանակ ակնթարթը կանգնեցնելու և ամենը վերաիմաստավորելու, գնահատելու կարիք ես զգում:
   Մենք բոլորս անընդհատ շտապում ենք, անընդհատ ինչ-որ խնդիրներ ենք ստեղծում, որոնք հետագայում փորձում ենք լուծել ու լուծելու դեպքում մեզ ամենազոր ենք զգում: Մենք բարդացնում ու խորություն ենք տալիս ամենամակերեսային ու պարզ երևույթներին՝ ամենադյուրին հարցին տալով խրթին պատասխաններ: Մենք սահմաններ, նորմեր, ձևականություններ ենք գծում, որոնց դեմ հետո պայքարում ենք մի ամբողջ կյանք: Եվ սրանով հանդերձ մենք մեղադրում ենք կյանքին ու ամեն կերպ փորձում արդարացնել ինքներս մեզ...
  Իսկ դուք գիտե՞ք, որ սեփական անձի անզորությունն ու թուլամորթությունը արդարացնելու լավագույն ձևը խեղճությունն է: Դու ինքդ քեզ հռչակում ես անկարող, թույլ, տկար ու հրաժարվում ես ապրել. այսինքն՝ կյանքից վերցնել կյանք, մշակել այն, լցնել երազանքներով, նպատակներով, բարությամբ ու ապրել այն: Դու ինքդ քեզ համեմատում ես քեզնից ավելի թույլի ու խեղճի հետ և բավարարվում ու բավականանում այդպիսով:
  Իսկ նրանք, ովքեր խեղճ չեն, կյանքի մարաթոնում իրենց վազորդ են դարձնում: Նրանք ասես մրցեն, թե ով ավելի շուտ կհասնի եզրագծին: Բայց ամեն դեպքում եզրագծին հասնելով մնում է լոկ անուն, ծննդյան ու մարաթոնի ավարտի ամսաթիվ: Դուք վազում եք ու անգամ չեք էլ նկատում, որ իրականում կյանքից եք այդպես շնչակտուր փախչում: Իսկ նա չի սիրում վազել մարդկանց հետևից: Նա սիրում է իրեն բնորոշ մի փոքր արագ, բայց անսահման թեթև ու հեզ քայլքով, զրուցելով անցնել իր ճանապարհը՝ փորձելով զրուցակցին ցույց տալ, թե որքա՜ն հրաշքներ կան կյանքում և որքա՜ն շատ է նա աշխատել, որ ծաղիկներն ապրելու ընթացքում իրենց բուրմունքով ու գույներով զարդարեն մյուս արարածների գոյը: Նա փորձում է պատմել այն մասին, թե ինչքա՜ն ջանք պահանջվեց իրեն, որ հերթով հատիկ-հատիկ վառի աստղերը ու հետո էլ մանրակրկտորեն փայլեցնի դրանք, որ պայծառ լինեն ու իրենց վրայից մարդկանց վրա միայն երազանքների փոշի նստեցնեն: Երբեմն նրա զրուցակիցը կարող է սայթաքել ճանապարհին, բայց երբ կյանքը տեսնում է, որ իր ուղեկիցը լի է վճռականությամբ բարձրանալու, նա անպայման ձեռք է մեկնում: Նա չի սիրում միայնակ ջանքեր գործադրել. նա համատեղ է աշխատում:
  Մարդիկ իրենք իրենց համար վանդակներ են կառուցել ու փակվել են մեջը՝ երազելով ազատության մասին... Հմ... Ազատությու՜ն... Մարդիկ միշտ էլ խուսափել են նրանից, քանի որ միայն ուժեղ և հուժկու կամքով մարդը կարող է ազատ լինել: Ազատ կարող է լինել կյանքի հետ համընթաց քայլողը, բայց ոչ երբեք խեղճն ու վազորդը: Նրանք միշտ էլ փախչելու են ազատությունից՝ առաջինը պատճառաբանելով դա իր անկարողությամբ, իսկ մյուսը՝ խիստ զբաղված լինելով ու երբեք չդադարող վազքով: Այն հասարակությունը, որում ես ապրում եմ, լի է այս մարդկանցով: Շա՜տ մեծ է այն վանդակը, որի մեջ կաղապարվել ենք մենք... Իսկ նրանց, ովքեր դուրս են մնացել վանդակից, շղթայել ենք դրա ձողերից՝ մասամբ ազատության մեջ թողնելով:
 Այն կարծրատիպերը ու <<յոլա>> մտածելակերպը, որ գերիշխում են իմ հասարակության մեջ, մարդկանց դարձնում են վերոնշյալ երկու տեսակ մարդկանցից: Իսկ նրանք անընդհատ ազատություն են գոռում՝ առանց պատկերացնելու, որ ազատությունը նախևառաջ պատասխանատվություն է: Դու պիտի վեր կենաս, երբ սայթաքես, դու պիտի ինքնուրույն տեսնես այն հրաշքները, որ կյանքը սփռել է ամեն սանտիմետրի վրա: Դու պիտի ապրես ու պայքարես, դու պիտի կարողանաս երազել ու իրագործել դրանք, դու պիտի տարբերես բարդ ու պարզ խնդիրները և դրանց կարողանաս նայել մանկան աչքերով...
   Այո՛, կյանքն իրոք շատ արագ է քայլում: Եվ այդ իսկ պատճառով հարկ է թույլ տալ, որ ամենքն իրենց կյանքով ապրեն, որ ամենքը լինեն այն, ինչ որ են, և ոչ այն, ինչ ուզում ենք մենք: Հանճարները երբեք ամբոխից դուրս չեն գալիս. նրանք միշտ էլ դրանից վեր են կանգնած և սերում են խորհրդավորությունից, յուրօրինակ են, ըմբոստ, այլ են: Ամբոխը կուլ է տալիս անհատին՝ գցելով նրան իր վազքի մեջ և կամա-ակամա հասցնելով մինչ եզրագիծն այնպես, որ ինքն էլ չի զգում, թե ինչպես հասավ: Մեզ հաճախ են ասում, թե ինչպիսին է պետք լինել, թե որն է հանճարեղ փիլիսոփաների կողմից անգամ չբացահայտված ճիշտը, և որն է սխալը: Բայց չէ՞ որ ընդամենը մի կյանք ենք ապրում և յուրաքանչյուրիս երջանկության բաղադրատոմսը տարբերվում է այլոց բաղադրատոմսերից:
   Է՜հ, ասելիքս շատ է, զգացածս՝ անսահման... Այստեղ՝ տողերի, բառերի արանքում այնքա՜ն իմաստ ու բովանդակություն կա, որ եթե բացենք դրանք, կարելի կլինի մի ողջ աշխատություն գրել... Ուստի կեզրափակեմ մտքերիս այս խենթ ու անսանձ պոռթկումը մի նախադասությամբ՝ ԱՊՐԵ՛Ք, ՄԱՐԴԻ՛Կ, ԿՅԱՆՔԸ ՄԵՐ ՓՈՔՐԻԿ ԱՐՁԱԿՈՒՐԴՆ Է ՄԱՀԻՑ, ՎԱՅԵԼԵ՛Ք ԱՅՆ...

Sunday, July 29, 2012

Երկու գիշեր...

   Եվրոպա... Քաղաքակրթության այս օրրանը շատերին է ձգում: Սակայն ինձ ընդամենը երկու գիշեր էր տրված`  շնչելու նրան: Ինձ վիճակված էր այդ երկու գիշերները անցկացնել Փարիզում և Հռոմում, իսկ կեսօրներին նայել արագընթաց ինքնաթիռի պատուհանից և փորձել մտապահել ճանապարհին ընկած ամեն ինչ. Լեոնը, Միլանը, Ֆլորենցիան, խաղողի տարածված դաշտերը, վերևից այնքան փոքր թվացող հուշակոթողները, ժապավենի նման գալարվող կանաչ ժայռերը, բարակ փողոցներով սարդոստայնները և այլն... Երկու անգամ փոխելով ինքնաթիռը` իջա Փարիզի շրջակայքում գտնվող օդանավակայանում: Ուղեբեռ: Փաստաթղթեր: Տաքսի: Փարիզ: Երեկո էր...
  


   Ֆրանսիա... Որքան էլ չքնաղ լինի ողջ Ֆրանսիան, Փարիզն առանձնահատուկ հմայք ունի: Այն ձգում է, չքնաղ սիրենի նման սիրահարեցնում իրեն` այդ սերն այլևս երբեք չջնջելու սկզբունքով: Տաքսին դանդաղ էր վարում: Վարորդը հասցրեց ինձ նշածս վայրը: Խճապատ նեղլիկ փողոց էր` ցածրահարկ տներով: Հյուրանոցս շքեղ չէր. երկհարկանի սպիտակ շենք, բարի և ժպտերես հաստլիկ կառավարչով, ով ինքն էր ընդունում հյուրերին: Շքեղ հյուրանոց ինձ պետք էլ չէր. ընդամենը մի գիշեր, որն ավելի շատ պիտի դրսում անցկացնեի: Թողեցի փոքրիկ ճամպրուկս, ցնցուղ ընդունեցի և դուրս եկա: Կառավարիչն ինձ քարտեզ տվեց և կոտրտված անգլերենով բարի ժամանաց մաղթեց և ցույց տվեց ամենաանվտանգ փողոցները: Դուրս եկա: Ամենուրեք մարդիկ էին` չնայած արդեն ժամը տասնմեկն էր: Իմ առջև ժպտերես մարդիկ էին, ովքեր ապրում էին իրենց կյանքով, և նրանց բնավ չէր հետաքրքում, թե ինչ է հագիս կամ ինչ հեռախոս է ձեռքիս: Նրանք ապրում էին և ուրախանում ամեն րոպեի համար: Ես ինձ ազատ էի զգում: Ես էլ մի անհատ էի, ով կարող է երգելով քայլել փողոցում, պարել հրապարակում հնչող երաժշտության ներքո և չարժանանալ այնպիսի հայացքների, ասես դու խենթ ես: Հաճախ հիմարների ամբոխի մեջ իմաստունը համարվում է խելագար և դուրս մղվում հասարակությունից, քանի որ նա բոլորի նման չէ: Շրջելով Փարիզում ես հասկացա, թե ինչու է Փարիզը նորաձևության մայրաքաղաք համարվում, և ինչու են ասում, որ ֆրանսուհիները ամենագեղեցիկն են. փողոցում ես տեսնում էի իրարից տարբերվող անհատների, ովքեր կրում էին այն, ինչ իրենց սազում է, առավելապես բնական էին և կանացի: Տեսա բազմաթիվ կոթողներ, մեծ ու շքեղ շենքեր, Նոտր Դամի տաճարը, Սենատի շենքը, Կյուրիների անվան համալսարանը և այլն... 
   Մի գիշերը չափազանց քիչ էր ամբողջ Փարիզը վայելելու համար, բայց հենց այդպիսի ժամադրություն էր կազմակերպել ճակատագիրն ինձ համար, և այդ ժամադրությանը վիճակված էր երբեք չջնջվել իմ հիշողություններից և սրտից: Թեև չհասցրի ամենը տեսնել` այն զգացողությունը, որ ապրեցի առավոտյան, արժեր ամեն ինչ: Գիշերն  ընդամենը երկու ժամ էի քնել: Կեսօրին պիտի օդանավակայանում լինեի: Շնորհակալություն հայտնեցի հյուրանոցի կառավարչին, ով սիրալիորեն ինձ նորից հրավիրեց իրենց մոտ, բայց այս անգամ` երկար ժամանակով: Փոքրիկ սև ճամպրուկս հետևիցս գլորելով` որոշեցի այդ նեղլիկ փողոցի վրայի սրճարաններից մեկում սուրճ խմել` անքուն գիշերվանից հետո սթափվելու համար: Առավոտյան ժամը յոթը կլիներ, սակայն Փարիզն ասես երբեք չի քնում և չի կորցնում իր առույգությունը. պարզապես գիշերային հերոսներն ու խենթերը փոխարինվում են արևի հետ արթնացող հերոսներով, ովքեր շտապում են աշխարհին <<բարի լու~յս>> գոչել...
   Մինչ սպասում էի էսպրեսսոյիս և հանրահայտ ֆրանսիական կրուասաններին, ուսումնասիրում էի շուրջս: Ամեն ինչ համեստ էր, բնական, բայց այնքա~ն գեղեցիկ: Տների պատուհանագոգերին դեռևս քնած էին բազմագույն ծաղիները: Ժամանակ առ ժամանակ տարբեր տարիքի հեծանվորդներ էին անցնում նեղ փողոցով: Ամբողջ փողոցում տարածվել էին ծաղիկների, թարմ կրուասանների և սուրճի բույրերը:
  Երկաթյա ոտքերի վրա կանգնած սեղաններն իրենց մերկությունը ծածկել էին սպիտակ սփռոցներով, որոնց վրա գեղեցիկ զարդերի նման փայլում էին թարմ ծաղիկները: Կողքիս սեղանի մոտ <<փոքրիկ սև զգեստով>> միջին տարիքի սևահեր կին էր նստած: Ոտքը ոտքին էր գցած, և վերինը անհոգ ճոճվում էր: Մազերը հավաքված էին փոքրիկ փնջով: Արիստոկրատ սփրթնած դեմքին շողում էր կարմիր շուրթերի հմայիչ ժպիտը: Պարանոցը բոլորված էր սև մարգարտի վզնոցով: Բարակ մատները փաթաթվում էին ճերմակ բաժակի բռնակին, իսկ կրակոտ շուրթերը իրենց կարմիր հետքն էին թողնում բաժակի անմեղ սպիտակության վրա: Այդ պարզությունը, որի մեջ այդքան կիրք կար, շատ ավելի կանացի ու գրավիչ էր, քան մեր փողոցներում անընդհատ հանդիպող պճնված դիցուհիները:
   Մյուս սեղանի շուրջ երկու տարեց մարդ էր նստած. սպիտակահեր ամուսիններ էին: Երկուսով առավոտյան թերթի մեջ ինչ-որ հետաքրքիր բան էին գտել և շոկոլադե կրուասան ըմբոշխնելով` բուռն քննարկում էին, ժպտում: Նրանց աչքերում դեռ առկայծում էին երիտասարդ չարաճճիությունը և սերը... Մի փոքր անց նրանք, իրար ձեռք բռնած, գնացին: Իմ գնալու ժամանակն էլ էր: Տաքսի~, փաստաթղթե~ր, ուղեբե~ռ... Սպասի'ր ինձ, Հռո~մ...
      

շարունակելի...

Thursday, May 24, 2012

Ով ենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում…



Ով ենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում… Մեր մեծ պատմահոր հիրավի նշանակալից հարցի պատասխանը գտնելով միայն կարող ենք պատկերացում կազմել հինավուրց մի ժողովրդի մասին, որի ուղին անցել է պատմական վայրիվերո ճանապարհներով: Մենք աշխարհի թերևս ամենահին ժողովուրդներից մեկն ենք, բայց դրա հետ մեկտեղ մեր պետությունը` Հայաստանի անկախ հանրապետությունը, ընդամենը քսան տարեկան է: Սակայն հարկ է նշել, որ հայերիս պես դարերի խորքից եկած բազմաթիվ ազգեր անհետացել են: Որն է մեր ազգի գոյության պահպանման գրավականը: Եվ դրա հետ մեկտեղ ինչից է, որ այդքան փոթորիկների միջից հաղթականորեն դուրս եկած ազգը ցրված է ամբողջ աշխարհով, իսկ նրա պետությունը տարածված է երեսուն հազար կմ քառակուսի տարածքի վրա: Պատասխանները պետք է փնտրել մեր մեջ` մեր ազգային մտածելակերպի, ավանդույթների և առանձնահատկությունների:
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում մենք ունեցել ենք տարբեր հզորության և տարբեր մշակույթներ կրող հարևաններ, որոնք իրենց ազդեցությունն են թողել մեր պատմության ընթացքի և մշակույթի վրա: Հայերս հարմարվելու հատկություն ունենք: Մենք հարմարվում էինք ստեղծված սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքին և զարգացման ուղիներ փնտրում, կառուցում մերը: Մենք տարբեր մշակույթներից վերցնում էինք այն, ինչ պետք էր և հարստացնում մեր մշակույթը: Հենց այս հատկանիշն է, որ մեզ օգնել է գոյատևել, չմնալ դարերի արանքում և երբեք չհնանալ: Դրա հետ մեկտեղ մենք միշտ կարողացել ենք պահպանել ազգային մեր դիմագիծը և տարբերվել, չձուլվել մյուսներին: Մենք առաջինն էինք, որ ընդոունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հռոմը ևս ընդունեց այն: Սակայն զուր էին նրա ջանքերը հայ ժողովրդին ձուլել և ենթարկեցնել միևնույն հավատքի միջոցով: Մենք կառուցեցինք մեր սեփական` միաբնակ առաքելական եկեղեցին և քայլեցինք առաջ: Թուրք-պարսկական տիրապետության շրջանում մեր ողբը թեև սկսեց ՙբայաթի՚ կոչվել, բայց այն հայի արցունքներով էր լալիս և հայի ցավով էր ցավում: Ռուսական տիրապետության շրջանում մենք սկսեցինք օրհնել ռուսին և ՙայն օրը, երբ ռուսը ոտք դրեց մեր հողերին՚: Սակայն սասունցին, մշեցին, զեյթունցին և ղարաբաղցին ցած չդրին զենքերը և շարունակեցին պայքարել օտար զավթիչների դեմ` հասկանալով, որ ռուսը նաև օտար է, կարող է և դավաճանել, և հույսը դրեցին միայն սեփական քաջության վրա… Բայց ինչ-որ բան մեզ խանգարում էր և թույլ չէր տալիս հասնել մեր մեծագույն երազանքին` անկախ և միացյալ Հայաստանին: Բացի արտաքին ուժերից ներքին երկու մեծակշիռ պատճառ եմ տեսնում` ազգային մտածելակերպ և կրոն: Մենք կրավորական մահեր շատ ենք տվել, իսկ դա հարիր չէ մեր ժողովրդին: Մեզ հարիր չէ նաև մի այտը ապտակելուց հետո մյուսը դեմ տալ… Մենք պայքարել ենք միշտ և պետք է շարունակեինք պայքարել` առանց հույսը դնելու Եվրոպայի, Ռուսաստանի կամ այլոց օգնության վրա: Հեթանոս Հայաստանը ծնեց Հայկ, Տիգրան Մեծ, Արտաշես… Ու թեև քրիստոնյա Հայաստանը քիչ հերոսներ չի տվել, բայց նրանց խորթ էին քրիստոնեական համբերատարությունն ու բարոյական սկզբունքներից շատերը: Նրանք կռվում էին, սպանում էին և սպանվում… Այն, ինչ քարոզել է մեր եկեղեցին, հաճախ թուլացրել է մեզ, իսկ այն, ինչ քարոզել է զինվոր-քահանան, հաճախ շա~տ հեռու է եղել ավետարանչական սկզբունքներից: Թեև կորուսյալ պետականության պայմաններում եկեղեցին կարողանում էր իր շուրջը հավաքել բաժան-բաժան եղած ժողովրդին` հավատքի թուլությունը, սակայն, պառակտությունների տեղիք էր տալիս… Իսկ մենք շատ պառակտված ենք եղել… Ահա այն հատկանիշը, որը խանգարել ու խանգարում է մեզ: Ու թեև հայ ժողովուրդը բացառիկ է, նրա պես ժողովուրդներ քիչ են եղել ու քիչ կան, այնուամենայնիվ բազմաթիվ դրական ու առանձնահատուկ գծերի հետ մեկտեղ գոյություն ունեցող այս հատկանիշը կործանար է: Պառակտվելով բազում ժողովուրդներ են անհետացել, սակայն հենց մեզ հատուկ ավանդույթների ու բնավորության գծերի շնորհիվ է, որ մենք կանք այսօր` թեև միասնական չենք… Ժողովրդի ուժն իր միասնության մեջ է: Ժամանակակից աշխարհը մի քանի խոշոր բևեռների քաղաքականության կրողն է, բևեռներ, որոնցից յուրաքանչյուրն իր շահերով է առաջնորդվում: Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են սպառնալ Հայաստանին: Նրանք  հարուստ են,  ունեն բնական ռեսուրսներ և այս կամ այն չափով մասնակցում են համաշխարհային քաղաքականության կերտմանը: Մենք մեր հույսը կրկին կապում ենք Ռուսաստանի և Եվրոպայի որոշ երկրների հետ, բայց եկե’ք կանգ առնենք…
Իսկ ինչ է կատարվում մեր երկրի ներսում… Երկիրը բաժանված է մի քանի ճամբարների, որոնք պայքարում են իրար դեմ: Ինչու: Միթե պառակտված ժողովրդով երկիրը հարևան երկրներից կարող է պահանջել հարգել իրեն: Միթե մի ժողովուրդ, որտեղ երրորդ դասարանի երեխան ՙերկիրը երկիր չի՚ ասելով ման է գալիս և երազում Միացյալ Նահանգների մասին, և ում ծնողները գնահատականը գնում են, որպեսզի հարևանի մոտ պարծենան իրենց երեխայով, կարող է զարգացում և բարգավաճում ակնկալել… Չեմ կարծում… Իսկ դուք… Այսօրվա մարտահրավերը մենք ինքներս մեզ ենք նետում: Համախմբվելու և արտաքին թշնամու դեմ միասնական պայքար մղելու փոխարեն` մենք ավելի ենք խորացնում երկրում տիրող ճգնաժամը, սպանում իրար, նախանձում… Այնտեղ, ուր չկա միասնականություն, չի կարող լինել կայացած պետություն, և ուր մնաց` ժողովրդավարություն: Մենք պիտի սովորենք հարգել մեր երկիրը, ներել նրան, ուղղել սխալները և ոչ թե քարկոծել ու խորացնել դրանք: Մենք պետք է սովորեցնենք մեր երեխաներին, որ աշխարհի ամենահարազատ անկյունը Հայրենիքն է և այն շենացնել է պետք, ոչ թե աղտոտել, փնովել, թողնել ու հեռանալ: Երկիրն անշունչ է… Շնչավոր է ժողովուրդը, որն ապրում է այդ երկրում` հարազատ հողի վրա, իսկ մենք դարեր ի վեր ենք ապրել այդ հողի վրա` չնայած այսօր մերն է նրա մի կտորը միայն: Մենք պիտի սովորենք ընդունել այն, ինչը մերն է, հոսում է մեր երակներում, եկել է դարերի խորքից… Հայը մնում է հայ` նույն հյուրասեր, խելացի, ընդունակ, աշխատասեր, ծնողասեր ու որդիապաշտ, գլուխգովան, բողոքող, բռնկուն ու իմաստուն… Սա է մերը… Ու ես սիրում եմ սա, քանի որ սա իմն է… Միայն պետական, ազգային մտածելակերպն ու միասնականությունն են պակասում… Մենք անընդհատ գոչում ենք Տիգրան Մեծ, Նարեկացի, Նժդեհ, բայց մոռանում ենք, որ նախ և առաջ պետք է արժանանալ նրանց ժառանգությունը կրողները լինելուն… Նախ պետք է ինքներս մեզ հաղթենք, ընդունենք մեզ այնպիսին, ինչպիսին կանք, միավորվենք և նոր պայքարենք արտաքին ուժերի դեմ…
 Մենք պիտի ստիպենք հարգել մեզ, քանի որ կրավորական մահեր չպիտի տեսնի մեր Հայաստանը, չպիտի տեսնի նենգություն, դավաճանություն, տմարդություն… Այո’, մենք գոյատևել ենք, բայց այսօր մեզ հնարավորություն է տրված ոչ միայն գոյայտևելու, այլև ապրելու, ստեղծագործելու, գործունեություն ծավալելու մեր սեփական պետության մեջ ու նաև ապրելու նրա համար` դրա սահմաններից շատ հեռու գտնվելով: Միգուցե ժամանակն է դեն նետել անցյալի լացակումած հիշատակարանները, ներել մեր նախնիների և Հայաստանի երիտասարդ հանրապետության սխալները և կերտել նոր, միասնական, անկախ և ուժեղ Հայաստանի պատմությունը…
Այսպիսով`
• ով ենք մենք` մենք հայ ենք` հեթանոս հոգով քրիստոնյա ժողովուրդ` մեծն Հայկի ժառանգները;
• որտեղից ենք գալիս` գալիս ենք երեկվանից և քայլում ենք այսօր;
• ուր ենք գնում` մինչև համախմբված չտեսնեմ ժողովրդիս, դժվար թե կարողանամ տալ այս հարցի պատասխանը…

Thursday, May 3, 2012

Նրանք պարզապես երջանիկ են...



   Փողոցով քայլում էի և պատահաբար տեսա մի քնքուշ զույգի. թե' արտաքնապես, թե' իրենց բնավորությամբ նրանք այնքա~ն նման էին... Նայում էի նրանց և սիրո բույրը զգում... Նրանք ժպտում էին. աղջիկը գլուխը թեթևակի բարձրացնում էր և նայում տղայի աչքերի մեջ, իսկ տղան նուրբ ժպտում և համբուրում էր նրա ճակատը... Նրանք երջանիկ էին... Շատերը կասեն` ի?նչ է որ. հիմա սիրահարված են, հետո կամուսնանան, երեխաներ կունենան, կսկսեն հասունանալ, մեծանալ և կդառնան առօրյայի մի մասնիկ: Չէ', այդ տիպի զույգերից չէր այս մեկը. նրանց սերն այնկողմնային է, նրա առաջ անզոր են ժամանակն ու տարածությունը: Եվ ես կանգնած եմ նրանց կողքին: Ասես արևի ջերմությունը ծորա վրաս: Լսում եմ նրանց խոսակցությունը. որքա~ն ջերմություն և հարազատություն կա նրանց յուրաքանչյուր բառի մեջ...
   Շատերն են նման սեր ուզում: Բայց այստեղ է, որ առաջանում է մի մե~ծ ԲԱՅՑ... Նրանք պայքարել են իրենց երջանկության համար, նրանք հաղթահարել են այն ամենը, ինչը կարող էր ընդհատել նրանց սերը: Նրանք հիմա գիտեն, որ հարաբերությունների ամրության հիմքում հանդուրժողականությունը, անկեղծությունը և ներողամտությունն են ընկած: Նրանք գիտեն, որ դժվարին պահերին հենց նրանք պիտի միմյանց աջակցության ձեռք մեկնեն, որ պետք է համբերեն, այլ ոչ թե թողեն մենակ խնդիրների հետ ու գնան <<նոր սեր>> փնտրելու: Նրանք երջանիկ են... Ու նրանք արժանացել են այդ մեծագույն պարգևին... Սերը չի պահանջում, ոչ, այն տալիս է... Այն տալիս է ջերմություն, ուշադրություն, քնքշանք, կիրք, հոգատարություն, աջակցություն, ապագա, երազանքներ, իրական հեքիաթ, բայց նա չի պահանջում և ուզածը չստանալու դեպքում` հեռանում... 
   Սիրե'ք, բարեկամնե'րս, ու եղե'ք սիրված, չէ? որ աշխարհում ավելի մեծ բերկրանք գոյություն չունի... Չէ? որ սիրելի մարդու հետ ընտանիք ստեղծելուց, նրա փոքրիկ տեսակին ձեռքերի մեջ ամուր գրկելուց, ամեն առավոտ արևի շողերի հետ նրա աչքերը համբուրելուց ավելի մեծ երջանկություն չկա... Սիրե'ք, բայց ՃԻ'ՇՏ սիրեք... Մի' մոռացեք, որ սերն առանց ներելու, հասկանալու և զիջումների չի կարող ապրել, ինչպես մարդն առանց ջրի միայն մի քանի օր կարող է ապրել... Սիրե'ք ու մի' մոռացեք ասել նրան, թե որքան պետք է նա ձեզ, թե որքան թանկ է ձեզ համար... 
   ...Իսկ նրանք պարզապես երջանիկ են... Նրանք պարզապես սիրում են իրար...

Tuesday, February 7, 2012

Ժպտա', բարեկա'մս, ժպտա'

SMILE!!! :) Ի?նչ դժվար բան կա դրանում... Տե'ս` բարձրացնում ես շուրթիդ մի անկյունը, ապա մյուսը, և ծնվում է ժպի~տ: Դե~, ինչու? ես տխուր: Հապա ի'նձ լսիր. նայի'ր շուրջ: Ի?նչ ես տեսնում: Դու ցույց ես տալիս ամպամած երկինքը, չորացած ծառերը, մտախոհ մարդկանց... Է'հ, բարեկա'մս, ուշադիր չես նայում: Նայի'ր այն անուշիկ բալիկին, ինչպես է մայրիկի թևն ամուր գրկած քայլում և ժպտում ամեն անցորդի, նայի'ր այս մերկ ծառին, որի վրա կամաց-կամաց բողբոջներ են ծնվում, նայի'ր հեռու~ հեռվում ամպերի միջից երևացող լույսի շողին. նա հաղթել է ամպերին: Նայի'ր այն հաշմանդամ մարդուն, որ ժպտում է  և ոգևորված ինչ-որ բան է պատմում իր ընկերոջը: Նայի'ր այն փոքրիկ ցողունին, որ ասֆալտի միջից է դուրս եկել, նայի'ր սիրահար այս զույգերին...  Նայի'ր ու ժպտա, չէ? որ այս գորշ ամբոխի միջից գեթ մեկը քո ժպիտի կարիքն ունի: Այս կյանքը շատ կարճ է այն տխուր անց կացնելու համար: Կնճիռնե?ր կառաջանան: Աստվա'ծ իմ, բարեկա'մս, մի' ծիծաղեցրու ինձ: Ծերության տարիներին դեմքիս մի  բան կուզեմ ունենալ` երջանկության կնճիռներ: Լորդ Հենրին այնքան ճիշտ խոսք ուներ. երբ մարդը մտախոհ է դառնում, նա տգեղանում է. մեծանում է նրա քիթը, ճակատի վրա փոսեր են հայտնվում, մեջքը ծռվում է և այլն և այլն: Իմ կյանքի մայրամուտին ես կուզեմ, որ իմ թոռնիկները նայեն ինձ և ասեն` տատիկն առանց բերանի ձևը փոխելու էլ ասես ժպտալիս լինի: Ժպտա', բարեկա'մս, ագահություն մի' արա: Տուր աշխարհին քո ժպիտը, և նա քեզ շնորհակալություն կասի: Դու ասում ես, որ քեզ վիրավորանք են հասցրել: Ուրեմն լսի'ր ինձ: Կա մի ավանդազրույց.
 Մի օր աշակերտը գալիս և ասում է իր ուսւոցչին.
  - Ուսուցի'չ, դու այնքան հանգիստ ես: Դու ոչ ոքից չես վիարավորվում, ոչ ոքի հետ չես վիճում: Ասա' ինձ, ինչպե?ս ես էլ քեզ պես դառնամ:
  - Մի տոպրակ վերցրու' և մի'շտ քեզ մոտ պահիր: Ամեն անգամ, երբ մեկի վրա բարկանաս, վիրավորես կամ վիրավորվես, մեկ կարտոֆիլ գցիր տոպրակիդ մեջ:
   Անցան ամիսներ: Աշակերտի տոպրակը լիքն էր: Իսկ այն կարտոֆիլները, որոնք նա ամենասկզբում էր գցել տոպրակի մեջ, սկսել էին փտել և զզվելի հոտ արձակել: Աշակերտը եկավ ուսուցչի մոտ:
   - Ուսուցի'չ, ես այսպես այլևս չեմ կարող, ինձ ուրի'շ ձև ասա. տոպրակն արդեն շատ ծանր է, իսկ այն կրելը ոչ միայն բարդ է, այլև տհաճ:
   - Այդպես է նաև քո հոգին: Ամեն անգամ, երբ դու բարկանում ես և վիրավորանքն ու չարությունը պահում ներսումդ, դրանք կուտակվում են: Հներն սկսում են փտել և թունավորել հոգիդ, ծանրացնել այն: Դե'ն նետիր այդ աղբը քո հոգուց այնպես, ինչպես այ տոպրակը հիմա կնետես:
  Տեսնու?մ ես: Ժպտա', բարեկա'մս, ժպտա', քանի դեռ շնչում ես: Ամեն պահ նվեր է քեզ, և այդ նվերը ժպիտով պիտի ընդունես: Ժպտա' ու հավատա', որ ամեն ինչ լավ է լինելու: Ժպտա' ու ուրի'շ տեսանկյունից կտեսնես աշխարհը, կտեսնես ծիածանի բոլոր գույները, կլսես անգամ ամենատխուր անձրևի դյութիչ երգն ու ժպիտով կընդունես այն...


   Ժպտա', բարեկա'մս, ժպտա~

Tuesday, January 24, 2012

Սեռական դաստիարակության մասին

  Խոհերից ու մտքերից, պատանեկան ոտանավորներից անցնենք շատ ավելի լուրջ թեմաների... Ցանկանում եմ խոսել մեր հայկական ավանդական մտածելակերպի ու մեր կյանքի վրա դրա ազդեցության մասին: Ժամանակ առ ժամանակ պետք է պարզ խոսել...
Երեխաներին հարկավոր է
սովորեցնել ճիշտը  
    Երբեմն լսում եմ տասներկու-տասներեք տարեկան երեխաների, ովքեր արդեն հասցրել են սիրել, սիրվել, հիասթափվել սիրուց, մի քանի ընկեր-ընկերուհի փոխել... Լսել եմ նույն տարիքի երեխաների մասին, ովքեր բնավ էլ երեխաներ չեն այդուհետ....Եվ ոչ միայն լսել եմ, ցավոք սրտի... Ինչևէ... Երեխաներն այսօր շատ քիչ են երեխա մնում և շտապում են մեծանալ: Դրան են նպաստում նաև ներկայումս ցուցադրվող բազմաթիվ շարժանկարները և սերիալները, երգերն ու տեսահոլովակները: Իսկ հայ ծնողները, ցավոք, սեռական դաստիարակություն չեն տալիս երեխաներին: Երեխաները չեն վստահում ծնողներին` տեղեկատվության աղբյուր համարելով չաչանակ ու <<ամենագետ>> ընկեր-ընկերուհիներին և էժանագին հեռուստաեթերը: Անշուշտ, այսօր մեր հասարակությունը շատ, թե քիչ առաջադիմել է, բայց, արի ու տես, որ ավանդական մտածելակերպը և կարծրատիպերը խանգարում են մեզ... Ես հիշում եմ, թե ինչպես վեցերորդ դասարանում դպրոցի պատին փակցված մի պոստերի վրա առաջին անգամ կարդացի ՄԻԱՎ/ՁԻԱՀ կոչվող սարսափի մասին... Այնպես էի ամաչում, որ նման բան եմ կարդացել ու երբեք ոչ ոքի մոտ չէի խոսում դրանից... Դրան հետևեց <<Մարդկային մարմին>> գիտահանրամատչելի ֆիլմը, որն առ այսօր նայում եմ և նորանոր բաներ սովորում... Ու հիմա հպարտ եմ, որ անտեղյակ չեմ, չկան հարցականներ, բայց ցավն այն է, որ տեղեկատուն մայրս չէր կամ հայրս, այլ ես էի և ճշգրիտ տեղեկություններ ստանալու իմ անհագ ցանկությունը... Հիմա չեմ հասկանում, թե ինչու էի այդպես կարմրել, երբ անգլերեն-հայերեն բառարանում հանդիպեցի <<սեքս>> բառն ու անմիջապես փակեցի այն... Իսկ այն լոկ սեռ էր թարգմանվում.... Բազմաթիվ մայրեր ու հայրեր իրենց ողջ ուժն ու եռանդն են դնում, որ ճիշտ դաստիարակեն իրենց զավակներին, բայց միշտ մոռանում են սեռական դաստիարակության մասին: Այսօր գրախանութներում կարելի է հանդիպել բազմիպիսի գրքերի այն մասին, թե ինչպես երեխայի հարցերին տալ ճիշտ պատասխաններ... Թեման, գուցե, շատ բաց է, բայց եկե'ք ճիշտը խոսենք. այսօր գյուղերում և շրջաններում ԱԲՈՐՏ կոչվող երևույթը կրկնակի ավելի է, քան մայրաքաղաքում: Ինչու?... Որորվհետև նրանք սեռական դաստիարակություն չունեն... Նրանց երեխաներն էլ չեն ունենա... Ու նորանոր մանկական ճիչեր պարզապես կընդհատվեն... Բազմաթիվ աղջիկներ հոգեբանական ծանր հարված են ստանում առաջին գիշերվանից` երկար ժամանակ զզվելով հակառակ սեռից: Սեռական սխալ դաստիարակության հետևանք են նաև հաճախ նկատվող դավաճանությունները, բաժանումները, սեռական անհամատեղելիությունը, միմյանցից հոգնելը, հոգեկան խնդիրները և այլն:
   Է'հ, հայե'ր, բարեկամնե'րս, ես ինքս էլ մեր մենթալիտետի կրողն եմ ու շատ ծավալվել չեմ ցանկանում: Պարզապես մի բան է պետք հիշել. բազմաթիվ կյանքեր ու հոգիներ կփրկվեին ու կբուժվեին, եթե տիրապետեին ճիշտ ինֆորմացիայի: Մի' ստիպեք ձեր երեխաներին իրենց հարցերի պատասխաննները փնտրել լրիվ անծանոթ շրջապատում, տվե'ք նրան այսօր այնքան անհրաժեշտ սեռական դաստիարակություն, ասե'ք, բացատրե'ք, թե որն է ճիշտը, թե որ դեպքում ինչ է պետք անել: Մի' ստիպեք ձեր երեխաներին ամաչել ու վախենալ ձեզնից: Արտասահմանում նման դասընթացներ են անց կացնում դպրոցում, ու դա շատ ճիշտ է: Ասում են, որ արգելված պտուղը միշտ էլ քաղցր է ու ցանկալի: Ամեն անգամ գոռալով երեխայի անմեղ հարցին ի պատասխան կամ ասելով, որ դա նրա խելքի բանը չէ` դուք ավելի եք նրան հեռացնում ձեզնից ու մոտիկացնում կասկածելի կայքերի ու հեռուստատեսային դաստիարակությանը...
   Ինչևէ... Սիրե'ք ու սիրվե'ք... Ճի'շտ դաստիարակություն տվեք ձեր մանուկներին` թույլ չտալով, որ անօգնական խարխափեն անգիտության մեջ: Չէ? որ մեզ շրջապատող աշխարհն արդեն վաղուց փոխվել է...
            Բարի'ն ընդ ձեզ